Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ



Սկիզբը` նախորդ համարներում

ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ԵՎ ՀՐԵԱՆԵՐԸ

Որոշ հրեադավան հետազոտողներ (մասնավորապես` Անդրեյ Զելևը) Ալեքսանդր Մակեդոնացու «հրեական» արմատներն ավելի են խորացնում` հայտարարելով, որ հույն զորավարի նշանավոր ուսուցիչը` Հին Աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը` ստագիրցի Արիստոտելը (մ.թ.ա. 384-322), իր իմաստասիրական երկերի նյութը քաղել է Երուսաղեմի տաճարում պահվող` Իսրայելի Սողոմոն թագավորի (իշխել է մ.թ.ա. 965-928թթ.) գրվածքներից, որոնք նրան է ուղարկել Ալեքսանդր Մակեդոնացին: Փիլիսոփան, իբր, այդ գրվածքներին խառնել է իր սխալ մտքերը, մասնավորապես` նյութական աշխարհի մշտնջենականության և ճշմարտությունը միայն բանականությամբ ճանաչելու մասին: Այդ հեղինակները պնդում են, որ Արիստոտելը կյանքի վերջում հուդայականություն է ընդունել: Ոմանք էլ, վկայակոչելով ինչ-որ հին գրքեր ու հեղինակների, գրում են, որ Արիստոտելն ինքը հրեա է եղել` Բենիամինի ցեղից:

Արիստոտելին հրեա «դարձնելով»` այդ հետազոտողներն Ալեքսանդր Մակեդոնացուն ինքնաբերաբար կապում են հրեական հոգևոր-մշակութային ժառանգությանը` հիմք ստեղծելով մտածելու, որ հույն մեծ զորավարը հասու է եղել բանավոր ավանդությամբ փոխանցվող հրեական գաղտնի ուսմունքներին:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՍՆԴՈՒԿԸ ԴԱՐԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ

Այսպես, հույն պատմիչ Պլուտարքոսի վկայությամբ, Ալեքսանդր Մակեդոնացին մեծ նշանակություն էր տալիս բանավոր ավանդված գաղտնի գիտելիքին: Արշավանքներից մեկի ժամանակ նա իմանում է, որ իր ուսուցիչը ինչ-որ տեղ խոսել է հասարակ մահկանացուներից գաղտնի պահվող թեմաներով, և կշտամբանքով լի նամակ է գրում նրան. «Ալեքսանդրն Արիստոտելին բարեհաջողություն է մաղթում: Դու ճիշտ չես վարվել` հրապարակելով այն ուսմունքը, որը նախատեսված է միայն բանավոր ավանդվելու համար: Ինչո՞վ ենք մենք տարբերվելու մնացած մարդկանցից, եթե նույն ուսմունքները, որոնցով մենք դաստիարակվել ենք, դառնան բոլորի սեփականությունը: Ես կուզենայի մյուսներին գերազանցել ոչ այնքան հզորությամբ, որքան բարձրագույն իրողությունների մասին գիտելիքներով: Ողջ եղիր»:

Հարկ է նշել, որ Հին Աշխարհում (ըստ էության` բոլոր ժամանակներում) հատկապես աշխարհի հզորների փափագն է եղել տիրանալ, այսպես կոչված, «մոգական Եռյակին»` Անմահությանը (հավերժական երիտասարդության գաղտնիքին), Բացարձակ Զենքին (որի միջոցով ձեռք է բերվում բացարձակ իշխանություն) և Ունիվերսալ (բացարձակ) Գիտելիքին (Աստծու և աշխարհի մասին բոլոր կնճռոտ հարցերի պատասխանը):

Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր, որ Հին Աշխարհում այսօրինակ գիտելիքների տիրապետում էին քրմերն ու հոգևորականները: Այդպիսիք էին` Հնդկաստանում` բրահմաները, Պարսկաստանում` զրադաշտական մոգերը, Բաբելոնում (այն ժամանակ Պարսից տերության կազմի մեջ)` քաղդեացի իմաստունները: Ալեքսանդրը, իր արշավանքների ընթացքում թափանցելով Ասիայի խորքը, տևաբար շփվում էր հին սրբազան գիտելիքի պահապանների հետ (վերը բերվեցին դրա օրինակները): Ավանդույթի համաձայն` քաղդեացի մոգերը Ալեքսանդրին են փոխանցել իրենց տրամադրության տակ եղած գիտելիքը «մոգական Եռյակի» վերաբերյալ, ինչպես նաև քարտեզներ` այն ժամանակվա աշխարհագրական գիտության մակարդակին համապատասխան:

