Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ



Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը համերգներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում, բայց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Առնո Բարխուդարյանը կարծում է, որ ազգային բանակում իրենք ունեն նույնքան բարձրաճաշակ և արվեստասեր լսարան:

-Ես բախտ եմ ունեցել ունկնդրելու Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախմբի համերգները և հիանալու ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային դասականների անզուգական մեկնաբանումներով, վայելելու Ձեր «խմբավարական արտիստականությունն» ու երաժշտության ամենանուրբ թրթիռները լսարանին փոխանցելու կարողությունը: Ու այսօր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախմբի և հայոց երգչախմբային մշակույթի մասին զրույցը ցանկանում եմ սկսել Առնո Բարխուդարյան երաժշտի կերպարի փոքրիկ ուրվանկարով:

– Ես մորս միակ երեխան եմ ու մեծացել եմ նրա մանրամասնորեն կառուցած աշխարհում, որտեղ իշխում էին բարոյական անշրջանցելի չափանիշները, բարությունը, սերը, ներդաշնակությունը: Մայրս` Արծվիկ Բարխուդարյանը, ընդունված էր հայ մտավորական շրջանակներում, ու ես մանկուց բախտ եմ ունեցել շփվելու հայ արվեստի ու գիտության երևելիների հետ: Երախտագիտությամբ պիտի ասեմ, որ համառորեն ուղղորդելով վարքս` մայրս կարողացավ չկոտրել իմ անհատականությունը, չվնասել իմ տղամարդկային որակները, չխաթարել իմ գույները: Կյանքիս ամենամեծ հավատաքննիչը եղել է ու կմնա «տոհմիս պատիվը»: Ինձ մանկուց ասել են, որ իմ վարքն ու կերպարը ուղղակիորեն առնչվում են նախնիներիս բարի համբավին, պարտավոր եմ շարունակել ու տոհմիս բարոյական ավանդույթները, ինչպես նաև հպարտության պատճառ դառնալ ու Բարխուդարյանների հաջորդ սերունդների համար: Եթե այս գաղափարը, լայնացնելով շրջանակը, դառնա համազգային գիտակցում` պարտք նախնիների հիշատակի ու գալիք սերունդների առաջ, ապա մենք կունենանք բարձրացող սերնդի վարքը ուղղորդող շատ կարևոր խթան:

– Ասում են` ազգային երաժշտությունը ազգի հավաքական հոգու մանրանկարն է: Ի՞նչ բնութագիր ունի հայոց ազգային մեղեդին և կատարելագործման ի՞նչ ճանապարհ է անցել:

– Մինչ 19-րդ դարի կեսերը հայ հոգևոր միաձայն երաժշտությունը իր կատարելությամբ չէր զիջում աշխարհի լավագույն բազմաձայն կոթողներին, որոնց ձայնային լուծումները և երաժշտական մտքի բովանդակությունը, նաև մեղեդու կառուցվածքը խիստ ներդաշնակ են ու կատարյալ, ինչպես ճարտարապետական բազմադետալ կառուցվածքը: Եկմալյանի և Կոմիտասի բազմաձայնումներով (շարականներ, տաղեր, մեղեդիներ) դրվեցին հայ երգչախմբային արվեստի սկզբնավորման հիմքերն ու պայմանավորեցին հայ ազգային երաժշտության անհավանական թռիչքը: Եթե Մակար Եկմալյանի բազմաձայնումների գունագեղությունը կարելի է համեմատել 13-րդ դարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կոնտրաստային ներդաշնակումների հետ, ապա Կոմիտասի մեծությունը առաջին հերթին պայմանավորված է մեր ազգային երաժշտական մտածողությունն ու կառուցվածքը պահպանելու և իր բազմաձայնումները լադային ներդաշնակումներով (ազգային ներդաշնակ մտածողությամբ) կառուցելու հանճարեղ ունակությամբ: Նա կարողացավ անհավանական ճշգրտությամբ համադրել անհամադրելին, պահպանելով մեր ազգային մեղեդու ինքնատիպությունը: Նրա երաժշտական պատկերները համեմատելի են Լեոնարդո Դա Վինչիի կոթողայնության հետ: Ու նրա կոթողները և մանրանկարները եվրոպական մշակույթի ժառանգության չգերազանցված արժեքներից են: Օրինակ, «Լոռվա գութաներգը» մեծ սիմֆոնիա է:

Հայոց ազգային մեղեդին ազնվակերտ է, իր պարզության մեջ կատարյալ, անհավանական ինքնատիպ ու բազմերանգ, նրբակերտ ու ներդաշնակ: Ահա սա է մեր երաժշտական մշակույթի հենքը:

-Եվ ազգային մտածողության, հոգևոր- բարոյական ընկալումների ժառանգական պատկերը:

– Անշուշտ, և պատահական չէ, որ Կոմիտասը սոսկ երաժիշտ չէր, այլ մշակույթաին գործիչ բառի ամենալայն իմաստով: Կոմիտասը ճանաչված էր, մեծ հեղինակություն էր վայելում և՛ Եվրոպայի մշակութային միջավայրում, և՛ Օսմանյան Թուրքիայում, բայց նա բացառե՛ց իր կյանքը պահպանելու բոլոր հնարավորությունները: Որպես ճշմարիտ մտավորական` նա կիսեց հասարակ հայի ճակատագիրը, ու, իմ խորին համոզմամբ, նրա հոգեկան խռովքի միակ պատճառը թուրքերի հեղինակած ջարդը չէր, այլ իր հայրենակիցների դավաճանությունն ու մտքի տկարությունը:

– Խորհրդային կաղապարված մտածողությունը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ ինչպես մեր երաժշտարվեստի, այնպես էլ հայ մտավորականի կերպարի վրա: Ու այսօրվա վիճակը, ըստ իս, նաև բխում է խորհրդային տարիների ձևապաշտությունից և գաղափարական սնանկությունից:

– Այդ ամենով հանդերձ` չենք կարող չխոստովանել, որ սկսած Արամ Խաչատրյանից` վերջացրած հանճարեղ հնգյակով (Ադամ Խուդոյան, Ղազարոս Սարյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան)` բարձր պրոֆեսիոնալիզմը հնարավորություն տվեց խորհրդային տարիներին մեր երաժշտարվեստը բարձրացնել նոր հարթություն: Կրթվածությունը և ծրագրավորված դաստիարակությունը խորհրդային իրականության հիմնական բնութագրիչներից էին: Կոշկակարի տանը դաշնամուր կար, բանվորի երեխան երաժշտական դպրոց էր հաճախում, հեռուստատեսությամբ, ռադիոյով հնչում էր դասական երաժշտություն, և սա իր ազդեցությունն ունեցավ երկրում երաժշտական մթնոլորտի ձևավորման վրա: Այսինքն` կար զանգվածային մտածելակերպը ուղղորդող պետական ծրագիր բոլոր բնագավառներում, ինչի բացակայությունը այսօր ստեղծել է մի վիճակ, երբ ազգի հավաքական պատկերը ներդաշնակ չի զարգանում. մենք ունենք հրաշալի կոմպոզիտորների մի աստղաբույլ (Դավիթ Հալաջյան, Վաչե Շարաֆյան, Վահրամ Բաբայան, Արթուր Ավանեսով և այլք), որոնց արարումները զուգահեռվում են հասարակության ներսում խմորվող մշակութային վայրիվերումներին, և այս երկուսի աղերսներն ու ներդաշնակումները այսօր հեռու են ցանկալի պատկերից, բայց առաջինի գոյությունը թույլ է տալիս շարունակել հայ երաժշտարվեստի ավանդույթները և հուսալ, որ հենց այդ զուգահեռականի վրա է կառուցվելու մեր վաղվա մշակույթը:

