Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ



18-ՐԴ ԴԱՐԻ 2-ՐԴ ԿԵՍ- 19-ՐԴ ԴԱՐԻ 1-ԻՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

18-րդ դարի կեսերին Այսրկովկասի ռազմաքաղաքական իրադրությունը նկատելիորեն փոխվեց: Ինչպես պատմության թատերաբեմում Նադիր շահի հայտնվելը, այնպես էլ նրա հեռանալը շրջադարձային եղավ տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի համար: Պարսկաստանի հզորությունը ժամանակավոր վերականգնած եւ հայ մելիքների բոլոր իրավունքները ճանաչած շահի սպանությունից (1747 թ.) հետո վերսկսվեցին գահակալական կռիվները, ինչից օգտվելով զգալի ինքնուրույնություն ձեռք բերեցին ծայրամասային իշխանությունները: Արեւելյան Հայաստանի տարածքում ձեւավորվող Երեւանի, Նախիջեւանի, Գանձակի եւ Ղարաբաղի իշխանությունները զինված հակամարտության մեջ էին միմյանց ու հարակից այլ իշխանությունների հետ:

Ղարաբաղի խանության առաջացման, թուրքական քոչվոր ցեղերի ներթափանցման համար բարենպաստ պայմաններ ապահովեցին նաեւ Արցախի մելիքությունների միջեւ 18-րդ դարի 50-ական թվականներին սկսված ներքին երկպառակությունները: Առիթն օգտագործելով եւ իրագործելով պարսից արքունիքի քաղաքականությունը (այն էր` իր գերիշխանությունը վերականգնել խանություններում, սահմանափակել հայ մելիքների իրավունքները եւ արտոնություններ շնորհել Արցախում հաստատվող պարսիկ ու հավատակից հողատերերին, վաչկատունների ցեղապետերին), Խանասորից հայտնված ջեւանշիր ցեղի առաջնորդ Փանահը հենակետ դարձրեց Շուշի բերդը եւ չարանենգ պայքար սկսեց հայ մելիքների դեմ: Ընդհուպ մինչեւ Ղարաբաղի խանության վերացումը (1822 թ.) տեւած այդ հակամարտության, ինչպես նաեւ Գանձակի խանության հետ ոխակալ թշնամության եւ 18-րդ դարի երկրորդ կեսից ի վեր Այսրկովկասը գրավելու ուղիներ փնտրող Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ռուսաստանի սուր մրցակցության պայմաններում վերահաս հարձակումներին դիմագրավելու անհրաժեշտությունը, առաջին պլան մղվեց հուսալի պաշտպանական ամրությունների կառուցումը: Ինչպես այդ, այնպես էլ յուրացվող երկրամասում ռազմական հենակետեր ունենալու նպատակով Արցախի տարածքում վերակառուցված Շուշիի ու Ասկերանի բերդերը ռազմաքաղաքական նոր իրավիճակում ձեռք բերեցին ռազմավարական կարեւոր նշանակություն:

Ասկերանի ամրոցը կարեւոր դեր խաղաց Շուշի բերդը եւ Կարկառ գետի ողջ հովիտը թշնամու հարձակումներից պաշտպանելու գործում: Բերդապարիսպը ձգվում է Ասկերանի մոտով եւ փակում Կարկառ գետի հովտի` Ղլիջբաղ եւ Քյաթուկ գյուղերի միջակա տարածքը: Առանց Ասկերանի, երկրամասի կենտրոնի` Շուշիի պաշտպանական համալիրը թերի ու խոցելի կլիներ: Գլխավոր բերդը առաջնադիրքային ամրոցներով ուժեղացնելը բխում էր հայկական ամրոցաշինության ավանդույթներից եւ ժամանակի ռազմական արվեստի պահանջներից:

Ասկերանի բերդը ոչ միայն առաջին հարվածն էր իր վրա վերցնում, այլ նաեւ վերահաս վտանգի մասին ազդանշան տալու, զգուշացնելու գործառույթ էր կատարում:

ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

Աղբյուրների պատմահամեմատական վերլուծության ու տեղում կատարած ուսումնասիրությունների հիման վրա Ասկերանի բերդի մասին գրքույկի հեղինակ Սլավա Սարգսյանը եզրակացրել է, որ ներկայիս ամրոցը հիմնականում կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` խանական ժամանակաշրջանում: Ըստ երեւույթին պարսպապատի ձախակողմյան հատվածի շինարարությունն իրականացվել է 50-ական, իսկ աջակողմյանը` 80-ական թվականներին:

Աշխարհագրագետ Սերգեյ Մելքումյանը Ասկերանի բերդապարսպի կառուցման հստակ տարեթիվ է նշում 1760 թ.: Նա թերեւս ելակետ է ընդունել Ս. Ջալալյանցի, Ահմեդ-բեկ Ջավանշիրի, Ա-Դոյի եւ այլոց վկայությունները:

