Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ



ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Սկիզբը` նախորդ համարում

ՏԵՍԻԼՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարց է ծագում` որո՞նք են այն կայսրությունները, որոնք Դանիել մարգարեի տեսիլքում նկարագրված են որպես ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե և խեցե: Այս տեսիլքի ընդունված մեկնաբանության համաձայն` ոսկե գլուխը, ինչպես և ասում է Դանիելը, խորհրդանշում է Բաբելոնյան կայսրությունը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 605-539թթ.: Արծաթե կուրծքը խորհրդանշում է Մեդա-Պարսկական կայսրությունը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 539-331թթ.: Իսկ ահա պղնձե ազդրերը խորհրդանշում են հունական` Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը` մ.թ.ա. 331-168թթ.: Երկաթյա սրունքները խորհրդանշում են Հռոմեական կայսրությունը, որն իշխել է մ.թ.ա. 168-մ.թ. 476թթ.: Մասամբ երկաթյա, մասամբ կավե ոտքերը խորհրդանշում են բաժանված թագավորություն, որը միավորված է, բայց երբեք չի դառնա միաձույլ-միասնական պետություն. թերևս սա խորհրդանշում է Եվրոպան: Քրիստոնեական տեսանկյունից տեսիլքը մեկնաբանողները առանց ձեռքի պոկված քարը համարում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա Արքայության խորհրդանիշը, իսկ մարգարեության կատարման սկիզբ` Քրիստոսի առաջին կամ երկրորդ Գալուստը (սա նշանակում է, որ բոլոր կարգի մեկնաբանություններին պետք է վերապահումով վերաբերվել):

Որոշ մեկնաբանների կարծիքով, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությանն են վերաբերում նաև Դանիելի մարգարեությունների գրքի 12-րդ գլխի 3-4-րդ համարները: Ահա այդ հատվածը (պատմողը Աստծու հրեշտակն է, որը Դանիելին ներկայանում է տեսիլքով).

«Ահա երեք թագավորներ պիտի բարձրանան Պարսից երկրում, եւ չորրորդը իր հարստությամբ բոլորից ավելի մեծ պիտի լինի. նա իր հարստությամբ հզորանալուց հետո պիտի հարձակվի հունաց թագավորության վրա։ Հզոր մի թագավոր պիտի բարձրանա, պիտի տիրի շատ տերությունների եւ պիտի անի, ինչ որ կամենա. եւ երբ բարձրանա, նրա թագավորությունը պիտի փշրվի, բաժանվի ու տրվի երկնքի չորս հողմերին։ Եւ դա ո՛չ ըստ նրա վախճանի, ո՛չ իր տերության պատճառով, որին տիրում էր, քանի որ պիտի խլվի նրա թագավորությունը, իսկ ուրիշներինը պիտի մնա իրենց» (Դան., 12:2-4)։

Ըստ այդ մեկնաբանների` երեք թագավորներն են Դարեհ Վշտասպը (մ.թ.ա. 522-485թթ.), Քսերքսես Առաջինը (մ.թ.ա. 485-465թթ.) և Արտաքսերքսես Առաջինը (մ.թ.ա. 465-424թթ.): Չորրորդ թագավորը, որ իր հարստությամբ բոլորից մեծը պիտի լինի, Դարեհ Երրորդն է, իսկ նրա դեմ բարձրացող «հզոր մի թագավորը», որ «պիտի անի, ինչ որ կամենա»` Ալեքսանդր Մակեդոնացին:

ԹԱԼՄՈՒԴԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՄԱՍԻՆ

Այն բանից հետո, երբ հրեաներն Ալեքսանդր Մակեդոնացու համար կարդում են Դանիելի մարգարեությունների` նրան վերաբերող հատվածները, արքան մտնում է Երուսաղեմի տաճար: Ըստ Թալմուդի` սամարացիներն ասում են Ալեքսանդրին, որ հրեաները նրան կխաբեն և թույլ չեն տա մտնելու տաճարի ներքին սենյակը` Սրբություն Սրբոցը (այդտեղ մտնելու իրավունք ուներ միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ): Քահանաներից մեկը, իմանալով այդ մասին, արքայի համար կարել է տալիս թանկարժեք կոշիկներ (սանդալներ)` զարդարված է՛լ ավելի թանկարժեք քարերով: Երբ թագավորը նրա ուղեկցությամբ մոտենում է սուրբ լեռանը, որի վրա Աստծու տաճարն էր, քահանան ասում է. «Ո՜վ արքա, հագիր այս բոկոտիկները, որպեսզի ոտքդ չսայթաքի քարե հատակին»: (Հրեական օրենքի համաձայն` տաճարի շրջակայք չէր կարելի բոբիկ ոտք դնել, սակայն քահանան վախենում էր այդ մասին ասել Ալեքսանդրին): Երբ մոտենում են Սրբություն Սրբոցին, քահանան ասում է. «Մինչև այստեղ մենք ուղեկցում էինք քեզ, իսկ այն կողմ գնալու իրավունք չունենք»: Ալեքսանդրը հիասթափված նետում է. «Երբ այստեղից դուրս գանք, ես քո կուզը կհավասարեցնեմ» (քահանան կուզիկ էր): «Եթե դա անես, ապա Աստծուց մեծ վարձ կստանաս ու վարպետի համբավ ձեռք կբերես»,- կեսկատակ պատասխանում է քահանան:

