Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻՆ՝ ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐՆԵՐ



ԱՐԱՐԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոգեբույժ

Որպես ավելի քան երեսուն տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հոգեբույժ, որը մոտ տասնհինգ տարի աշխատում է Մեղրիի տարածքային զինկոմիսարիատում, միանշանակ կարող եմ պնդել, որ մեր հասարակությունը բավականին մակերեսային պատկերացում ունի հոգեկան շեղումներ ունեցողների մասին ու ամբողջ խորությամբ չի պատկերացնում այն, մեղմ ասած, վնասները, որ նրանք կարող են պատճառել ինչպես իրենք իրենց, այնպես էլ հասարակությանը: Ցավոք, դեռ իշխող է հին, այսպես ասած, նահապետական մոտեցումը, որ հոգեբանական խնդիրներ, շեղումներ ունեցող հարազատների մասին գերադասելի է լռել, հնարավորինս հասարակությունից գաղտնի պահել: Դեռ իշխող է այն պատկերացումը, թե դեռահասի, մեր դեպքում՝ զինակոչիկի, մեջ նկատվող այս կամ այն կարգի հոգեկան խանգարումները պայմանավորված են սեռական հասունացմամբ, որոնք, իբրեւ թե, ժամանակի հետ կկարգավորվեն, կանցնեն-կգնան: Նման մոտեցումները շատ հաճախ ծանր փորձության առջև են կանգնեցնում ինչպես հիվանդին, այնպես էլ հասարակությանը: Ահա ինչով են պայմանավորված այն, ըստ ամենայնի, խիստ չափանիշները, որ հոգեբույժ բժիշկները կիրառում են զինակոչիկների մասնագիտական զննման ընթացքում:

Ի տարբերություն այլ հիվանդությունների` հոգեբանական խանգարումների ախտորոշումը մասնագիտական շատ ավելի մեծ փորձառություն, հմտություն է պահանջում: Խիստ դժվարանում է հոգեբույժի գործը, եթե նա տվյալ անձի՝ զինակոչիկի մասին չունի համապատասխան ինֆորմացիա: Բժիշկ հոգեբույժը կարող է վրիպել հիմնականում զինակոչիկի մասին տեղեկատվության պակասից: Հոգեբույժը, մասնագիտական զննումից բացի, հիմնվում է նաև զինակոչիկի մասին դպրոցի մանկավարժական կոլեկտիվից ստացած անհատական բնութագրերի վրա: Ուրիշ ո՞վ, եթե ոչ մանկավարժական կոլեկտիվը, որ տասը կամ ավելի տարիներ ամենօրյա շփման մեջ է եղել զինակոչիկի հետ, պետք է տեսնի, ճանաչի, գնահատի իր աշակերտի՝ վաղվա զորակոչիկի հոգեբանական վարքագիծը: Սակայն, ավաղ, դպրոցից եկող բնութագրերը շատ հաճախ կաղապարված ոճով, մտքերով ու արտահայտություններով կազմված գրություններ են, ավելին՝ ասես մեկը մյուսից արտագրված, պատճենված, որոնք, բնականաբար, քիչ բան կարող են տալ հոգեբույժին՝ մասնագիտական ճիշտ ախտորոշման համար: Թեև հանուն ճշմարտության պետք է նաև ասել, որ հոգեբանական ոչ բոլոր շեղումներն ու խանգարումները կարող են նկատելի լինել մանկավարժների աչքին՝ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն չունենալու պատճառով: Այսուհանդերձ, բարեխիղճ մանկավարժների ձեռքով գրված բնութագրերը մեծապես կարող են օգտակար լինել զինակոչիկի հոգեբանական ճշգրիտ նկարագիրը կազմելու համար:

Հայտնի է՝ անմիջապես և չափազանց հեշտ են ախտորոշվում հետամնացությունը, մտավոր շեղումները, սակայն, եթե զինակոչիկն ունի նյարդային խանգարումներ, բայց ինտելեկտը տեղն է, մտածողությունը՝ ըստ էության, պահվածքը՝ ադեկվատ, նա կարող է և վրիպել մասնագետի աչքից: Իսկ ի՞նչ է նշանակում նման հիվանդի հայտնվելը զորքերում. եթե փսիխոպատ անձ է, ապա էականորեն կմեծանա զորամասում խնդիրներ առաջացնելու հավանականությունը, եթե նևրոտիկ է՝ ինքը չի դիմանա բանակային կարգուկանոնին, պայմաններին՝ ստեղծելով լրջագույն բարդություններ…