Ամրոցը ճարտարապետական ընդհանրություններ ունի Բովուրխանի, Ավետարանոցի եւ Շուշիի բերդերի հետ, ինչը վկայում է հայ վարպետների ու շինարարների ձեռքով կառուցված լինելու մասին: Չի բացառվում նաեւ, որ Ասկերանի ամրոցի տեղում եղել է հինը, ասենք սղնախների ժամանակ կամ, հավանաբար, ավելի վաղ եւ ընդամենը վերակառուցվել է Ղարաբաղի խաների կողմից: Այս տեսակետից, կասկածի տակ է առնվում նաեւ Ասկերան տեղանվան` օտար ծագում ունենալու վարկածը: «Տեղանունը կազմված է «աս» եւ «կարան» բառարմատներից,- գրում է Ս. Սարգսյանը,- քանի որ նախնական, ուղիղ ձեւը Ասկարանն է: «Աս»-ն ունի երկնային, աստվածային սուրբ իմաստ, իսկ «կարան» նշանակում է քար, հետեւաբար` սուրբ քար, իմա` սուրբ լեռներ, կարկառներ, քարայրներ կամ կարաններ, իբրեւ նախնադարյան մարդկանց միջավայր եւ պաշտամունքի առարկա: Համեմատության համար բերվում է Ասկերան-Ղլիջբաղի հետեւով, դեպի Սարդարաշենի կողմերը ձգվող լեռան ստորին` Ասկերանին հարող բարձունքի (968,1 նիշով) «Հացոտ» անվան բառացի «սրբոտ» (սրբատեղի, սրբավայր) նշանակության մեկնաբանությունը:

ՊԱՐՍԻՑ ԲՌՆԱԿԱԼԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Մեզ ծանոթ Հակոբ Զաքարյանը (Շուշեցին) Ասկերանին անդրադարձել է Աղա-Մահմադ խանի հրամանով Ատրպատականից Սուլեյման շահզադայի (թագաժառանգի կամ արքայի փոխանորդի` փոխարքայի) զորքերի Ղարաբաղ ներխուժելու առիթով: «Արցախ գավառի պատմության» հեղինակը ծանուցում է, որ այդ բոթն առնելուն պես, դեռ հունձքը չավարտած, բնակիչների կեսը քաշվեց Խաչենի Ջրաբերդը, իսկ մյուս կեսը` «յամրոցսն Ասկարան»։ Նրանք, ովքեր անասուններ չունեին, ապաստան գտան Շուշի քաղաքում, իսկ ամրոցներից հեռու բնակվողները թաքնվեցին լեռներում եւ անտառներում:

Դժվարին կացությունում հայտնված Շուշիի Իբրահիմ խանը օգնություն է խնդրում Ասկերանի ամրոցի կառավարիչ Հասան բեկից, որը ամրոցում պատսպարված մոտակա հայկական բնակավայրերի բնակիչների օգնությամբ հարձակվում է անհոգ քնած պարսկական բանակի վրա, իսկ Շուշիի կողմից, համաձայն նախնական պայմանավորվածության, վրա են հասնում շուշեցիները, ծանր պարտության մատնում զավթիչներին, ստիպելով թողնել Ղարաբաղը: Շահի հրամանով Սուլեյմանը վերստին ներխուժեց Ղարաբաղ եւ պաշարեց Շուշին, որի պատերի տակ նոր պարտություն կրեց: Իսկ Ասկերան ամրոցի զորապետ (պարետ) Հասան Ղուլի բեկը հալածեց Սուլեյմանի զորքին մինչեւ Երասխ գետը: Այդ անհաջողություններից զայրացած Աղա-Մահմադ խանն ինքն է անձամբ գլխավորում արշավանքը դեպի Ղարաբաղ:

1795 թվականին՝ 33 օր ապարդյուն փորձելով գրավել Շուշին, Աղա-Մահմադ խանը ստիպված էր թողնել բերդաքաղաքի պաշարումը եւ շարժվել Գանձակ՝ այնտեղից սրընթաց Թիֆլիս արշավելու: Քաղաքը գրավելուց եւ 7 օր այն կողոպտելուց հետո Աղա-Մահմադ խանը վերադարձավ Պարսկաստան եւ օծվեց շահ: Պարսկաստանի տիրապետությունն Այսրկովկասում խափանելու նպատակով Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Աղա-Մահմադ շահին: 1796 թ. ռուսական զորքերը գեներալ Վ. Զուբովի հրամանատարությամբ գրավեցին Դերբենդը, Բաքուն, Շամախին, Գանձակը: Գահ բարձրացած Պավել 1-ը հրամայեց դադարեցնել արշավանքը: Ռուսական բանակը 1797-ին հեռացավ Անդրկովկասից: Դրանից օգտվելով՝ Աղա-Մահմադ շահը կրկին արշավեց Արցախ: «Մահմատ շահ եկեալ հասանի ի կիրջն Ասկարանայ եւ անդ հարեալ զբանակ դադարի,- գրում է Սարգիս Հասան-Ջալալյանը եւ ներկայացնում շահի ու Մելիք Ջումշուդի հանդիպումն ու բանակցությունները Ասկերանի բերդում: Թերեւս դրանք ոչ երկրորդական նշանակություն են ունեցել դյուրությամբ Շուշին գրավելու համար: Ամեն դեպքում, պաշարված բերդաքաղաքից Իբրահիմ խանի (նրա հետ նաեւ 50 ընտանիքների ու 400 բեկերի) փախուստը եւ բերդի հանձնումը պարսից բռնակալին հաջորդեցին իրար: Բայց այստեղ էլ Աղա-Մահմադ շահը սպանվեց իր սպասավորների ձեռքով՝ պարսկական զորքի հապճեպ նահանջի պատճառ դառնալով:

ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Ասկերանի ռազմավարական նշանակությունն ավելի բարձրացավ 19-րդ դարի սկզբներին՝ Այսրկովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացմանը զուգընթաց: Այդ մասին գրել է նաեւ Ե. Պոխոմովը. «Մինչեւ 18-րդ դարի կեսերը նշված վայրը (Ասկարանի կիրճը) մտնում էր Վարանդայի մելիքության կազմի մեջ` հանդիսանալով այն դարպասը, որտեղով այդ ժամանակներում լեռնաշխարհ էին թափանցում թուրքերը:

Այնուհետեւ Ասկերանը, որ ծառայում էր որպես Ղարաբաղի խանության մայրաքաղաքը տանող դարպաս, նշանակալի դեր է խաղացել 19-րդ դարի սկզբին, Ղարաբաղի` Ռուսաստանին միացվելու ժամանակաշրջանում ու ավելի ուշ, ապա եւ լքվել է խանությունների վերջնական կործանումից հետո»:

19-րդ դարի սկզբներին Անդրկովկասում իրադրությունը մնում էր բարդ ու հակասական: Թուրքական ու պարսկական լծի տակ հեծող ժողովուրդները ձգտում էին ազատության:

ԱՍԿԵՐԱՆԸ 1905-1906 ԹԹ. ԹԱԹԱՐ (ԹՈՒՐՔ) – ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Ասկերանի բերդը ռազմաքաղաքական իր վաղեմի նշանակությունը վերստացավ Լեռնային Ղարաբաղին տիրելու նկրտումներ հանդես բերող քոչվորների դեմ պայքարում: Լեռնային Ղարաբաղը քոչվորներին հրապուրում էր անասնապահության համար իր բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Լեռնային Ղարաբաղը նվաճելու նպատակով Աղդամը ռազմական հենակետի վերածելուն զուգընթաց կարեւորվում էր նաեւ Ասկերանի դերը` հնարավոր հարձակումները կանխելու եւ թշնամիներին զսպելու տեսակետից: Ուստի ամենաչնչին իսկ առիթը բավական էր լարված սպասումի մեջ գտնվող այդ երկու ռազմավարական կետերի միջեւ կատաղի բախումներ սկսվելու համար… Օգտվելով ռուսական բուրժուադեմոկրատական առաջին հեղափոխության հետեւանքով կայսրությունում ստեղծված խառնակ իրավիճակից եւ տեղական իշխանությունների թողտվությունից՝ բեկերի եւ թուրքական ծպտյալ գործակալների դավադրմամբ մահմեդական խառնամբոխը զինված հարձակումներ գործեց հարեւան հայերի վրա: 1905 թ. փետրվարի 6-ին Բաքվում սկսված ընդհարումները ազդանշան էին Անդրկովկասի խառը բնակչություն ունեցող մյուս վայրերի համար:

Այսրկովկասի հայաշատ վայրերում տեղի ունեցած զինված բախումներից ամենասաստիկն ու արյունալին Ղարաբաղում էր, որտեղ եւ ռազմական գործողությունների թատերաբեմ էին դարձել Շուշին ու Ասկերանը:

Լավ հասկանալով Ասկերանի ռազմավարական նշանակությունը եւ հատուկ ուշադրություն դարձնելով նրա պաշտպանությանը, Շուշիի Զինվորական մարմինը 1905թ. օգոստոսի 16-ին հրահանգեց փակել Ասկերանը եւ կանխել թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի: Ասկերանում հավաքված հայ մարտիկները Գրիգոր Միրզաբեկյանի (Մածուն Խեչո) եւ Միսակ Տեր-Դանիելյանի (Արամայիս) ղեկավարությամբ, մինչեւ օգնական ուժերի ժամանումը, դիրքեր զբաղեցրին:

Շարունակելի

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/07/2013