Ըստ ավանդության` Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո մոգերի տված մագաղաթները հայտնվում են նրա զորավարներից մեկի` Սելևկոս Նիկատորի` Բաբելոնի սատրապության տիրակալի մոտ և պահվում Երուսաղեմի տաճարի ստորերկրյա գաղտնարաններից մեկում: Խաչակրաց արշավանքների դարաշրջանում՝ 1099թ. Երուսաղեմի գրավումից և Երուսաղեմի թագավորության ստեղծումից հետո, տաճարականների օրդենի հետևորդները (տամպլիերները) վարձակալում են բլուրը, որի վրա տաճարն էր, և մի քանի տարի շարունակ գաղտնի պեղումներ են անում տարածքում (հավանաբար, ինչ-որ նախնական տեղեկություններ ունենալով հնագույն մագաղաթների մասին): Թե ինչ են գտնում` հայտնի չէ, բայց արդյունքում օրդենը արագորեն տիրանում է առասպելական հարստության և դառնում միջնադարյան Եվրոպայի ամենաազդեցիկ ուժերից մեկը:

Այն բանից հետո, երբ ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ Գեղեցիկը 14-րդ դարի սկզբին կործանում է օրդենը և այրել տալիս դրա մագիստրոսին, գանձերն ու մագաղաթները անհետանում են: Այնինչ, 15-17-րդ դարերում սկսում է տեղեկատվության արտահոսք. տեղ-տեղ ի հայտ են գալիս քարտեզներ, որոնցում պատկերված էին կա՛մ հնագույն ժամանակներում գոյություն ունեցած, կա՛մ էլ եվրոպացիներին դեռևս անհայտ տարածքներ:

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում ջրի երես դուրս եկած ամենահայտնի քարտեզներից մեկը արկտիկական անհետացած մայրցամաքի` Հիպերբորեայի քարտեզն էր, որի հեղինակը ֆլամանդացի հայտնի քարտեզագիր Հերարդ Մերկատորն (1512-1594) էր: Ենթադրաբար` նա իր քարտեզն արտանկարել է Ալեքսանդր Մակեդոնացու դարաշրջանի քարտեզից:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՔԱՐՏԵԶԸ ԵՎ ԿՈԼՈՒՄԲՈՍԸ

Հռչակ ստացած մյուս քարտեզը պատկանում է 16-րդ դարի թուրք ծովակալ Փիրի Ռեյսի գրչին և նույնպես արտանկարված է հելլենական դարաշրջանի սկզբնաղբյուրից: Ենթադրվում է, որ այդ քարտեզը թուրքերը հայտնաբերել են կայսերական գրադարանում` 1453թ. Կոստանդնուպոլիսը գրավելուց և կողոպտելուց հետո: Փիրի Ռեյսը վկայում է Ալեքսանդր Մակեդոնացու 20 գծագրերի մասին, որոնք, իբր, ինքն իր աչքով է տեսել: Դրանցից մեկում, որը ծովակալն արտանկարել է 1513թ., պատկերված է եղել Եվրոպայում դեռևս անհայտ Բրազիլիայի ափը, ինչպես նաև Անտարկտիդան` ամենայն մանրամասնությամբ:

Թուրք ծովակալը գծագրի լուսանցքներում նկատում է, որ համանման քարտեզագրական աղբյուր է եղել նաև Քրիստափոր Կոլումբոսի տրամադրության տակ, ինչը նշանակում է, որ փառապանծ ծովագնացն ամենևին էլ Ամերիկա չի հայտնագործել, այլ ընդամենը շարժվել է իրենից առաջ հայտնի երթուղով: Ահա թե ինչ է գրում Փիրսը. «Կոլոմբո անունով անհավատը, ճենովացի, հայտնաբերել է այդ տարածքը (Ամերիկան): Նշյալ Կոլոմբոյի ձեռքն է ընկել մի գիրք, որից նա իմացել է, որ Արևմտյան ծովի եզրին, հեռու արևմուտքում, կան ափեր և կղզիներ: Դրանք հարուստ են ամեն տեսակ մետաղներով և թանկարժեք քարերով: Վերոնշյալ Կոլոմբոն երկար ժամանակ ուսումնասիրում էր այդ գիրքը»:

Որտեղի՞ց կարող էր Կոլումբոսի ձեռքն ընկել այն: Պարզվում է, որ Կոլումբոսի կինը այդ ժամանակ արդեն կերպափոխված տաճարականների օրդենի (որն Իսպանիայում և Պորտուգալիայում հալածանքի չէր ենթարկվել) Մեծ մագիստրոսի դուստրն էր: Կա նաև վարկած, որ տաճարականները, ունենալով Միջնադարյան Եվրոպայի հզորագույն նավատորմիղներից մեկը, նավարկում էին առնվազն Հյուսիսային Ամերիկա, իսկ օրդենի կործանման նախօրեին կարողացել են այնտեղ փոխադրել իրենց վիթխարի գանձերը:

