Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍՊԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ»



36 կարճ ստրատագեմներում չինացիները հավաքել են բոլոր իրավիճակներից դուրս գալու և հակառակորդի հետ վարվելու ձևերի շուրջ` հազարամյակների ընթացքում իրենց դիտարկումների մեծ մասը:

Նախորդ համարում ներկայացվել են 1-14 ստրատագեմները:

15. Ստիպել վագրին լքել սարը:

Վագրին հրապուրել, որ սարից իջնի հարթավայր: Հակառակորդին դուրս քաշել իր հենակետից:

ա/ Վագրին հրապուրելով սարից հարթավայր իջեցնել` վերջինիս վնասազերծելու համար:

բ/ Վագրին դրդիր սարից իջնելու, որպեսզի հետո առանց ջանքերի գրավես սարը /և այդպիսով հաղթես վագրին/:

գ/ Վագրին թուլացնել` հեռացնելով նրան իր կարևորագույն հենարանից:

դ/ Մեկուսացման ստրատագեմ: Վագրին հեռացնել նրանցից, որոնց նա պաշտպանում է, իսկ հետո նրանց հեշտությամբ վնասազերծել:

16. Եթե ցանկանում ես ինչ-որ բան բռնել, նախ այն բաց թող:

Ինչը որ ցանկանում ես հափշտակել, նախ թույլ տուր՝ գնա:

Խաբել ինչ-որ մեկին հենց նրա մտածելակերպի օգնությամբ:

Հակառակորդին թույլ տալ փախչել` չի նշանակում բաց թողնել: Հարկավոր է հետապնդել նրան` մնալով որոշակի հեռավորության վրա: «Մուկն ու կատվի»՝ սրտերը գրավելու ստրատագեմ:

17. Աղյուս գցել` հասպիս /յաշմա/ ստանալու համար:

Արժեք չունեցող ինչ-որ բան տալ` փոխարենը արժեքավոր մի բան կորզելու համար, աննշան նվերի կամ բարյացակամության դրսեւորման շնորհիվ հասնել հաղթանակի, հակառակ կողմին մի աննշան բան տալ` ավելի ուշ առավել էական բան ստանալու համար:

Argumentum ad populum /լատ./` «Ներկայացում ամբոխի համար»:

«Շաքարապատ արկեր»:

«Ագռավի ու աղվեսի», «Ծարավը հագեցնել սալորի տեսքից» ստրատագեմ:

18. Ավազակախումբը վնասազերծելու համար սկզբում հարկավոր է բռնել պարագլխին:

Վնասազերծել հակառակորդ ուժերի առաջնորդին կամ գլխավոր շտաբը, որպեսզի նրան ջախջախելու համար հետո ավելի քիչ ուժեր ծախսես, հակառակորդին անվնաս դարձնել` վերացնելով վերնախավին:

Առաջնորդին բռնելու, գլխին հարված հասցնելու, աքիլլեսյան գարշապարի ստրատագեմ:

«Երբ ծառը կտրում են, կապիկները վրայից փախչում են», «Թելը քաշելով հանգույց ձգել», «Եթե օձին ես խփում, գլխին խփիր», «Եթե ցլին ես տանում, ապա քթի օղակից քաշիր»:

Յուրաքանչյուր գործում հարկավոր է գլխավորից սկսել:

19. Օջախի տակից ցախը հանիր:

Թշնամուն բացեիբաց մի դիմակայիր, բայցեւ աստիճանաբար թուլացրու նրա հենքը:

20. Ջուրը պղտորել` ձուկ բռնելու համար:

Օգտվել թշնամու ճամբարում եղած թաքուն անհամաձայնությունից, նրա թուլությունից և կայունության /հաստատունության/ բացակայությունից օգուտ քաղել:

21. Ոսկյա ճպուռը գցում է իր թեփուկները:

Միշտ վստահության արժանի տեսք պահպանիր: Քո դիրքում, արտաքինում թերություններ թույլ մի տուր: Այդպես կարելի է դաշնակցին հնարավոր վախերից ազատել և հակառակորդին թույլ չտալ նախահարձակ լինելու:

22. Կողպել դարպասները` գողին բռնելու համար:

Եթե հակառակորդը փոքրաթիվ է, տեղում նրան շրջապատիր և ոչնչացրու:

23. Հեռվում գտնվողի հետ բարեկամություն անել, մոտ կանգնածի հետ պատերազմել:

Երբ մեր դիրքերը սահմանափակում ու կաշկանդում են մեր գործողությունները, հարկավոր է մոտ գտնվող հակառակորդի թուլություններից օգուտ քաղել և խուսափել հեռվում գտնվող հակառակորդի հետ պատերազմելուց:

24. Անցում պահանջել Գոյի միջով` նրա վրա հարձակվելու համար:

Թույլը սեղմված է երկու ուժեղ թշնամիների միջև: Հակառակորդն սպառնում է հպատակեցնել նրան:

25. Գողանալ հեծանը և թաքուն փոխել սյուները` առանց տները տեղաշարժելու:

Դաշնակցին ստիպել անընդհատ փոխելու իր զորակազմը: Օգտվել նրա շարքերում տիրող անկարգությունից` ուժերը ջլատելու համար: Սպասել մինչև նա պարտություն կրի, և դառնալ հաղթող:

26. Թաքցնել ակացիան և ցույց տալ թթի ծառը:

Քողարկել իրական մեղավորներին, իրադարձությունների իրական պատճառները` ցույց տալով դրածո կամ հնարովի անձանց:

27. Քեզ հիմարի տեղ դիր` տեղի չտալու բուռն ցանկություններին:

Լավ է ձևացնել, թե ոչինչ չգիտես և չես ցանկանում ոչինչ անել, քան ցույց տալ, որ ամեն բան գիտես և անխոհեմ գործես: Նա, ով հանդարտ է եւ հավասարակշիռ, իր ծրագրերը նախապես չի բացում:

28. Բարձրացնել տանիք և հեռացնել սանդուղքը:

Խաբել սեփական զինվորներին` խոստանալով նրանց հեշտ հաղթանակ: Առաջ մղել նրանց` կտրելով նահանջի ճանապարհները՝ դարձնելով նրանց մահացու իրավիճակի պատանդները:

29. Չոր ծառի վրա ծաղիկներ կախել:

Դաշնակցի մի քանի ջոկատներ քո կողմը գրավել, ոչ այնքան մեծ ուժը կարող է մեծ արդյունքի հանգեցնել:

30. Հյուրին նստեցնել տանտիրոջ տեղը:

Շոշափել մուտքը և շարժվել առաջ, քանի դեռ չես հասել գերիշխող դիրքի:

31. «Գեղեցկուհի» ստրատագեմ:

Եթե զորքը հզոր է, ուրեմն հարձակվիր հրամանատարի վրա: Եթե հրամանատարն իմաստուն է՝ ազդիր նրա զգացմունքների վրա: Հնարավոր տարբերակներից մեկն է` նրա մոտ ուղարկիր մի գեղեցիկ կին: Կամ էլ օգտագործիր այն կնոջը, որը կարող է ազդել նրա վրա:

32. Բացված քաղաքային դարպասների ստրատագեմ:

Սուտը ներկայացնել որպես իրականություն, իսկ իրականությունը` որպես սուտ: Ստիպել հակառակորդին թակարդ տեսնել այնտեղ, որտեղ այն իրականում չկա:

33. Երկպառակություն սերմանելու ստրատագեմ:

«Բաժանիր, որ տիրես»: Օգնելով մեկին մյուսի դեմ պայքարում, նրան քեզանից կախման մեջ ես պահում:

34. Ինքն իրեն միտումնավոր վերք հասցնելու ստրատագեմ:

Երբեք ոչ ոք չի ցանկանում ինքն իրեն վերք հասցնել: Եթե մեկն ինքն իրեն վիրավորել է, ապա այստեղ խարդախություն չկա: Եթե սուտն այնքան ճշմարիտ է թվում, իսկ ճշմարտությունը՝ սուտ, ուրեմն խորամանկությունը հաջողվել է:

35. Շղթայի ստրատագեմ:

Եթե հակառակորդի զորքը չափազանց մեծաքանակ է, և բացեիբաց նրան հակազդելը անհնար, ապա հարկավոր է ստիպել նրան, որ ինքն իրեն կապի և այդ ձևով ոչնչացնել նրա ուժերը:

Հասնել նրան, որ հակառակորդն ինչ-որ ձևով ինքն իրեն կաշկանդի և խոցելի դառնա հարձակման համար:

36. Փախուստը /լրիվ անհուսալիության պարագայում/ ամենալավ ստրատագեմն է:

Որպես օրինակ մեջբերենք Գրիմ եղբայրների «Աղվեսն ու կատուն» հեքիաթը: Մի անգամ կատուն անտառում հանդիպում է աղվեսին: «Նա այնքան խելացի ու փորձառու է, որ աշխարհում բոլորը նրան հարգում են», – մտածում է կատուն և դիմում աղվեսին: «Բարի օր, տիկի՛ն աղվես, ինչպե՞ս եք ապրում: Այս դժվար ժամանակներում ինչպե՞ս եք յոլա գնում, ախր, այնպիսի թանկություն է»:

Աղվեսն արհամարհանքով նայում է կատվին, ոտքից գլուխ նրան չափում, մտածում, թե արժե նրան պատասխանել, ի վերջո՝ ասում է. «Ախ, դո՛ւ, մլավան հիմարի մեկը, սոված մուկ բռնող, այդ ի՞նչ ես իմացել, որ դեռ համարձակվում ես իմ որպիսությունը հարցնել: Դու ի՞նչ գիտես, ի՞նչ գիտության ես տիրապետում»:

«Միայն մի բան գիտեմ», – համեստորեն պատասխանում է կատուն:

«Եվ ո՞րն է դա», – հարցնում է աղվեսը:

«Եթե իմ հետևից շներ են ընկած, ապա ես ցատկում եմ ծառին և այդպիսով փրկվում»:

«Ու վե՞րջ, – ասում է աղվեսը: – Իսկ ես հարյուր արվեստների վարպետ եմ և բացի այդ լիքը պարկ խորամանկություններ ունեմ: Ես քեզ խղճում եմ: Արի միասին գնանք ու ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես է պետք շներից փախչել»:

Նույն պահին այդտեղով անցնում էր որսորդը իր չորս շներով: Կատուն իսկույն ցատկում է ծառը, նստում ամենավերևում, թաքնվում ճյուղերի ու տերևների հետևում:

«Բացե՛ք ձեր պարկը, տիկի՛ն աղվես, բացեք պարկը», – բացականչում է կատուն, սակայն շներն արդեն բռնել էին նրան և ամուր պահել ատամներով: «Էհ, տիկի՛ն աղվես: Ահա դուք ձեր 100 վարպետություններով բռնվեցիք: Իսկ կարող էիք ինձ նման ծառին բարձրանալ, և պետք չէր լինի կյանքին հրաժեշտ տալ»:

Շարունակելի

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


18/07/2013