Տաճարում շրջելուց հետո Ալեքսանդրը հրամայում է, որ այնտեղ իր արձանը դնեն: Հրեաները նրան բացատրում են, որ դա հակասում է իրենց կրոնին և դրա փոխարեն առաջարկում են, որ այդ տարի հրեա հոգևորականների ընտանիքներում ծնված բոլոր արական սեռի երեխաներին անվանակոչեն Ալեքսանդր: Արքան գոհ է մնում այս առաջարկությունից, եւ Ալեքսանդրը հրեաների մեջ տարածված անուն է դառնում:

ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՒ 10 ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ

Թալմուդում պահպանված են Ալեքսանդր Մակեդոնացու 10 հարցերը Հարավի (ըստ հրեաների սուրբ գրքի` Պաղեստինի հարավային մասը, Հրեաստանը) իմաստուններին, որոնց արքան խոստացել էր չպատժել անկեղծ պատասխանների համար: Ահա այդ հարցուպատասխաններից մի քանիսը:

– Ի՞նչն է արարվել սկզբում` երկի՞նքը, թե՞ երկիրը:

– Երկինքը: Սուրբ գրքում գրված է` սկզբում Աստված ստեղծեց երկինքը, իսկ հետո` երկիրը:

– Ի՞նչն է արարվել սկզբում` լո՞ւյսը, թե՞ խավարը:

– Այդ հարցը պատասխան չունի: (Թալմուդն այստեղ հավելում է. «Ինչո՞ւ իմաստուններն Ալեքսանդրին չասացին, որ խավարն արարվել է սկզբում, ինչպես ասվում է Սուրբ Գրքում» (սա զուտ հրեական մեկնաբանություն է – Ա.Յ.): «Որովհետև,- պատասխանում է,- նրանք վախենում էին, որ Ալեքսանդրը կհարցնի, թե ի՞նչ կար աշխարհի արարումից առաջ, և ի՞նչ կլինի նրա կործանումից հետո»):

– Ո՞վ կարող է իմաստուն համարվել:

– Նա, ով կանխատեսում է ապագան:

– Ո՞վ կարող է հերոս համարվել:

– Նա, ով զսպում է իր կրքերը:

– Ո՞վ կարող է հարուստ համարվել:

– Նա, ով գոհ է իր բախտից:

– Ի՞նչ պետք է մարդն անի` երջանիկ ապրելու համար:

– Թող սպանի իրեն: (Ըստ մեկնությունների` հեռու մնա ավելորդություններից):

– Ի՞նչ պետք է անի` մեռնելու համար:

– Թող ապրի: (Ըստ մեկնությունների` խոսքը ճոխ ու շռայլ ապրելու մասին է):

– Ի՞նչ պետք է անի` մարդկանց բարեհաճությունը նվաճելու համար:

– Հեռու մնա մեծարանքից և իշխանությունից: (Ի պատասխան` Ալեքսանդրն ասում է. «Իսկ իմ խորհուրդը ձերինից լավն է. թող ձգտի իշխանության և մեծարանքի, որպեսզի բարեգործություն անի ուրիշներին»):

– Որտե՞ղ է ավելի լավ ապրել` ծովո՞ւմ, թե՞ ցամաքում:

– Ցամաքում, որովհետև տեսնում ենք, որ ծովագնացները չեն հանգստանում, մինչև ցամաք չեն ելնում:

– Ձեզնից ո՞վ է ամենախելացին:

– Մենք բոլորս հավասար ենք:

– Ինչո՞ւ էիք ընդդիմանում ինձ: (Ըստ մեկնությունների` Ալեքսանդրն իմաստունների պատասխաններում իր հասցեին նուրբ կշտամբանք է նկատում):