Ալեքսանդր Մակեդոնացուն պատկանող փաստաթղթերից քաղված տեղեկությունների մյուս մասի արտահոսքը կատարվում է 18-րդ դարի երկրորդ կեսին-19-րդ դարի սկզբին: Տեղեկությունը տարածում են մասոնները, որոնք համարվում են տաճարականների օրդենի արխիվների ժառանգորդը: Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Մեծը (1729-1796) (նա, ի դեպ, անխնա պայքար էր հայտարարել մասոնների դեմ և արգելել նրանց գործունեությունը Ռուսական կայսրությունում) իմանում է Հիպերբորեայի (ըստ վարկածներից մեկի` մարդկության նախահայրենիքը համարվող արկտիկական ոչ սառցածածկ մայրցամաքի) մասին և ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի օգնությամբ երկու գաղտնի արշավախումբ ուղարկում Հյուսիսային բևեռ:

ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ` ՄԻՍՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիպերբորեան որոնողներ կան նաև մեր օրերում, սակայն այդ թեման մեր հոդվածի շրջանակներից դուրս է: Վերոշարադրյալից պետք է եզրակացնել, որ Ալեքսանդր Մակեդոնացին ոչ միայն Հին Աշխարհի մեծագույն զորավարն է, այլև (օկուլտիզմի հետևորդների կարծիքով) հնագույն իմաստությանն ու մոգական Եռյակի մասին իր ժամանակի գիտելիքների պաշարին (խոսքը, անշուշտ, վերաբերում է միայն «ընտրյալներին» հասու` էզոթերիկ գիտելիքներին, օկուլտիզմին ու մոգությանը) տիրապետող, «լուսավորյալ», Աստծո ընտրյալ անձնավորություն, որն իր կայսրությունը ստեղծելիս առաջնորդվում էր ոչ թե հարստություն ձեռք բերելու, այլ աշխարհակալական նպատակով՝ ձգտելով բացարձակ գիտելիքի և բացարձակ իշխանության:

Մոգության մեջ գոյություն ունի սկզբունք, ըստ որի` «եթե պատճառները նման են, հետևանքները նույնպես նման կլինեն» (այսպես կոչված՝ սիմպատիկ մոգություն): Հետևաբար` եթե Ալեքսանդրի կայսրությունը ստեղծվում էր բացարձակ գիտելիքի և բացարձակ իշխանության հասնելու նպատակով, ապա այդ կայսրության վերստեղծումը օկուլտիզմի հետևորդների համար կարող է նույն նպատակին հասնելու միջոց համարվել: Սա կարող է Ռալֆ Պետորսի առաջարկած Մեծ Մերձավոր Արևելքը ստեղծելու շարժառիթներից մեկը լինել:

Մյուսը կապված է մարգարեությունների մեկնության հետ: Վերն արդեն տեսանք, որ Դանիել մարգարեի` վիթխարի արձանի մասին տեսիլքում ոսկե, արծաթե, պղձե, երկաթե և խեցե կայսրությունները հաջորդում են միմյանց, որից հետո գալիս է աշխարհի վախճանը: Հաշվի առնելով, որ մեկնությունները միանշանակ չեն, տեսիլքում նկարագրված իրադարձությունները կարող են վերաբերել նաև մեր ժամանակներին: Հետևաբար՝ եթե ինչ-որ մեկը փորձում է մոտեցնել աշխարհի վախճանը (այդպիսիք են հրեադավան քաղաքական գործիչները և առհասարակ հրեադավանները, որոնց համար աշխարհի վախճանն ինչքան շուտ գա, այնքան ավելի շուտ դրան կհաջորդի իրենց սպասած մեսիայի գալուստը և հազարամյա թագավորությունը), ապա պետք է նախ վերստեղծի այդ «արծաթե», «պղնձե», «երկաթե», «խեցե» կայսրություններն ու վերջում էլ կործանի դրանք: Առօրյա կյանքում սրան համապատասխանում են սոցիալ-քաղաքական վիթխարածավալ նախագծեր և սոցիալական փորձարկումներ, որոնցից մեկի օրինակը նախկին ԽՍՀՄ ստեղծումն ու կործանումը կարող է լինել: Չի բացառվում, որ այդպիսի մի փորձարարություն էլ Մեծ Մերձավոր Արևելքի նախագիծն է:

Ընթերցողներից նրանք, ովքեր կարող են թերահավատորեն վերաբերվել համաշխարհային քաղաքականության կրոնամիստիկ արմատների վերաբերյալ դատողություններին, պետք է պարզապես հիշեն ընդամենը մեկ պատմական օրինակ` Ֆաշիստական Գերմանիան, որում տիրապետող գաղափարախոսությունը օկուլտիզմն էր, եւ որի առաջնորդները Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսեցին զուտ միստիկական շարժառիթներով և մինչև իրենց կյանքի վերջն էլ առաջնորդվում էին դրանցով: Կարելի է չկասկածել, որ այդ ժամանակներից հետո օկուլտիզմի հետևորդների թիվը շեշտակի ավելացել է ոչ միայն «հասարակ մահկանացուների», այլև ներկայիս աշխարհի հզորների մեջ: Այնպես որ, աշխարհաքաղաքականության կրոնամիստիկական ակունքների դիտարկման մեթոդը առնվազն գոյության իրավունք ունի:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


24/07/2013