Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆ ՍԵՐԸ



«Թույլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ եւ արգելք մի՛ եղեք նրանց, որովհետեւ Աստծո արքայությունը այդպիսիններին է» (Մարկ. 10:4):

Եթե կարծում ենք, որ մեր սերն ենք արտահայտում մեր զավակների նկատմամբ` տալով նրանց` ինչ որ ուզում են ու փափագում, ապա սխալվում ենք. սա նրանց սիրել չեղավ, այլ կործանել:

Ծնողներն իրենց զավակներին պետք չէ տան ու արտոնեն` ինչ որ նրանք ուզում են ու սիրում են, այլ պետք է տան ու արտոնեն միայն այն, ինչ որ օգտակար է նրանց։ Պողոս առաքյալը այս կապակցությամբ ասում է. «Ամեն ինչ արտոնված է ինձ, բայց ամեն ինչ օգտակար չէ…» (Ա.Կորնթ. 10.23 Հմմտ 6.12)։

Կյանքում շատ բաներ կան, որ կարող ենք անել, որոնք, սակայն, օգտակար չեն։ Եթե մեկը ուզում է շատակերություն անել, արգելող չկա, բայց մեզնից ո՞վ չգիտի շատակերության վնասները։ Եթե մայրը ուզում է իր զավակին արգելել, որ եկեղեցի հաճախի կամ Սուրբ Գիրք կարդա՝ մեկը չի կարող պահանջել իրենից, որ փոխի իր վերաբերմունքը, բայց դարձյալ, ո՞վ չգիտի, որ այդ մայրը դեպի ամբողջական կործանում է առաջնորդում իր զավակին. ո՞վ չգիտի, որ նա պատասխանատու է Աստծո առջեւ` իր զավակի եւ բոլոր այն մարդկանց համար, որոնց գայթակղության պատճառ է դարձել ու է։

Հիշեցեք Հեղի քահանայի օրինակը։ Նա իր զավակների՝ Օփնիի ու Փենեեսի նկատմամբ իր ցուցաբերած անտարբեր ու անհոգ վերաբերմունքով գայթակղության պատճառ էր դարձել ամբողջ ժողովրդի համար (Ա Թագ. 2;22-24)։ Աստվածաշունչը պարզաբանում է, որ Հեղի քահանան երբեք խիստ չէր եղել իր զավակների հանդեպ։ Նա նույնիսկ չի սանձել ու չի հանդիմանել նրանց, երբ նրանք խախտել ու անարգել են աստվածադիր օրենքներն ու պատվիրանները։ Սա է ցույց տալիս Աստծո խոսքը` ուղղված Հեղի քահանային. «Իմ տան համար պատվիրած զոհերս ու ընծաներս ինչո՞ ւ ես անարգում եւ քո որդիներին Ինձնից ավելի ես փառավորում, որպեսզի Իմ ժողովրդի` Իսրայէլի ընտիր զոհերով դուք ձեզ գիրացնեք» (Ա Թագ. 2.29)։

Հավանաբար, հայրական «սիրուց» մղված` Հեղի քահանան չէր ցանկացել իր զավակներին հեռացնել քահանայական պաշտոնից, բայց այսպիսի սխալների հանդեպ լռությունը սիրո կամ բարյացակամության արտահայտություն չէ, այլ՝ բացարձակ անպատասխանատվության եւ անտարբերության արտահայտություն։ Մայրը կամ հայրը չպետք է լռեն իրենց զավակի սխալի դեպքում, մանավանդ, եթե այդ սխալը ուղղված է եղել Աստծո դեմ։ Օփնիի եւ Փենեեսի սխալն ու մեղքը ուղղված էր Աստծո դեմ. նույն ինքն Հեղին այս բանը հաստատում է. «Եթե մարդը մարդու դեմ մեղք է գործում, նրա դատաստանը Աստված է որոշում, բայց եթե մարդը Տիրոջ դեմ մեղք գործի, նրա համար ո՞վ աղաչանք պիտի անի» (Ա Թագ. 2.25)։ Իր զավակի աստվածանարգության նկատմամբ հանդուրժողություն ցուցաբերող մայրը անհանդուրժելի է դառնում Աստծո համար։

Ծնողները իրենց ծնողական պարտականությունը լիովին կատարած կլինեն միայն ա՛յն ժամանակ, երբ առաջնորդեն իրենց մանուկներին մանուկների մեծ սիրահարի՝ Հիսուսի մոտ. «Թողեք, որ մանուկները Ինձ մոտ գան, արգելք մի՛ եղեք նրանց…» (Մատթ. 19; 14)։ Ի՜նչ ցավալի բան է` հանդիպել այնպիսի՛ ծնողների, որոնք չեն ուզում, որ իրենց զավակները իրենց վաղ տարիքից հանձնվեն Քրիստոսին՝ այն տրամաբանությամբ կամ առարկությամբ, որ իրենց զավակները չպիտի կարողանան վայելել իրենց մանկությունը, իրենց երիտասարդությունը, իրենց կյանքը։ Նրանք չեն անդրադառնում, որ Քրիստոսի հետ լինելն ու ապրելը մեծագույն հաճույքն է, գերագույն վայելքն է։ Քրիստոսից հեռու ոչինչ չի կարող հաճելի լինել։

Իր զավակին իսկապես սիրող մայրը կամ հայրը, ամեն բանից առաջ, պետք է ապահովի իր զավակի հավիտենական կյանքը։ Իսկ զավակի համար հավիտենականությունը ապահովելու միակ կերպը նրան Քրիստոսի հետ ծանոթացնելն է։ Քրիստոսից հեռու չկա ապահովություն։ Որեւէ մայր կամ հայր իր սեփական ճիգերով թող ի զուր չփորձի ապահովության եւ վստահության զգացում ներշնչել իր զավակին։

Ապահովության զգացումը մեր զավակների մեջ չի հայտնվի, երբ նրանց անունով մեծ գումարներ դիզենք դրամատներում, ո՛չ էլ` եթե հարկաբաժիններ արձանագրենք նրանց անուններով։ Մեր զավակների ապահովությունն ու հաջողությունը կախված չէ նրանց ունեցած նյութականից, կարողություններից, հանգստավետ պայմաններից։ Մեր զավակները ապահովության զգացումով կլցվեն միայն այնժամ, երբ օգնենք նրանց իրենց սրտերը բանալ Քրիստոսի շնորհի առջեւ։

Սիրելի՛ ընթերցող մայր եւ հայր, «Տերը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպես որդի» (Առ 3.12), ուստի, եթե զավակիդ սիրում ես, հետեւի՛ր Տիրոջ օրինակին եւ քաղցրությամբ «խրատիր» ու հանդիմանիր նրան, երբ սխալ ընթացքի մեջ լինի։ Խրատելը անուշ-անուշ խոսելը չէ միայն, այլ հարկ եղած դեպքում պատժելն է նաեւ, քաղցրորեն պատժելը։ Զավակիդ սխալ ընթացքի հանդեպ հաստատուն կերպով ներողամիտ լինելովդ կարող ես նրա հավերժ կորստյան պատճառ դառնալ:

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Հոգևոր-մշակութային


18/07/2013