Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»



Անցած ուսումնական փուլում զինված ուժերում տեղի ունեցան պահակային ծառայության հետ կապված ցավալի միջադեպեր, որոնց հետևանքով մարդկային կորուստներ եղան: Ի՞նչ է արվում նման միջադեպերը կանխելու, զինվորական ծառայության անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս հարցերի շուրջ մեր թղթակիցը զրուցեց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-Պարոն գնդապետ, ի՞նչ արդյունքներով ամփոփեցիք ձմեռային ուսումնական փուլը։

-Ձմեռային ուսումնական փուլի ընթացքում ամբողջությամբ վերահսկողություն սահմանեցինք զորամասերում առօրյա ծառայությունը կանոնակարգող ղեկավար փաստաթղթերի ճիշտ վարման, օրվա վերակարգի ընտրության ու նախապատրաստման, օբյեկտների հուսալի պահպանության կազմակերպման, նոր կառուցվող զորանոցային օբյեկտները կանոնադրային պահանջներով կահավորելու, զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության համալիր տեսական և գործնական պարապմունքների անցկացման նկատմամբ։ Վերահսկողություն է իրականացվել մի քանի տասնյակ զորամասերում, որոնց մի մասը պլանային ու հանկարծակի, իսկ 9-ը` օգնություն ցուցաբերելու նպատակով։ Զորամասերում փաստաթղթային տնտեսությունը վարվում է ճիշտ։ Նախկին լուրջ բացթողումներն ու օրենքի խախտումները բացառվում են։ Մեր վարչությունն այսօր զորքերին է տրամադրել ծառայության ճիշտ կազմակերպման անհրաժեշտ մեթոդաբանությունն ու բոլոր փաստաթղթերի ճիշտ վարման ձևանմուշները։

-Ձեր գլխավորած վարչության գործառույթների կարևորագույն բաղկացուցիչներից են ներքին ծառայությունը, պահակային ծառայությունը և զինվորական ծառայության անվտանգության ապահովումը։ Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել ներքին ծառայության ոլորտում։

-Զինծառայողների տեղավորման և սոցիալ-կենցաղային պայմանների առումով հատուկ ուշադրություն է դարձվել ննջարաններում մեկ անձի համար սահմանված 12 խոր. մետր օդի հաշվարկի ապահովմանը, որը հնարավոր է դարձել երկհարկ մահճակալներից մեկ հարկաշարի անցնելու պարագայում։ Երկրորդ կիսամյակում մի քանի զորամասերում շահագործման կհանձնվեն զորանոցներ, ճաշարանը, կապիտալ վերանորոգման կենթարկվեն 2 զորանոցներ։

Ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը նույնպես ուշադրությունից դուրս չի մնացել` հունվար-փետրվար ամիսներին կազմվել են հատուկ հսկիչ գրաֆիկներ և ամենօրյա վերահսկողություն է սահմանվել մայրաքաղաքի ու Արմավիրի կայազորների զորամասերում, իսկ մյուս կայազորներում առնվազն շաբաթը մեկ անգամ շրջայց է կատարվել։ Արդյունքների մասին մշտապես զեկուցվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանին։ Արդյունքները եղել են բավարար։ Զենք, զինամթերքի տեղավորման, պահպանության առումով ևս լուրջ բացթողումներ չեն եղել։

Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` ի թիվս կայազորային նշանակության այլ խնդիրների, յուրաքանչյուր ուսումնական փուլում զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի հետ «Արտակարգ իրավիճակներում անձնակազմի տարհանումը և պայմանական հրդեհի մարումը» թեմայով պլանավորել և անցկացրել ենք մեթոդագործնական մեկ պարապմունք` համագործակցելով տարածքային արտակարգ իրավիճակների մարմնի հրշեջ փրկարարական ջոկատների և ԶՈՒ թիկունքի հակահրդեհային տեսչության հետ՝ պարապմունքների ղեկավար նշանակելով կայազորների հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետերին։

Պլանային ստուգումների ենթարկված բոլոր զորամասերում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել և՛ ներքին, և՛ պահակային ծառայություններից։

-Մահվան ելքով վերջին երկու դեպքերը վկայում են, որ դեռ շատ անելիքներ կան պահակային ծառայության կազմակերպման ոլորտում։ Որոշ զորամասերում հրամկազմի իրականացրած ստուգումները երբեմն կրում են ձևական բնույթ, ինչը չի վրիպում ՊՆ ղեկավարության աչքից։ Իրավիճակը կտրուկ շտկելու ուղղությամբ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։

-Նախ ասեմ, որ զորամասերում օբյեկտների պահպանությունն ու պաշտպանությունը իրականացվում է պահակային ծառայության միջոցով։ Ներքին պահակային ծառայությունը կազմակերպվում է ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողների ուժերով։ Այն զորամասը, որտեղ տեղի ունեցավ մահվան ելքով առաջին դեպքը, մեր բանակի լավագույն զորամասերից է՝ մշտապես ԶԾԱ ապահովման բարձր ցուցանիշներ ապահոված, հրամանատարն էլ արհեստավարժ, կայացած զինվորականի համբավ ունի, բայց, արի ու տես, ողբերգությունը տեղի ունեցավ հենց այդ զորամասում։ Պահակային ծառայության մեջ թույլ տված չնչին վրիպումն անգամ կարող է հանգեցնել մեծ ողբերգության՝ հայ զինվորի, հայ պատանու ցավալի ու անդառնալի կորստի։ Պահակային ծառայությունը ամենօրյա խիստ հսկողություն է պահանջում։

Նախապատրաստական փուլում կազմակերպել ենք պահակապետերի հավաքներ, տեղերում անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ։ Պլանային բոլոր ստուգումների ժամանակ պարտադիր ցուցադրական պարապմունքներ ենք անցկացրել պահակային ավաններում, որոնք և ստուգվել են վարչության աշխատակիցների կողմից։

Դեռևս կայացման ու կատարելագործման փուլում է ԶՈՒ թիկունքի, սպառազինության, ՌՔԿՊ, կապի, ավիացիայի վարչությունների ենթակա մի շարք զորամասերի գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ուժերով իրականացվող պահակային ծառայությունը։ Այսօր արդեն զորամասերում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև ոչ զինվորական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով։

– Որքան գիտեմ, անցած ուսումնական փուլում զինվորական ծառայության անվտանգության մեթոդներն ուսուցանելու նպատակով կատարվել են նորարարություններ:

-Այո՛, ուսումնական փուլի մեկնարկի առթիվ փետրվարի 1-ը զորամասերում հայտարարվել էր «Զինծառայության անվտանգության օր», և անձնակազմի հետ անցկացվեցին զինծառայության անվտանգության պարապմունքներ, որոնց կազմակերպման դրական փորձը հաշվի առնելով՝ կարելի է վստահ ասել՝ հրամանատարներն այս անգամ բավականին իրազեկված էին ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնակարգում ավելացված նոր՝ 13-րդ գլխի պահանջների մասին։ Հընթացս բարելավվում են ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները, ուսումնական փուլի ընթացքում անվտանգության կանոնների ուսուցման կարգի վերաբերյալ բավարար փորձ է ձեռք բերվել։ Սեմինար պարապմունքների շնորհիվ բարձրացել է ծառայողական քննությունների անցկացման որակական ցուցանիշը, ավելացել է զորամասերի ԶԾԱ ապահովման մշտական հանձնաժողովների պատասխանատվությունը։ ԶԾԱ հանձնաժողովների դերը, նրանց աշխատանքները խթանելու նպատակով ուսումնական փուլի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով առաջին անգամ անցկացվեց «Զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման և ապահովման լավագույն զորամաս» մրցույթ` ԶՈՒ զորամասերի մասնակցությամբ, իսկ այս տարի մայիսի 30-ին կազմակերպվեց ԶԾԱ համաբանակային կոնֆերանս` զորամասերի ԶԾԱ հանձնաժողովների նախագահների ու ԶԾ սպաների մասնակցությամբ և ԶՈՒ պատասխանատու օղակի վարչությունների ներգրավմամբ։

-Լրակահավորման տեսանկյունից ի՞նչ վիճակում է զորքերի ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ ուսումնանյութական բազան։

– Անցած տարի շահագործման է հանձնվել 10 պահակային ավան, այս տարվա ընթացքում պահակային ավաններից կլրակահավորվեն 15-ը, որոնցից 5-ը` առաջիկա երեք ամիսներին, որոշ զորամասերում նյութական միջոցների հատկացման աշխատանքները ընթացքի մեջ են։ Այցելուների սենյակների կահավորման համար պատվիրված են պաստառներ, կուլտժամանցի գույք, որոնք կբաշխվեն մինչև տարեվերջ։ Զորքերի ծառայության մեթոդական ուղեցույցի օրինակները ևս բաշխվել են զորամասերին։ Անելիքներ դեռ շատ կան, և մինչև տարեվերջ զորքերում կլինեն էական, շոշափելի տեղաշարժեր։

– Որո՞նք են վարչության առաջիկա խնդիրները։

-Մեր ամենօրյա խնդիրներն են` մշտապես և կանոնակարգված մեթոդական օգնություն ցուցաբերել զորամասերի հրամանատարներին, ճիշտ պլանավորել զորքերի ծառայությունը, զորամասի կազմով «Անվտանգության օր» միջոցառումը կազմակերպել հավուր պատշաճի, խթանել զորամասերի զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողովների գործունեությունը, օբյեկտների հուսալի պահպանությունը, պահպանության տեխնիկական միջոցների ներդրմամբ հնարավորինս կրճատել օրվա վերակարգի կազմը։

Ինչ վերաբերում է առաջիկա խնդիրներին, ապա ուսումնական զորամասերի կրտսեր հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով շարունակելու ենք «Օրվա վերակարգի նախապատրաստումը և փոխարինումը», «Պահակախմբերի հերթափոխումը» թեմաներով հրահանգչամեթոդական պարապմունքների անցկացումը։ Որպես զինվորական ծառայության անվտանգության կանխարգելիչ միջոցառում` իրականացնելու ենք դեպքերի եռամսյա վերլուծություն` հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության կանոնների պահպանմանը։ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործընթացը խթանելու, լավագույն ԶԾԱ մշտական հանձնաժողովների փորձը տարածելու նպատակով մինչև օգոստոսի 5-ը անցկացնելու ենք «Անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով արտագնա մեթոդական հավաքներ` ըստ կայազորների: Կայազորային ծառայության շրջանակներում համագործակցելու ենք զինվորական կայազորների պետերի և ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների հետ։

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ազգային բանակ


18/07/2013