«ՍՊԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ»
Ստրատագեմաները նման են աներևույթ դանակների, որոնք թաքնված են մարդկային ուղեղում և փայլատակում են միայն այն ժամանակ, երբ մտադիր ես այն կիրառել: Նա, ով կարողանում է կիրառել ստրատագեմաները, միշտ նախաձեռնությունը կպահի իր ձեռքում:
«Խորամանկություն մարտում` 36 ստրատագեմաներ»
«Ստրատագեմա» տերմինը հին հունական «strategema» բառից է սերում, որը նշանակում է ռազմական գործ ընդհանրապես և ռազմական խորամանկություն` մասնավորապես: Չինարեն սա հնչում է «ճիմոու» և նշանակում է ռազմավարական պլան, որում հակառակորդի համար կա՛մ ինչ-որ թակարդ է թաքնված, կա՛մ` խորամանկություն: Այս բառը չինարեն միաժամանակ նշանակում է և՛ խելամտություն, և՛ հնարամտություն, և՛ դյուրըմբռնողություն, և՛ սրամտություն: Ուստի «ստրատագեմություն» տերմինն իր մեջ ներառում է բազմազան և նույնիսկ հակասական ձգտումների մի ամբողջ փունջ` քողարկում, մոլորության մեջ գցել, գայթակղություն և փախուստ, առավելությունների ստացում, ավարի հափշտակում:
Մտածողության ստրատագեմությունը չինացիներին բնորոշ առանձնահատկությունն է: Այն ծնունդ է առել շատ հին ժամանակներում և կապված է եղել զինվորական և դիվանագիտական պայքարի հնարքների հետ: Ստրատագեմության տեսական մշակման վրա հսկայական ազդեցություն է ունեցել Հին Չինաստանի ռազմական մեծագույն մտածող Սուն Ցզին (Ծըն)` «Ռազմարվեստի մասին» աշխատության հեղինակը: Քաղաքական բանակցություններում որպես կարգախոս կարող են ծառայել նրա հետևյալ խոսքերը. «Նախ եղիր անմեղ աղջկա նման, և հակառակորդն իր դուռը կբացի: Իսկ հետո եղիր ներխուժող սլացող նապաստակի նման, և հակառակորդը չի հասցնի պաշտպանական միջոցներ ձեռնարկել»:
Հետաքրքիրն այն է, որ «36 ստրատագեմաներ. Ռազմարվեստի գաղտնի գիրք» հին չինական կանոնն անանուն է, նրա ծագումն անհայտ է, և որոշակի առումով այն չինական ժողովրդական իմաստության մարմնավորում է: Նույնիսկ այսպիսի չինական ասացվածք կա. «36 հնարքներից առաջինը հեռանալն է», որտեղ «հեռանալու» տակ հասկանում են շրջանցումը՝ որպես ստրատագեմական հնարքներից ամենալավը: Երկար տարիներ այս գիրքը գաղտնի էր պահվում, համարվում էր գաղտնի ռազմավարական ազգային ժառանգություն, և միայն 1941թ. այն պատահաբար հայտնաբերվել է Սիչուան նահանգի Չենդու քաղաքում:
Ստրատագեման նման է ալգորիթմի, որը կազմակերպում է գործողությունների հաջորդականությունը ինչպես ռազմարվեստում, այնպես էլ դիվանագիտության մեջ: Դիվանագիտական ստրատագեմաները խոշոր արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը միտված ծրագրեր են, որոնք հաշվարկված են երկարատև ժամկետի համար և համապատասխանում են ազգային ու պետական շահերին:
Ստրատագեմաների օգնությամբ նաև մարտավարական հարվածներ էին հասցվում: Շատ հայտնի է «Սպանել ուրիշի դանակով» ստրատագեման, որի օգնությամբ հակառակորդի ճամբարում վերացվում էր վտանգավոր մի կերպար:
Ստրատագեմաների կազմման և հաջող իրականացման անհրաժեշտ պայմանները հետևյալներն են. կարողանալ հաշվարկել քայլերը և կանխատեսել դրանց հետևանքները, գիտենալ նրանց հոգեբանական առանձնահատկությունները, որոնց դեմ ուղղված է ծրագիրը, և ստրատագեման իրականացնելու համար ծրագրի հեղինակի համառությունը:
Ներկայացնենք 36 ստրատագեմաները և նրանց մեկնաբանությունները.
1. Խաբել կայսերը, որպեսզի նա լողալով անցնի ծովը:
Նպատակը թաքցնել:
2. Պաշարել Վեյը` Ճաոն փրկելու համար:
Անուղղակի ճնշում թշնամու վրա` սպառնալիք ուղղելով նրա խոցելի տեղերից մեկի վրա: Թույլ տեղին հարված հասցնելու ստրատագեմա:
3. Սպանել ուրիշի դանակով:
Թշնամուն կործանել ուրիշի ձեռքով: Դրածո անձի ստրատագեմա: Անուղղակիորեն վնաս հասցնել` առանց երևալու:
4. Հանգիստ (առանց որևէ բան անելու) սպասել հոգնած թշնամուն: Հակառակորդին ուժասպառ անելու ստրատագեմա:
5. Կողոպտել հրդեհի ժամանակ:
Օգուտ քաղել ուրիշի կարիքից, դժվարություններից, հարձակվել քաոսային վիճակի հասցված հակառակորդի վրա:
6. Աղմուկ բարձրացնել արևելքում, հարձակվել արևմուտքում: Խաբկանք առաջացնող զորաշարժ անցկացնել` հարձակման իսկական ուղղությունը թաքցնելու համար:
7. Ոչնչից ինչ-որ բան ստանալ:
Անէության ակունքներից առաջանում է էություն. ոչնչից առաջանում է ինչ-որ բան:
Այս ստրատագեման կարող է աշխատել երեք տարբեր ուղղություններով.
