ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒՂԵՆԻՇ
Վլադիմիր Բալայանը՝ 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատարը, ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Հայրը` Ալեքսեյ Բալայանը, երկար տարիներ շրջանային թերթի խմբագիրն էր, եւ Վլադիմիրը թերթում աշխատում էր որպես տպագրիչ: Հետագայում նա ավարտեց գյուղատնտեսական ինստիտուտը եւ աշխատեց որպես անտառապահ Մարտակերտի անտառտնտեսությունում: Ամուսնացել եւ կազմել էր հոյակապ ընտանիք ու խաղաղ ապրում էր իր կնոջ եւ երեք երեխաների հետ: Սակայն կյանքի սովորական ընթացքը խախտվեց 1988 թվականին: Վլադիմիրը քաջ գիտակցում էր, որ հարազատ հողին մահացու վտանգ է սպառնում: Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները՝ խելացի երիտասարդը շատ շուտ հասկացավ, որ պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել: Վաճառեց սեփական ավտոմեքենան, զենք գնեց եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորեց, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն:
Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն որեւէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:
Մարդիկ զարմանում էին, թե ինչպես այդ սովորական երիտասարդը, որ առանձնապես աչքի չէր ընկնում, դարձավ հմուտ հրամանատար, փայլուն զինվորական: Հիրավի, հերոսները հաճախ ապրում են մեզ հետ, մեր կողքին՝ սովորական կյանքով: Սակայն հայրենիքի համար օրհասական մի պահի նրանց մեջ արթնանում են բացառիկներին հատուկ անսահման ոգեղեն հնարավորությունները, եւ նրանք նետվում են կատարելու ի վերուստ իրենց վերապահված աստվածային բարձր առաքելությունը:
♦♦♦
1991 թվականի ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այդ ծանոթությունը նրանց ճակատագրերով կապեց միմյանց ընդմիշտ… Այդ ծանոթությունը իրոք էլ ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ:
Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ, բարեկամային մթնոլորտ եւ թե՛ խիստ կարգապահություն: Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ: Նրանք տիրապետում էին արեւելյան մարտարվեստներին եւ անընդմեջ կոփում իրենց մարմինը: Նույնիսկ ծանր մարտերից հետո, կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները: Սակայն ամենից կարեւորն ու հատկանշականը երկու հրամանատարների միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը:
…Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը: Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից: Սակայն Վլադիմիրը անկոտրում էր: «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»: Եվ նա մինչեւ վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում:
Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 5 զոհ: Դժբախտաբար, 6-րդը եւ 7-րդը եղան հենց իրենք` երկու հրամանատարները` Վլադիմիրը եւ Լեոնիդը…
♦♦♦
…1992-ի ապրիլի 9-ին ադրբեջանցի հրոսակները ներխուժեցին Մարաղա. Վլադիմիրը գտնվում էր Ստեփանակերտում: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը հետ էին քաշվել, սակայն բնակիչների մի մասը մնացել էր գյուղում… Թշնամին դաժան հաշվեհարդար տեսավ տեղի խաղաղ բնակչության նկատմամբ: Ստանալով Մարաղայի վրա ադրբեջանցիների հարձակման լուրը` զինվորները, Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, անմիջապես օգնության հասան: Թեժ մարտերն ընթանում էին գյուղի մեջ… Նախ՝ վիրավորվեց հրամանատարը` Լեոնիդը: Հետո վիրավորվեց սփյուռքահայ Հովսեփ Հովսեփյանը, սակայն նրանք չլքեցին մարտի դաշտը… Համառ կռիվները շարունակվում էին գյուղի փողոցներում… Վլադիմիրը Ստեփանակերտում տեղեկանալով, որ Մարաղայի վրա հարձակում է սկսվել, անմիջապես զրահատեխնիկայով ուղեւորվեց այնտեղ… Նա հեռակապով նեղյալներին տեղեկացրեց իր մոտենալու մասին: Մարտի դաշտում Վլադիմիրի անսպասելի հայտնվելը ոգեւորեց մեր զինվորներին, եւ խառնաշփոթ առաջացրեց թշնամու շարքերում: Առանց կանգ առնելու, նա զրահամեքենայով մտավ գյուղ եւ գրոհեց հակառակորդի դիրքերը: Քիչ անց մեր զինվորները հուժկու հակագրոհով դուրս շպրտեցին թշնամուն: Ադրբեջանցիներն այնպիսի խուճապով փախան գյուղից, որ նույնիսկ չհասցրին իրենց հետ տանել դիակները:
1992 թվականի հունիսի 6-ից ադրբեջանցիները լայնածավալ հարձակում սկսեցին Չայլուի ուղղությամբ… Լեոնիդը Երեւանի հիվանդանոցներից մեկում ապաքինվում էր, եւ զորքերի հրամանատարությունը ստանձնել էր Վլադիմիրը: Թշնամին սկսեց ռմբակոծությունը: Վլադիմիրը հրամայեց բոլորին` գնալ թաքստոց, իսկ ինքը մնաց դիտակետում… Եվ հենց այդ ժամանակ էլ թշնամու արկերից մեկը պայթեց դիտակետում՝ Վլադիմիրի կողքին…
♦♦♦
Սգո արարողության ժամանակ Լեոնիդ Ազգալդյանը ասաց. «Վլադիմիրի նման զինվոր հայ ժողովուրդը ծնում է դարը մեկ»: Այդ օրը հազարավոր մարտակերտցիներ առաջին եւ վերջին անգամ Լեոնիդ Ազգալդյանին տեսան արտասվելիս…
(Տասներկու օր անց՝ հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ զոհվեց նաեւ Լեոնիդ Ազգալդյանը…):
Տարիներ անց՝ 2008 թվականի փետրվարին, Վլադիմիր Բալայանի 50-ամյակի առթիվ, Մարտակերտի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց հերոսի անունով: Անշուշտ, Արցախում այսօր արդեն իսկ հասակ առնող նոր սերնդի համար Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի անցած երկրային փառահեղ ուղին կդառնա լուսավոր ուղենիշ:
ԷՎԵԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Ճակատագրեր