Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԽԵԼ, ԹԵ՞ ՉԾԽԵԼ



Ծխելու վնասակարության մասին շատ է գրվել ու խոսվել: XX դ. II կեսին գիտնականների բազմաթիվ հետազոտություններ հաստատեցին, որ ծխելը մեկն է այն պատճառներից, որոնք նպաստում են տարբեր տեսակի հիվանդությունների առաջացմանը և դրանց ընթացքի բարդացմանը:

Սկսենք սկզբից. քաշված ծուխն արդեն իսկ առաջին պահից սկսում է գրոհը, սկզբում ատամի էմալի վրա, որի վրա ժամանակի ընթացքում գոյանում են մանր ճեղքեր, որոնցից ներթափանցում են ախտածին մանրէներ, ատամների վրա նստում է ծխախոտի կուպրը, որի հետևանքով սևանում են, և նրանցից փչում է տհաճ հոտ: Ծխախոտի թունավոր ծխից առաջանում է լեզվի, լնդերի կամ քիմքի քաղցկեղի զարգացման վտանգ: Ծխից ազդվում են նաև թքագեղձերը, ուժեղանում է թքի արտազատումը, ծխողը թքի հետ կուլ է տալիս նրա մեջ լուծված ծխի թունավոր մասնիկները: Անիլինը, ծծմբաջրածինը, ամիակը, քաղցկեղածին նյութերը թքի հետ ընկնելով ստամոքսի լորձաթաղանթի վրա, սկսում են ավերիչ ներգործությունը. ստամոքսի ցավեր, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց: Բժիշկները ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկն էլ համարում են ծխելը: Ծխի ազդեցության տակ աստիճանաբար տեղի է ունենում բրոնխները ծածկող բջիջների վերասերում: Հայտնի է, որ թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը ծխախոտասերների մեջ բարձր է մոտ 10 անգամ:

Ծխախոտի մեջ եղած նիկոտինը խիստ բացասաբար է անդրադառնում նաև արյունատար անոթների և սրտի գործունեության վրա:

Մեծանում է նաև ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը: Ծխելը վտանգավոր է ոչ միայն թոքերի, սրտի, ստամոքսի, միզապարկի, այլ նաև ոսկորների, հոդերի և մկանային հյուսվածքների համար: Նիկոտինը խոչընդոտում է վերքերի և կոտրվածքների ապաքինմանը, խանգարում է հորմոնային համակարգի աշխատանքին, չեզոքացնում է C և E վիտամինների օգտակար ազդեցությունն օրգանիզմի վրա: Գիտնականները նշում են, որ ծխողներն ավելի շատ են բողոքում ողնաշարի ստորին շրջանի ցավերից: Ծխախոտը պարունակում է մկնդեղ, ֆորմալդեհիդ, կապար, ջրածնի ցիանիդ, ազոտի օքսիդ, ածխածնի օքսիդ, ամոնիակ և 43 հայտնի վնասակար նյութեր:

Եթե այսքանից հետո ուզում եք ծխել, պարզապես կհիշեցնեմ ռուսական ասույթը` յուրաքանչյուր ծխած գլանակ սեփական դագաղին խփած մի մեխ է:

♦♦♦

Ծխելու մոդան մեր մայրցամաքում մտցրեց Ռուսաստանում ֆրանսիացի դեսպան Նիկոն, նրա անունից էլ ծագել է Նիկոտին բառը:

♦♦♦

1600թ. պարսից շահ Աբասի հրամանով կտրում էին ծխելիս բռնված զինվորի քիթն ու շուրթերը, իսկ ծխախոտ վաճառողին այրում էին խարույկի վրա:

♦♦♦

16-րդ դարի վերջերին Անգլիայում ծխելու համար մահապատժի էին ենթարկվում: Ծխողների գլուխները կտրում էին և, որպես մյուսներին խրատ, ծխամորճը բերաններին ցուցադրում հրապարակներում:

♦♦♦

Իտալիայի բանակում ծխելուց հրաժարվող զինվորներին պարգևատրում էին լրացուցիչ արձակուրդով:

♦♦♦

Եվրոպայում ավելի շատ մահանում են ծխելու վնասներից, քան ավտովթարներից:

♦♦♦

Պատերազմի տարիներին Հիտլերը, առողջապահական նկատառումներով, ծխող զինվորների օրապահիկում ընդամենը 6 հատ ծխախոտ էր թույլատրել, իսկ չծխողների համար դրա փոխարեն շոկոլադե սալիկներ նախատեսել:

♦♦♦

Ծխախոտը սատանայի ծամոն է (օսական ասացվածք):

Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ռազմական


18/07/2013