– Սատանան էր հաղթել մեզ:

– Բայց ես ձեզ մահապատժի կենթարկեմ:

– Իշխանությունը քոնն է, բայց արքային ստելը չի սազում: (Չէ՞ որ Ալեքսանդրը խոստացել էր չպատժել պատասխանների համար:)

Հետաքրքիր է Թալմուդում բերված այս հարցուպատասխանները համեմատել հին հույն պատմիչ Պլուտարքոսի (45-127) բերած տեղեկությունների հետ: Պլուտարքոսը գրում է՝ երբ Ալեքսանդրը Հնդկաստանում էր, գերի է վերցնում 10 հնդիկ իմաստունների` հիմնոսոֆիստների, որոնք նրա դեմ ապստամբածների թվում էին: Ալեքսանդրը նրանցից յուրաքանչյուրին մի հարց է տալիս` ասելով, որ մահապատժի կենթարկի նախևառաջ նրան, ով կտա ամենավատ պատասխանը: Իմաստուններից ամենաավագին հանձնարարում է պատասխանները գնահատողի դերը:

Հարցուպատասխանները հետևյալն էին:

– Ովքե՞ր են ավելի շատ` ողջե՞րը, թե՞ մեռածները:

– Ողջերը, որովհետև մեռածներն այլևս չկան:

– Ամենամեծ կենդանիները ծովո՞ւմ են, թե՞ ցամաքում:

– Ցամաքում, որովհետև ծովը ցամաքի մի մասն է:

– Ո՞ր կենդանին է ամենախելացին:

– Որին մարդը դեռևս չի ճանաչում:

– Ինչո՞ւ դու իմ դեմ հրահրեցիր Սաբբաս թագավորին:

– Որպեսզի նա դժբախտ մահով մեռնի կամ ապրի մեծ փառքի մեջ:

-Ի՞նչն է առաջինը եղել` ցերե՞կը, թե՞ գիշերը:

– Ցերեկը գիշերվանից մեկ ցերեկով շուտ է եղել: (Երբ Ալեքսանդրը կասկածի է ենթարկում այս պատասխանը, իմաստունն ասում է. «Տարօրինակ հարցերը տարօրինակ պատասխաններ են ենթադրում»):

– Ինչպե՞ս կարելի է մարդկանց համար հաճելի բան անել:

– Նրանց նկատմամբ դաժան չլինելով, նույնիսկ եթե ամենից հզորն ես:

– Ինչպե՞ս կարող է մարդ աստվածանալ:

– Անելով այն, ինչ մարդիկ չեն կարող:

– Ի՞նչն է ավելի ուժեղ` կյա՞նքը, թե՞ մահը:

– Բազմաթիվ դառնությունների համբերող կյանքը:

– Ինչքա՞ն պետք է ապրի մարդը:

– Այնքան, մինչև մահը գերադասի կյանքից:

– Ամենավատն ո՞վ պատասխանեց,- տասներորդ իմաստունին հարցնում է Ալեքսանդրը:

– Յուրաքանչյուրը պատասխանում էր ավելի վատ, քան իր նախորդը:

– Այդ պատասխանի համար դու արժանի ես, որ առաջինը քեզ մահապատժի ենթարկեմ,- ասում է արքան:

– Բայց այդ դեպքում դու խոսքդ դրժած կլինես, քանի որ ասել ես, որ մահապատժի կենթարկես նախևառաջ նրան, ով ամենավատը պատասխանի (այսինքն՝ 9-րդ իմաստունին-Ա.Յ.):

Այդժամ Ալեքսանդրը իմաստուններին նվերներ է տալիս և պատվով ազատ արձակում:

Պլուտարքոսի պատմությունը համեմատելով Թալմուդում բերվածի հետ և արձանագրելով նմանությունները` հրեամետ հեղինակները ենթադրում են, որ Թալմուդինն ավելի հին է, և հավանական է, որ Պլուտարքոսի տարբերակը ընդօրինակված է նրանից: Սակայն ամենևին չի բացառվում, որ երկու պատմություններն էլ ճիշտ լինեն. եթե Ալեքսանդրը իմաստուններին հարցեր տալու սովորություն է ունեցել, ապա նա հարցեր կարող էր տալ ինչպես Պաղեստինի, այնպես էլ Հնդկաստանի իմաստուններին:

Ո՞ւմ ձեռքն ընկան Ալեքսանդրի քարտեզները` հաջորդ համարում

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


18/07/2013