Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ



«Հոդված 91. Պահակային ծառայության կատարումը համարվում է մարտական առաջադրանք և անձնակազմից պահանջում է ճշտորեն պահպանել uույն Կանոնագրքի բոլոր դրույթները, ցուցաբերել բարձր զգոնություն, աննկուն վճռականություն և նախաձեռնություն: Պահակային ծառայության պահանջները խախտողները ենթարկվում են կարգապահական կամ քրեական պատաuխանատվության» – 03.12.1996թ. թիվ 98 ՀՀ օրենք:

ՀՀ օրենքն ամրագրում է, որ պահակային ծառայությունը զորամասում (ստորաբաժանումում) մշտապես իրականացվող միջոցառումների ամբողջություն է, որը նպատակաուղղված է մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, զինվորական այլ գույքի (ունեցվածքի) պահեստների և ռազմական ու պետական այլ օբյեկտների պահպանությանն ու պաշտպանությանը, ինչպես նաև կարգապահական զորամասում գտնվող զինծառայողների պահպանությանը: Պահակային ծառայությունը զորքերի կենցաղում և գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և դիտվում որպես մարտական խնդրի կատարում խաղաղ ժամանակ ու նպաստում զորքերի մարտական բարձր պատրաստականության պահպանմանը։ Պահակային ծառայության ղեկավարումն իրականացնում են. կայազորում՝ կայազորի պետը, իսկ զորամասում` զորամասի հրամանատարը։

Այժմ պահակախմբի ընտրության և նախապատրաստման առանձնահատկությունների մասին: Այն զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները, որոնցից նշանակվում են պահակախմբերը, պատասխանատու են պահակայինների ընտրության և նրանց` ծառայությանը նախապատրաստման համար:

Պահակախմբերում ծառայության համար զինծառայողների ընտրությունն ու նախա-պատրաստումն առհասարակ սկսվում է նրանց` զորամասի ցուցակներում ընդգրկվելուց և բավարարման բոլոր տեսակների համար հաշվառվելուց հետո:

Զորամասի (ստորաբաժանման) համալրման համար, ինչպես նաև այլ զորամասերից եկած անձնակազմը բազմակողմանիորեն ուսումնասիրվում է հրամանատարների, շտաբների, բուժաշխատողների, հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի կողմից, նպատակ ունենալով բացահայտելու այն անձանց, որոնց արգելված է ընդգրկվել պահակային ծառայության մեջ, ինչպես նաև նկատի առնելով տարածքային զինկոմիսարիատների ներկայացրած փաստաթղթերում և ՀԾՔ-ում (հաշվածառայողական քարտերում), ոստիկանության բաժիններից և տարածքային մարմիններից ստացած տեղեկությունները:

Ուսուցման առարկաների թեմաների յուրացումից հետո զինծառայողներից ընդունվում են ստուգարքներ` գնահատման ցուցակներում գրանցելով գնահատականները, և անձնակազմի պահակային ծառայություն իրականացնելու իրավունք տալու համար անցկացվում է հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են. զորամասի շտաբի պետը (նախագահ), զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալը, բժշկական ծառայության պետը, շտաբի պետի տեղակալը, ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը, ստորաբաժանումների հրամանատարները: Ստորաբաժանման հրամանատարը հանձնաժողովի անդամներին ներկայացնում է զինծառայողներին ու նրանց վերաբերող փաստաթղթերը (պահակային ծառայություն իրականացնելու իրավունք ստացած զինծառայողների ցուցակը, գնահատման ցուցակները, ծառայողական բնութագրերը, ՀԾՔ-ում եղած տվյալները և այլն), զեկուցում է բնութագրերի հիման վրա կատարված եզրակացությունները:

Հանձնաժողովը յուրաքանչյուր զինծառայողի թույլտվության վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում`ցուցակում պարտադիր նշելով «Թույլատրվում է (չի թույլատրվում) պահակային ծառայություն իրականացնելու»: Նշվում են նաև ամսաթիվը և հանձնաժողովի անդամների ստորագրությունները` ցուցակի վերջում:

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա կազմվում է ակտ, զինծառայողի՝ պահակախմբում ծառայելու իրավունքի վերաբերյալ: Զորամասի հրամանատարն ակտը հաստատելուց հետո արձակում է զորամասի շարային մասի հրաման` անձնակազմին պահակային ծառայության թույլատրելու մասին: Այդ հրամանի քաղվածքներն ուղարկվում են ստորաբաժանումների հրամանատարներին, զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալին և զորամասի բուժկետ:

Շարունակելի

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ռազմական


18/07/2013