– Ասում են` միասնականության գաղափարի ջատագով և այդ գաղափարը որպես ազգային հատկանիշ կրող ազգերի երգչախմբային ունակությունները շատ բարձր են, իսկ մենք, ինչպես կարծում են շատերը, անհատականությունների ազգ ենք:

– Երգչախումբը միասնականության և ներդաշնակության արվեստ է: Սեփական եսը մոռանալու, կողքինին լսելու կարողության, ընդհանուր գաղափարին նվիրվելու, կողքինին աջակցելու արվեստ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է մանկական տարիքից հաճախ լսի երգչախմբի կատարումները` ոչ այնքան երգելու կարողությունը զարգացնելու ու գեղագիտական ընկալումները հղկելու, որքան «մենք»-ի գաղափարը յուրացնելու համար: Սա ազգային բարոյական ընկալումների մեջ հենքային փոփոխության նախադրյալ կդառնա, որովհետև մեր անհաջողությունների ամենամեծ պատճառը, ըստ իս, «մենք»-ի գիտակցության բացակայությունն է: Այդուհանդերձ, ինչպես բնորոշ է մեր ազգային հոգեկերտվածքին, շատ մեծ ցանկության ու անհրաժեշտության դեպքում գտնում ենք համապատասխան ներուժ ու, պարզվում է, որ մենք, այնուամենայնիվ, կարողանում ենք «երգել» միասին:

– Ինչպե՞ս անցան Ձեր ղեկավարած երգչախմբի համերգները Արցախում և հայկական բանակի զորամասերում:

– Բարձր երաժշտության հանդեպ մեր ժառանգական սերն ու ընկալման կարողությունը, պարզվում է, շատ կենսունակ է: Թերևս դա է պատճառը, որ ինչպես միջնադարյան հայկական հոգևոր երգերը, այնպես էլ եվրոպական դասականների գործերը մեծ հավանության արժանացան զինվորների և սպաների կողմից: Հուրախություն մեզ, մենք լսարան ունենք ազգային բանակում: Մինչ օրս ունեցել ենք 50 համերգ, և մեր «զինվորական լսարանը» ոչնչով չի զիջում հեղինակավոր համերգասրահների ունկնդրին:

– Ինչպիսի՞ն էր Ձեր տեսած բանակը, զինվորը:

– Անկեղծ ասած, մենք համերգային շրջագայությունների ընթացքում, բնականաբար, հնարավորություն չունեցանք խորապես հասկանալու բանակի խնդիրներն ու ներքին փոխհարաբերությունները, բայց այն, ինչ մենք տեսանք, շատ հուսադրող էր… Գեղեցիկ կահավորված, նորոգված, հարմարավետ զորամասեր, մաքրություն, կարգուկանոն, լավ հագնված, խնամված, ձիգ ու կոկիկ զինվորներ, որոնք ակնհայտորեն բարձր տրամադրություն ունեին, ինքնավստահ էին, պինդ:

– Վերջերս Գյումրիում կայացած «Վերածնունդ» 5-րդ փառատոնում Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը արժանացավ գլխավոր մրցանակի: Իսկ օրերս երգչախումբը Մոսկվայում մասնակցեց երկու միջազգային հեղինակավոր փառատոների: Եվ վերադարձավ հաղթանակով:

– «Ազգային ավանդույթներ» փառատոնին մասնակցում էին երգչախմբեր աշխարհի 30 երկրներից: Մեր երգչախումբը ճանաչվեց լավագույնը՝ ստանալով դափնեկրի դիպլոմ: Մասնակից խմբերը տասնյակ տարիների կենսագրություն ունեին, սակայն մեր խումբը, լինելով շատ ավելի երիտասարդ, կարողացավ պատշաճ ներկայանալ` ներկայացնելով մեր ուրույն արվեստը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Հոգևոր-մշակութային


24/07/2013