Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԵՎ ՄԵԾ ՊԱՀՔ



Հայ եկեղեցու կանոնի համաձայն` պահքի բոլոր շաբաթների նախընթաց կիրակի օրը, միակ բացառությամբ Ս. Ծննդյան պահքի, կոչվում է բարեկենդան: Մեծ պահքին նախորդող կիրակին կոչվում է Բուն բարեկենդան: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, աշխարհիկ իմաստով` ուրախություն, տոնախմբություն, իսկ կրոնական իմաստով` երանական վիճակ: Սա հիշատակն է Ադամի` դրախտում երանելի ու երջանիկ այն կյանքի, որը նա վայելում էր Աստծու անմիջական ներկայությամբ: Ինչպես սուրբ Գրիգոր Տաթեւացին է գրում. «Մարդը պատվի մեջ էր, քանզի ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր ու իշխան, եւ նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ նրան հնազանդ ստեղծեցիր եւ դրեցիր նրա ոտքերի տակ» (Սաղմ., Ը, 3)»: Քանզի բոլոր արարածները մարդու ծառաներն ու սպասավորներն են… Իսկ մարդը ոչ ոքի ծառան չէ, այլ ազատ է եւ ինքնակալ»:
Բուն բարեկենդանը մարդուն հիշեցնում է իր երջանիկ վիճակը, իսկ Մեծ պահքը` խորհել տալիս, թե ինչպե՞ս է կորցրել այն եւ մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը: «Այս պատճառով, երբ պահքով հեռու ենք մնում ավելորդ կերակուրներից ու ըմպելիքներից եւ տքնությամբ ու աղոթքով չարչարում մեր մարմինը, ազատվում ենք խառնվածքի չարունակությունից, որը դեպի մեղքն է ձգում: Եվ սրբվելով մեղքերից` մեր մեջ վերստին պայծառանում է Աստծու պատկերը, որն ունեինք ի սկզբանե` նախքան մեղանչելը դրախտում»:
Այսպիսով, բարեկենդանը, լինելով հակադրությունը պահքի, այնուամենայնիվ նրա նպատակն է, որովհետեւ պահքի միջոցով ձգտում ենք վերադառնալ բարի կենդանության` Աստվածտեսության: Ինչպես արդեն նշվել է` Աստված առաջին մարդու համար պահք սահմանեց դրախտում` պատվիրելով. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդ., Բ, 16-17): Բոլոր ծառերի պտուղներից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ միայն մի ծառի պտուղներից չուտելը` պահքը: Եկեղեցու հայրերը բարեկենդանը համեմատում են դրախտի փափկության, իսկ դրախտի տնկիներն ու բողբոջները` Եկեղեցու մանուկների հետ: Կենաց ծառը Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու բուրումնավետ ծաղիկները` առաքյալների, մարգարեների, ավետարանիչների ու սուրբ վարդապետների, ովքեր Քրիստոսի անուշ բուրմունքն են. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջեւ», ինչպես Պողոս առաքյալն է ասում (Բ Կորնթ., Բ, 15): Բուն բարեկենդանը ժամանակին տոնվել է մեծահանդես տոնախմբություններով, խրախճանքներով, այդ օրը կազմակերպվել են խաղեր ու մրցույթներ:
Բուն բարեկենդանի երեկոյան սկսվում է պահքի քառասնօրյա շրջանը, որը պահքերից ամենաերկարատեւն է, ինչի պատճառով էլ կոչվում է Մեծ: Այն շարունակվում է մինչեւ Զատիկ: Իբրեւ պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքի համար օրինակ է Փրկչի` անապատում 40-օրյա ծոմապահությունը: Եվ որովհետեւ մարդկային սովորական բնությունն անկարող է տոկալ 40 օրվա ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40-օրյա պահեցողություն` կենդանական ծագում ունեցող կերակրատեսակներից հրաժարվելով: Քրիստոսն անմեղ էր եւ պահք պահեց ոչ նրա համար, որ ուներ դրա կարիքը, այլ հաստատելու համար, որ Հին ուխտն ու Նոր ուխտը, մարգարեներն ու Քրիստոսը իրար հակառակ չեն, այլ լրացնում են միմյանց: Եթե Մովսեսն ու Եղիան Աստծու Խոսքը պահեցին Նրա հրեշտակի տված կերակրի զորությամբ, ապա Քրիստոսը պահեց Իր զորությամբ: Պահքով Նա ցույց տվեց Իր Աստվածային, իսկ քաղցելով` մարդկային բնությունը: Մեծ պահքի տեւողությունը 48 օր է` ներառյալ նաեւ Ավագ շաբաթվա օրերը, երբ նշում ենք Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա հիշատակը:
Մեծ պահքի նպատակը հավատացյալների նախապատրաստությունն է ս. Հաղորդությանն արժանապես մոտենալուն եւ Հարության տոնն առավել մեծ ուրախությամբ տոնելուն: Այն հոգեւոր ինքնամաքրման ժամանակաշրջան է: Ինչպես Ներսես Շնորհալին է ասում. «Ժուժկալությունը բոլոր առաքինությունների ամրությունն ու հիմքն է, քանզի նա, ով իր ներսում ժուժկալ է չարի նկատմամբ, բոլոր տեսակի բարիքներն իր մեջ է կրում… Եվ այս է ժուժկալության սահմանումը. ժուժկալ լինել ամեն բանի մեջ, որոնցից աստվածային օրենքները հրամայում են հրաժարվել» («Թուղթ ընդհանրական»):
Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, եւ փակ են մնում Մեծ պահքի ամբողջ ընթացքում` մինչեւ Հարության ճրագալույցի պատարագը: Վարագույրը բացվում է միայն կարեւոր տոների առիթով, երբ մատուցվում է ս. Պատարագ` Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի` ոտնլվայի արարողությանը, ինչպես նաեւ` Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Ս. Աստվածածնի ավետման, Տյառնընդառաջի տոներին, եթե դրանք ընկնում են Մեծ պահքի օրերին:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Հոգևոր-մշակութային


10/03/2011