Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔ, ՈՐ ՆՄԱՆ Է ԼԵԳԵՆԴԻ



Արծրուն Ալեքսանյանի «Կյանք, որ նման է լեգենդի» ստվարածավալ, նկարազարդ գիրքը նվիրված է 89-րդ Թամանյան կարմրադրոշ դիվիզիայի ավագ լեյտենանտ, ավագ բուժքույր Ելիզավետա Կարապետյանի պատերազմական սխրանքների ու խաղաղ օրերի գիտամանկավարժական ու հասարակական գործունեությանը։ Մենագրության միջոցով հեղինակը ներկայացնում է Ելիզավետա Կարապետյանի արմատները։
Հեղինակը գրքում հանգամանորեն ներկայացնում է Թամանյան 89-րդ դիվիզիայի ռազմական գործողությունները կովկասյան նախալեռներից մինչեւ Բեռլին։ Ավագ լեյտենանտ, սանգումարտակի ավագ բուժքույր Ելիզավետա Կարապետյանն ամեն տեղ է՝ առաջին գծում, բազմիցս վիրավորվել է, բուժվել ու շարունակել փրկել վիրավոր զինվորներին, շալակելով հասցրել դաշտային հոսպիտալ։
Նա 18-ամյա ուսանողուհի էր Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, երբ Մեծ հայրենականի բոթը տուն է հաղորդում ճարտարապետ-շինարար հայրը՝ Մկրտիչ Էրզրումցի Կարապետյանը։ Պատերազմ են մեկնում Մոսկվայի Բաումանի անվան տեխնոլոգիական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող եղբայրը՝ Կարապետ Կարապետյանը, ավագ քույրը՝ Հոկտեմբերյանի շրջանի Մարգարա գյուղի ինֆեկցիոն բժշկուհի Վարդուհին։ Չէր կարող անտարբեր մնալ նաեւ Լիզիկը։ Նա ներկայանում է Երեւանի Սպանդարյանի անվան շրջզինկոմ ու կամավոր մեկնում ռազմաճակատ։
Ավարտելով սանիտարական ուսումնարանը, Լիզան ընդգրկվում է Թամանյան լեռնահրաձգային 89-րդ դիվիզիայում, ակտիվ մասնակցություն է ունենում Մոզդոկի, Նովորոսիյսկի, Կրասնոդարի երկրամասի պաշտպանությանն ու ազատագրմանը, վիրավորվում է Կերչի, Թամանի հերոսական ճակատամարտերում։ Բուժվում է, շարք վերադառնում եւ, անցնելով Դնեպրն ու Դուկլինյան լեռնանցքը, ազատագրում Ուկրաինան, Կարպատները, Արեւելյան Պրուսիան, ապա ծանր վիրավորվում Օդերի գետանցման ժամանակ։
Ձեռքից ու ոտքից վիրավոր, բայց փայլուն հաղթանակով գալիս է տուն՝ շարունակում ուսումը իր սիրած մասնագիտությամբ։
Քաղաքացիական խաղաղ ստեղծագործ աշխատանքում Ելիզավետա Կարապետյանը պատասխանատու աշխատանքներ է վարում Վարդենիսում, Նուբարաշենում ու Երեւանում։ Երկար տարիներ ղեկավարում է Երեւանի մանկավարժ վետերանների հասարակական կազմակերպությունը։
Ավերիչ երկրաշարժի եւ Արցախյան պատերազմի տարիներին օգնում է անօթեւաններին, բռնագաղթածներին, Արցախի դպրոցականներին ու ազատամարտիկներին։ 2000թ. հայտնվում է Ամերիկայում, դառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի Գլենդելի հայ վետերանների միության փոխնախագահը։ Ավելի քան 250 ծանրոց է առաքում Հայաստան, Արցախ, աղետի գոտի, վետերաններին ու ծնողազուրկ երեխաներին։
Այսօր էլ անվանի վետերանը շարունակում է իր բարերարությունը՝ օգնելով ծնողազուրկ երեխաներին ու մանկավարժ վետերաններին։
Գիրքը ողջունել են Կալիֆորնիայի բազմաթիվ վետերաններ, պրոֆեսոր Գրիշա Դարբինյանը, հայ-ամերիկյան վետերանների միության պատվավոր նախագահ Թորգոմ Փահլեւանյանը, փոխնախագահ Հակոբ Զաքարյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը եւ ուրիշներ։ Գրքի տպագրությանն աջակցել են Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ Գրիշ Դավթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, առաջաբանը գրել են գրականագետ Իլյա Ուլյանը, ՀՀ վետերանների միության նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը։ Գրքի տպագրությունը հովանավորելու է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը։
Մեր խորին շնորհակալությունը հեղինակին՝ բարեխիղճ աշխատանք կատարելու համար։

ՍՈՒՐԵՆ ԵՐԵՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թամանյան դիվիզիայի վետերանների միության նախագահ
թանգարանի տնօրեն գնդապետ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Ճակատագրեր


10/03/2011