ԱՆԻԻ ԾՆՈՒՆԴԸ
Պայմանագրային զինծառայողներ Լեւոն Գեւորգյանի, Հովհաննես Ասլանյանի, Արթուր Բորոյանի, Վարդան Միլիտոնյանի հետ հասնում ենք Նորաբակ գյուղ (Գեղարքունիք, Վարդենիս)։ Մեքենայով մեզ պետք է Վարդենիս հասցնի Միրիկ Ղուկասյանը։ Իր նոր տան բակում մեզ դիմավորում է տանտերը։ Սիրով հրավիրում է տուն։ Շտապում ենք, փորձում մերժել, սակայն Միրիկը ոչ մի պատճառաբանություն չի ընդունում. «Հայի օջախ է, նոր օջախ, միայն մի քանի րոպեով»,- ու սրտաբաց տանտերը բացում է իր տան դուռը։ Օջախի բաց դռնից ներս չմտնելը գետաշենցիների համար վիրավորանք է։ «Գետաշենի հայաթափումից հետո ենք հաստատվել այստեղ, ես էլ եմ ծառայում, պատերազմից հետո անցել եմ պայմանագրային ծառայության»,- ասում է Միրիկն ու ներկայացնում իր տան անդամներին։ Սիրանուշ կինը աղջիկների՝ Անիի, Լիանայի, Լուսինեի հետ արդեն սեղանը գցել եւ ժպիտով դիմավորում են մեզ։
-Ավագ որդիս՝ Ալեքսանդրը, տանը չէ։ Ասեմ, որ Ալեքսանդրս ու Անիս ծնվել են Գետաշենում, իսկ Լիանաս ու Լուսինես՝ Նորաբակում։ Անին մի քանի օրական էր, երբ թողեցինք ծննդավայրը…
Հետո Սիրանուշ մայրը պատմում է.
-Անին ծնվեց 1991-ի ապրիլի 3-ին։ Այդ օրերին մեր գյուղում էին ազատամարտիկներ, որոնք Հայաստանից էին եկել եւ մեր տղաների հետ փորձում էին օգնել խաղաղ բնակչությանը։ Մեր գյուղի պատմության ուսուցիչ Թաթուլ Կրպեյանը միշտ ժողովրդի հետ էր, զրուցում էր, ոգեւորում, հույս էր տալիս մեզ։ Հիշում եմ՝ ապրիլի 3-ին Թաթուլն այցելեց գյուղի հիվանդանոց, շնորհավորեց ծննդկան մայրերին եւ երբ պատրաստվում էր դուրս գալ, գրկեց աղջնակիս ու դիմելով ինձ, խնդրանքի նման ասաց.
-Սիրանուշ քույրիկ, ի՞նչ անուն եք որոշել դնել այս հրաշամանուկին։
Ու երբ իմացավ, որ անունը դեռ որոշված չէ, ասաց.
-Եթե խնդրեմ, Անի կդնե՞ք։
Հետո եղան ահասարսուռ օրեր, գաղթ, փախուստ, Թաթուլի հերոսաբար զոհվելը։ Ապրիլի վերջին, երբ Ստեփանակերտի հիվանդանոցում ծննդյան վկայական տալիս ինձ հարցրին, թե ի՞նչ է աղջկաս անունը, ես հիշեցի Թաթուլ Կրպեյանին՝ մեր գյուղի պատմության ուսուցչին, այդ նվիրյալին, հայրենասերին ու ասացի.
-Խնդրում եմ, Անի կոչեք աղջկաս, անունը Անի գրեք։
Արցունքները թափվում էին իմ աչքերից, իսկ ծննդյան վկայականը լրացնող աղջիկը փորձում էր ինձ մխիթարել.
-Ամեն ինչ լավ կլինի, մի հուզվեք։
-Անի անունը մեր գյուղի պատմության ուսուցիչ Թաթուլ Կրպեյանի խնդրանք-ցանկությունն է,- ասացի ես։ -Մեզ դուրս բերեցին գյուղից, իսկ իրենք մնացին, չգիտեմ ի՞նչ եղավ հետո (ես չգիտեի, որ ապրիլի 30-ին հերոսաբար զոհվել է Թաթուլը)։ Ի՞նչ իմանաս, գուցե դա է եղել մեծ հայրենասերի վերջին ցանկությունը։
Եվ պատերազմ տեսած տղաները, Միրիկի օջախում մի հատիկ «փառք» բառով լռությամբ, հոտնկայս հարգեցին հերոսի հիշատակը։
Իսկ հարսնացուի տարիքի, ամոթխած հայացքով Անին Սիրանուշ մայրիկի, քույրերի հետ նորանոր ուտեստներ էր շարում սեղանին, որոնք, զգացվում էր, որ պահեստավորել են այս կողմերի երկար ու ցրտաշունչ ձմռան համար։ Սրտաբաց օջախ էր, սրտաբաց հյուրասիրություն, եւ Գետաշենում զոհված Թաթուլի մասին հուշերը ապրում էին այս նոր հարկի տակ։
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾԱՌԸ
Վերհիշում է Ժասմին Առուստամյանը
Երվանդ հայրս պատմում էր, որ տարիներ առաջ (1965-ին), երբ նորից դրվեց Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը, բնակչությունից ստորագրություններ հավաքելու համար Ղարաբաղ եկած մտավորականներից մեր գյուղ Խաչեն եկավ Պարույր Սեւակը։ Գյուղի եզրի հսկա տնջրենու (չինար) տակ մեծ սեղան էր բացվել, եւ հորդում էր ղարաբաղյան գինին ու Խաչենի թթի օղին։ Սեղանին դրված էին անուն-ազգանուններով ցուցակներ, գյուղացիները մոտենում, ստորագրում ու խմում էին այդ երանելի պահի կենացը։ Տեսնել էր պետք մեծ բանաստեղծի ուրախությունը, հրճվանքը։ Նա ձեռքի ափերով բարձրացնում էր հողը, մոտեցնում աչքերին, համբուրում, ապա շշնջում. «Մի՞թե այդ օրը տեսնելու եմ»։
Հիմա ամեն գյուղ մտնելիս ուխտավորի երկյուղածությամբ մոտենում եմ, շոշափում հաստաբուն տնջրենու բունը եւ շշնջում. «Իմ սիրելի ծառ, քո սոսափներում դու պահել ես բանաստեղծի խոսքերը։ Եկել է այդ օրը, պահը, ե՞րբ է նորից բացվելու սեղանը քո հովանու տակ՝ վերջնական հաղթանակի սեղանը։ Գիտեմ, տխուր կլինի առանց բանաստեղծի, առանց գյուղի զոհված տղաների, սակայն նրանք էին, որ մոտեցրին այս օրը»։
Բանաստեղծի ծառը լսում ու սաղարթներն է լռին օրորում եւ ասես նորից ու նորից հիշեցնում է մեծանուն բանաստեղծի խոսքերը. «Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է նայելով իր այն զավակներին, որոնք սերել են նրա ոսկրից ու ծուծից»:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր