Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՍԱԿԵՐՊ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ



Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Հայկական մարտարվեստ» նոր խորագիրը, որի ներքո այսուհետ կտպագրվեն առողջ ապրելակերպի, հայկական մարտարվեստի, հասարակական առողջ փոխհարաբերությունների, զինված ուժերում մարտարվեստի տարածման, կարևորության և բազմաթիվ այլ թեմաներով հոդվածներ: Խորագիրը վարում է հայկական մարտարվեստի հիմնադիր, մարտարվեստի վարպետ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

«Հայկական մարտարվեստ» խորագրի նպատակն է հասարակությանը ներկայացնել իրական մարտարվեստի էությունն ու կարևորությունը մեր երկրի, հայ մարդու համար, նպաստել մարդկային առողջ փոխհարաբերությունների, հայրենիքի և պետականության նկատմամբ հարգանքի, հզոր և միաժամանակ խաղաղասեր լինելու գիտակցության ձևավորմանը, բանակ-պետություն-հասարակություն եռամիասնությանը:

Մարտարվեստն այսօր կենսական նշանակություն ունի մեր երկրի համար՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքն ու հարաբերությունները հարևանների հետ: Ժողովրդի ոգին ու կամքը ամուր, կայուն պահելու տեսանկյունից անդրադառնալով մարտարվեստների պատմությանը՝ պետք է ընդգծել, որ մարտարվեստը մարդուն հայտնի է այնքան ժամանակ, որքան հենց մարդկությունը գոյություն ունի: Այն արտացոլում է մարտավարության արվեստ, այսինքն՝ խոսքն ամենևին էլ առաջին հերթին հարձակվելու, կռվելու կամ պաշտպանվելու մասին չէ: Մարտավարության արվեստը ներառում է մարդկային կյանքի գրեթե բոլոր բնագավառները՝ նպաստելով մտքի, մարմնի և հոգու ներդաշնակ զարգացմանը և մարդ արարածի կատարելագործմանը: Կատարելության ճանապարհով քայլելով՝ մարդը փնտրում է իր զարգացման ու ներդաշնակության առավել արդյունավետ մարտավարություն:

Ամուր, ուժեղ մարմին, ճկուն միտք, խաղաղ հոգի. ահա սա է մարտարվեստում հաջողության հասնելու առաջին նախապայմանը և կատարելության ձգտման ամենաարդյունավետ ուղին: Մտավոր ոլորտում գործող շատ մարդիկ այսօր շատ հաճախ երկրորդական պլան են մղում մարմնի և հոգու զարգացումը, մինչդեռ այս ամենը պետք է համադրել, և հենց այդ ժամանակ էլ հնարավոր է հասնել գերազանց արդյունքների հենց նույն ինտելեկտուալ, մտավոր դաշտում: Այսինքն՝ մտավոր աշխատանքով զբաղվող մարդը, եթե աշխատի զարգացնել նաև իր մարմինն ու խաղաղեցնի հոգին, ապա իր գործունեությունը բնականաբար առավել արդյունավետ ուղով կընթանա, և աշխատանքի արդյունքն առավել զգալի ու դրական կլինի: Ահա թե որոնք են մարտավարության արվեստի իրական տրամաբանությունն ու իմաստը:

Անդրադառնալով մարտարվեստների պատմությանը` պետք է նշել, որ վերջիններս լայն տարածում են գտել հատկապես զարգացած երկրներում, որտեղ հասարակության գիտակցությունը շեշտադրում է մարդու մեջ մտքի, հոգու ու ֆիզիկական ամրության եռամիասնության գաղափարը: Այս ամենը մարդուն մեծապես օգնում է առօրյա կյանքում զերծ մնալու ավելորդ լարվածությունից, չմտածված ու տարերային քայլերից՝ միաժամանակ ձևավորելով ամուր ու առողջ մարմին ու նույնքան առողջ, սթափ միտք: Մարտարվեստի դպրոցը յուրաքանչյուր մարդու (անկախ սեռից և տարիքից) դաստիարակման և կատարելագործման վայր է: Ես-ի խնդիրը հաղթահարած մարդիկ, որոնք գիտակցում են կատարելության ձգտման կարևորությունը, արդեն իսկ դրանով կարևոր քայլ են կատարում դեպի ինքնադաստիարակում, կատարելագործում և ներդաշնակություն՝ հասնելով հաջողության թե՛ իրենց մասնագիտական ոլորտում, թե՛ անձնային հարաբերություններում:

Մարտարվեստը ուժի նվազագույն կիրառմամբ և էներգիայի հնարավորինս քիչ կորստի միջոցով մարդու բանականության (պարզ և ուղիղ զգացմունքների) ինքնաարտահայտումն է:

Մշակված տարբեր վարժանքների և տեխնիկական աշխատանքների միջոցով մարդը սովորում է ոչ թե հաղթել ինչ-որ մեկին կամ մի քանիսին, այլ առանց ավելորդ էներգիա վատնելու հասնել ցանկացած խնդրի լուծմանը: Եվ այս ամենը` շնորհիվ մարտարվեստով ձեռք բերած համբերատարության, ուշադրության, մտքի ու մարմնի ամրության և ճկունության:

Տիրապետել որևէ մարտական տեխնիկայի և առավել ևս կարողանալ այն կիրառել մարտի ժամանակ, ինչ խոսք, արդյունք է մարդու մտքի ճկունության և զգայունության: Միայն մարզված և ճկուն միտքը կարող է տեսնել, զգալ և վայրկենապես օգտագործել հարմար պահը՝ հակառակորդի ագրեսիան չեզոքացնելու համար՝ նայելով հակառակորդի աչքերին: Հենց մարզումների ու կատարելագործման ուղին է, որ օգնում է մարդուն ոչ միայն մարտի ժամանակ, այլև կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հասնել հաջողության ու ցանկալի արդյունքի՝ առանց ավելորդությունների:

Ի վերջո, անհերքելի է ու ակնառու. եթե մարտարվեստը որևէ կապ չունի առօրյա կյանքի հետ, ինչո՞ւ պետք է 21-րդ դարի մարդը, անկախ տարիքից ու սեռից, զբաղվի այս քրտնաջան մարզումներով:

Մարտական յուրաքանչյուր շարժում պետք է բխի սրտից: Այդ իսկ պատճառով, մինչ մարտական տեխնիկայի վերաբերյալ խորը գիտելիքներ ստանալը, անհրաժեշտ է, որ մարտարվեստի դպրոցներում սաները ճանաչեն մարմնի, մտքի և հոգու գաղտնարաններին տիրապետելու ուղին: Այս ամենից հետո միայն մարտական հնարքների միջոցով պետք է ձգտեն ինքնաարտահայտման: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ ամեն մարդ յուրօրինակ է ու տարբերվում է մյուսներից, ինքնաարտահայտումը պետք է լինի նույնքան յուրովի՝ բխելով տվյալ մարդու ներաշխարհից: Ահա այս դեպքում է հնարավոր դառնում ձերբազատվել անբավարարվածությունից, հոգեկան ներքին ճնշումից և կաշկանդվածությունից:

Շուրջ երկու տասնամյակ մարտարվեստի բոլոր շերտերն ուսումնասիրելուց հետո՝ ի վերջո ստեղծեցի այսօր արդեն մարտարվեստների համաշխարհային պատմության մեջ իր ուրույն տեղն ունեցող հայկական՝ Գևորգյան մարտաոճը:

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏ

Գևորգյան մարտաոճը, իբրև ամբողջական համակարգ, մարտարվեստ կոչվելու երկարատև ուղի է անցել՝ թրծվելով Արցախյան ազատամարտում: Այն տարիներին ազատամարտին մասնակցելուն զուգահեռ ես մարտարվեստի իմ գիտելիքները ծառայեցնում էի բանակի և կամավորական ջոկատների մարտունակության բարձրացմանը՝ մարզելով հատուկ նշանակության ջոկատների մարտիկներին: Արցախյան գոյապայքարից հետո համակարգը 16 տարի շարունակ մշակման և շարունակական կատարելագործման փուլում էր: Տարիների ընթացքում մարտաոճը զարգացում էր ապրում մարտարվեստի տեխնիկայի, առողջարարական, բուժական և հոգևոր կողմերով:

Այսօր արդեն գոյություն ունի հայկական մարտաոճ: Մարտաոճը ուսուցանվում է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում, որը գտնվում է Երևանում, և որտեղ մշտապես անցկացվում են ուսուցողական-տեղեկատվական կարճաժամկետ դասընթացներ:

Շարունակելի

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


24/07/2013