Ես կոչ եմ անում մեր հասարակությանը՝ մեր ծնողներին, մանկավարժներին, մատների արանքով չնայել զորակոչային տարիքի իրենց զավակների, սաների հոգեբանական խնդիրներին, ինչով մեծապես կնպաստեն բանակը բացառապես առողջ զինվորներով համալրելու կարևորագույն խնդրի իրագործմանը: Ես հատկապես կուզենայի և կխնդրեի, որ զինակոչիկների բուժզննմանը ներկա գտնվեն հատկապես այն ծնողները, որոնք իրենք իրենց զավակներիի վարքագծում ժամանակին ինչ-ինչ հոգեբանական շեղումներ են նկատել: Նրանց հուշումները, նկարագրությունները, կասկածները կօգնեն մեզ՝ հոգեբույժներիս, ինչով էլ կապահովագրեն ինչպես իրենց երեխային, այնպես էլ բանակը անցանկալի միջադեպերից ու իրավիճակներից: Կրկնեմ խոսքերս՝ դեռահասի, զինակոչիկի հոգեբանական անսխալ նկարագրի ամենահավաստի աղբյուրը կարող է և պետք է լինեն ընտանիքը, ծնողը, դպրոցը…

Ես Մեղրիի տարածքային զինկոմիսարիատում որպես հոգեբույժ աշխատում եմ 1997 թվականից և պետք է նշեմ, որ հիվանդացության աճ գոնե վերջին հինգ-վեց տարիներին չեմ նկատել: Երիտասարդությունը, չնչին բացառությամբ, սիրով է մեկնում ծառայության և պատվի ու արժանապատվության խնդիր է համարում հայրենիքի պաշտպանությունը: Չեն արձանագրվել բանակից խուսափելու դեպքեր: Ավելին, երբեմն զինակոչիկներն իրենք սեփական առողջական ինչ-ինչ խնդիրները կոծկելու գնով փորձում են մեկնել բանակ՝ ծառայության: …Ինչ խոսք, գնահատելի է երիտասարդության նման անկեղծ ձգտումը, բայցեւ բժիշկներիս խնդիրն է, որ զինված ուժերը համալրվեն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես ամուր ու առողջ զինվորներով:

Վճռորոշը բժիշկների մասնագիտական գնահատականն է, եզրակացությունը: Բարեբախտաբար, մեր տարածքում դեռ չի արձանագրվել որեւէ դեպք, երբ զորակոչիկին հաջողվի այս կամ այն կեղծիքի, «թատերական» հնարքների, խորամանկության միջոցով խուսափել պարտադիր ծառայությունից: Բոլոր դեպքերում բժիշկներին հաջողվել է կանխել ինչպես հիվանդությունը թաքցնելու միջոցով, այնպես էլ ինքնավնասումներ «բեմականացնելով»՝ կտրվածքներ նախաբազկի շրջանում և այլն, ծառայությունից խուսափելու փորձերը: Ի պատիվ մեր տարածքային զինկոմիսարիատի, մենք բանակին տրամադրել եւ տրամադրում ենք միայն առողջ զինվորներ:

Եվ նորից իմ խնդրանքը՝ թերևս պետք է մշակվի ինչ-որ կարգ, եղանակ, որպեսզի զինակոչիկի ծնողը գոնե մեկ անգամ ներկա գտնվի հոգեբուժական զննմանը և անձամբ հավաստիանա իր զավակի հոգեբանական խնդիրների առկայության կամ բացակայության մասին… Մեղրիի տարածքը փոքր է, և մեր զինկոմիսարիատի սպաները հասցե առ հասցե ճանաչում և հավաստի տեղեկություն ունեն զինակոչիկներից յուրաքանչյուրի մասին, սակայն որքա՜ն դժվար է, ասենք, երևանյան իմ գործընկերների վիճակը, որոնք օբյեկտիվորեն չեն կարող այնքան անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիա ունենալ ամեն մի զինակոչիկի մասին՝ մասնագիտական զննումից բացի…

Հասարակությունը պարտավոր է ազգային բանակը ապահովել առողջ սերունդով, սակայն մեր հասարակության այսօրվա ամենամեծ խնդիրը բարոյական բարձր չափանիշներով դաստիարակված հայրենիքի պաշտպան մեծացնելն է, որը, իմ կարծիքով, շատ ավելի դժվարին գործ է: Միայն որակյալ դաստիարակություն ստացած մատաղ սերունդն է, որ ծառայության գալով՝ կնպաստի մեր ազգային բանակի բարոյակամային, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Բանակ և հասարակություն


11/07/2013