Ա/ Հարկավոր է սպառնալիքն այնպես ներկայացնել, որ հակառակորդը նկատի խաբեությունը: Այդ ժամանակ նրա արթմնիությունը կթուլանա, և իսկական սպառնալիքի ժամանակ նա այն նույնպես կեղծի տեղ կդնի և արդյունքում կզոհվի:
Բ/ Շահել առավելության միջոցով, մտածելակերպում փոփոխության հասնել ձևացնելու, թատրոն խաղալու, կեղծիքի օգնությամբ:
Գ/ Օդից ինչ-որ բան վերցնել. հնարանքը ներկայացնել որպես իրականություն, բամբասանք տարածել, սուտ, զրպարտչական կամպանիաներ կազմակերպել: Լվից ուղտ սարքել:
8. Փայտե կամրջակներ պատրաստել, որ բոլորը տեսնեն, իսկ գաղտնի կերպով մտնել Չըն-ցան:
Թաքցնել հարվածի իրական ուղղությունը: Թաքցնել իրական մտադրությունը սովորական գործողությունների տակ. նորմալի /սովորականի/ տակ թաքցնել ոչ սովորականը, այն, ինչ հասարակության մեջ ընդունված չէ:
9. Սարի վրա նստած հետևել վագրերի կռվին, կամ` Կրակին նայել հակառակ ափից:
Իբր անտարբերությամբ հետևել, թե ինչպես է թշնամին հայտնվել ճգնաժամային ծանր վիճակում: Անգործություն. ոչ մի օգնություն, ոչ մի շտապ միջամտություն կամ ժամանակից շուտ գործողություն, քանի դեռ իրավիճակը չի փոխվել քո օգտին, և միայն այդ ժամանակ կարելի է գործել և քաղել հաջողության պտուղները: Չմիջամտելու, հապաղման ստրատագեմա:
10. Ժպիտի հետևում դաշույն թաքցնել, կամ Բերանում` մեղր, իսկ ծոցում` թուր:
Խոսքով սիրաշահել, իսկ սրտում չարություն պահել: Վատ մտադրությունները քողարկել արտաքին բարյացակամությամբ և գեղեցիկ խոսքերով: Երկերեսանիության, ուշադրությունը շեղելու, Հուդայի համբույրի ստրատագեմա:
11. Սալորենին չորանում է դեղձենու փոխարեն:
Սալորենին իրեն զոհաբերում է կողքին աճող դեղձենու համար` իր արմատները միջատներին կեր տալով:
Ա/ Խորամանկ քայլի օգնությամբ ինքդ քեզ զոհաբերում ես մյուսին փրկելու համար:
Բ/ Խորամանկ քայլի օգնությամբ ուրիշին զոհաբերում ես ինքդ քեզ փրկելու համար:
Գ/ Խորամանկ քայլի օգնությամբ ուրիշին զոհաբերում ես երրորդին փրկելու համար:
Դ/ Քիչ բան զոհաբերելով՝ ստանալ ինչ-որ արժեքավոր բան:
12. Թեթև ձեռքով ոչխարին տանել:
Հնարամտորեն օգտագործելով հանգամանքները` կարողանալ ձեռք գցել պատեհ պահի հայտնված ոչխարին:
Մշտական և բազմակողմանի հոգեբանական պատրաստվածություն. օգտագործել ցանկացած հնարավորություն առավելություն ձեռք բերելու համար:
13. Խփել խոտին` օձին վախեցնելու համար:
Օձին իր բնից վռնդել: Անուղղակի նախազգուշացման, վախեցնելու, նախազգուշական կրակոցի ստրատագեմա: Սակայն այս ստրատագեման ոչ հմտորեն օգտագործելու դեպքում կարող է «արթնացնել քնած շանը» կամ «խառնել բոռի բույնը»:
14. Պարտքով դիակ փոխ առնել /վերցնել սեփական կյանքը վերադարձնելու համար:
Ա/ Նոր նպատակ դնելով` կյանքի կոչել անցյալին պատկանող ինչ-որ բան:
Բ/ Ժամանակակից գաղափարական պայքարում օգտագործել հին գաղափարները, ավանդույթները, սովորույթները, գեղարվեստական ստեղծագործությունները և այլն` դրանք վերամեկնաբանելով նորագույն կիրառման համար:
Գ/ Իրականում նոր բանին տալ հնի շունչ:
Դ/ Օգտագործել նոր մարդկանց` հին քաղաքականությունը առաջ տանելու համար: Նոր կոշիկ հագնել հին ճանապարհով գնալու համար: Հին գինին լցնել նոր շշի մեջ:
Ե/ Մակաբույծի ստրատագեմա: Յուրացնել ուրիշի բարիքը` սեփականը հիմնելու համար. գնալ դիակների վրայով:
Զ/ Վերածնվող փյունիկի ստրատագեմա: Ցանկացած միջոց օգտագործել դժվարին իրավիճակից դուրս գալու համար:
15-36 ստրատագեմաները` հաջորդ համարում
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմական