ՋՐԱՌԱՏՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Նախքան Հայրենական պատերազմը Ջրառատն ուներ 3488 բնակիչ (1939թ. տվյալներով) և պատերազմի սկզբին Հրազդան քաղաքի թաղամաս-գյուղերից զորակոչված 3340 մարտիկներից ամենաշատը ջրառատցիներն էին` թվով 815 հոգի: Նրանք մարտնչեցին Մեծ Հայրենականի գրեթե բոլոր ռազմաճակատներում, ոմանք իրենց հաղթարշավն սկսեցին խորհրդա-ֆիննական պատերազմի օրերին, ոմանք հասան Բեռլին, մի մասն էլ այն ավարտեց միլիտարիստական Ճապոնիայի դեմ պատերազմին մասնակցելով: Ցավոք, անհայտ կորան կամ զոհվեցին 258-ը (պաշտոնական տվյալներով): Զոհվածների մեջ էին եղբայրներ Խաչիկ, Գուրգեն և Աբրահամ Մալխասյանները. Խաչիկն ու Գուրգենը տաղանդավոր արձակագիրներ էին, լրագրողներ, տպագրվել էին մամուլում, ունեին հրատարակած գրքեր, ճանաչված գրողներ Հրաչյա Հովհաննիսյանի, Գեղամ Սարյանի, Գուրգեն Բորյանի ընկերներն էին: Տաղանդավոր բանաստեղծ էր «Լենինի դրոշով» թերթի խմբագրի տեղակալ Արտավազդ Ենգիբարյանը, որը նույնպես զոհվեց:
Ջրառատից ռազմաճակատ մեկնած շուրջ 30 հոգի միայն կռվում էր Թամանյան գվարդիական 89-րդ հայկական դիվիզիայի կազմում:
Ջրառատցիներից շուրջ 600 հոգի արժանացան ԽՍՀՄ բարձրագույն շքանշանների և մեդալների, նրանց թվում էին Պատվական Բեջանյանը, Նիկոլայ Զարգարյանը, որոնք արժանացան Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշանին: Սերյոժա Կարապետյանը 3 անգամ արժանացավ «Արիության համար» մեդալի: Նիկոլայ Զարգարյանի անունով է կոչվում Կրասնոդարի երկրամասի Վերին Զագուկ գյուղի դպրոցը, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին:
Պատերազմը հաղթանակով ավարտած ջրառատցի ռազմիկները հայրենի գյուղ վերադարձան, նրանց մի մասը՝ հաշմանդամ: Միահամուռ ուժերով նորոգեցին Ջրառատի Մաքսիմ Գորկու անվան կոլտնտեսությունն ու իրենց պապենական տները, եւ ամեն բան առաջվա պես կամաց-կամաց իր տեղն ընկավ…
1974թ. երախտապարտ ջրառատցիները կենտրոնական և հին գերեզմանատների մեջտեղում` «Թոփի բլրի» վրա, կառուցեցին զոհվածների հիշատակին նվիրված սուր հիշեցնող հուշարձան կոթողը` «Անմար կրակով» և «Լացող մայր» քարակերտ կոթողով, որից երեսուն եւ ավելի տարիներ անց՝ 2005թ., ի վերջո, տողերիս հեղինակի նախաձեռնությամբ, Ջրառատում հիմնադրվեց Պատմության թանգարան, որում առանձին բաժնով ներկայացված են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ջրառատցիների ռազմաճակատային նամակները, լուսանկարները, անձնական իրերը և Փառքի սրահը: Համագործակցելով ՀՀ Պատերազմի և զինված ուժերի վետերանների Կոմիտեի հետ՝ Ջրառատում ավանդաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, ռազմահայրենասիրական դաստիարակության դասեր դպրոցականների և ուսանողների շրջանում: Ջրառատում այժմ բնակվում է Հայրենական մեծ պատերազմի մեկ վետերան, ու թեև վետերաններ այլևս չկան, այնուամենայնիվ, անմահ է սխրանքը՝ անմոռաց: Ապացույցը՝ Ջրառատի Պատմության թանգարանում պահվող հերոսների մասունքները:
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մագիստրոս