Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ



18-ՐԴ ԴԱՐԻ 2-ՐԴ ԿԵՍ- 19-ՐԴ ԴԱՐԻ 1-ԻՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿ

Սկիզբը՝ նախորդ համարում

Շուշիի իրենց հավատակիցներին օգնության հասնելու նպատակով Աղդամից անվանի թուրքերից Ադիգյոզալբեկ Ադիգյոզալովի 200 ձիավորները հարձակվեցին Ասկերանի պաշտպանների վրա, բայց, հանդիպելով մի քանի տասնյակի հասնող հայ մարտիկների համազարկերին, նահանջեցին: Համալրում ստանալով՝ հակառակորդը հետմիջօրեին վերսկսեց գրոհը: Ասկերանի, ինչպես նաեւ Խաչենի ու Վարանդայի մոտակա գյուղերի բնակիչները օգնության հասան ամրոցի պաշտպաններին եւ ստիպեցին թաթարներին նահանջել: Համազասպ Սրվանձտյանի շարժունակ խումբը հանկարծահաս գրոհով նպաստեց հակառակորդի լրիվ ջախջախմանը Խրամորթ եւ Ոսկեվազ գյուղերի արանքում: Ադիգյոզալբեկը 10-15 ձիավորով հազիվ կարողացավ ճողոպրել: Այդ մարտում իրենց խիզախությամբ աչքի ընկան Ալեքսան Բալասյանը, Մեսրոպ քահանա Շահիջանյանը, Իսրայել Ղուլիքեւխյանը, Սերգեյ Բաբայանը, քյաթուկցի Գիգո Սաղյանը եւ շատ ուրիշներ: Օգոստոսի 17-ին թաթարները, նոր համալրում ստանալով, հարձակման անցան ոչ միայն Ասկերանի, այլեւ Ոսկեվազի ու Նախիջեւանիկի ուղղություններով: Ժամանակի վավերագրերից մեկում կարդում ենք. «Հազարաւոր ձիաւորները, երկու մասի բաժանուելով, ձախ թեւը թեքեց դեպի Նախիջեւանիկ, իսկ աջը` դեպի Խանաբադ, մինչդեռ կենտրոնը ամենամեծ ուժը վերցրած` ճակատեց դեպի կիրճը, Շուշի անցնելու»: Ինչպես տեսնում ենք, գլխավոր հարվածը վերստին ուղղված էր Ասկերանի վրա: Թաթարների առաջին հարձակումը հետ մղվեց հայ մարտիկների միահամուռ ջանքերով: Շուշիում գտնվող Գանձակի նահանգապետ Տակայաշվիլու միջնորդությամբ Ասկերանի կիրճը ժամանակավորապես բացվեց սարերից իջնող քոչվորների համար, սակայն հոտի հետ խառնված հրոսակների` կիրճն անցնելու փորձերը ստիպեցին հայ մարտիկներին վերստին փակելու Ասկերանը:

Օգոստոսի 19-ին թաթարների երրորդ հարձակումը եւս հետ մղվեց Խրամորթի պաշտպանների կողմից:

Խաղաղություն հաստատելու նպատակով վարվող բանակցությունների ժամանակ՝ օգոստոսի 20-ի գիշերը, թաթարնեը հրկիզեցին Աղդամի մոտ գտնվող հայերի գործարանները: Անմիջապես հրավիրված հայ հրամանատարների խորհրդակցությունը այդ սադրիչ արարքի առիթով որոշեց հակահարձակման անցնել, որի ընթացքում, ի պատասխան, հրկիզվեցին Հասան աղայի ամառանոցները, դատարկված Խոջալուն, Ջհան-Բաղլարի հյուղերը:

Օգոստոսի 22-ին ավարով բեռնավորված թաթար հրոսակախմբերը փորձում էին անցնել Ասկերանի կիրճը, որը գտնվում էր Համազասպ Սրվանձտյանի հրամանատարությամբ գործող Խաչենի ջոկատի հսկողության ներքո: Հայ մարտիկները հնարամտորեն բաց թողնելով հետախուզության ուղարկվածներին, հարվածը հասցրին հակառակորդի հիմնական ուժերին: Շրջապատելով 200 ձիավորների՝ երկու ժամվա ընթացքում հայերը ոչնչացրին գրեթե բոլորին, այդ թվում նաեւ նշանավոր հրոսակապետերի… Ահա թե ինչ է գրում ժամանակակիցը. «…Շուշիի առաջին կռիւները վերջացեր էին: Հարիւրավոր թուրք ձիաւորներ կը վերադառնային դեպի Աղդամի իրենց որջերը: Անոնք վախեցան անցնիլ Ասկերանէն, որովհետեւ լսեր էին, որ հայ զօրք կայ այնտեղ: Նախ ղրկեցին 30 հոգի, փորձելու համար, թէ անոնք պիտի կրնա՞ն անցնիլ կիրճեն: Հայ զինեալները չուզեցին 30 ձիաւորի համար վիժեցնել աւելի խոշոր ծրագիր մը: Խօճալուի մեջ համախբուած հեծելազօրքը 11 հոգի եւս ղրկեց: Յանկարծակի շրջապատուելով անոնք այնքան արագ կոտորուեցան, որ աղաղակելու ժամանակ նույնիսկ չունեցան: Բուն հեծելազօրքը ապահով, որ հայերը լքած են իրենց դիրքերը, սկսաւ յառաջնալ: Երբ ամբողջ խումբը մտաւ պարիսպներէն ներս, հայերը համազարկ բացին: Ձիաւորներէն մաս մը ուզեց խուճապահար ետդարձ կատարել, սակայն դիմաւորուեցավ մեր յետնապահներու գնդակներու տեղատարափով: Դեպի առաջ սուրացողները նույն բախտին արժանացան: Ոմանք յաջողեցան սուրալ դեպի Հասան աղայի քարվանսարան, սակայն հոն ալ հայ զինուորներէն խումբ մը, որ դիրք բռնած էր թուրքական գերեզմանոցը, գնդակոծեց փախչող թշնամին: 200 ձիավորներէն կրցան ճողոպրիլ 6 հոգի: Անոնք ալ փախան դեպի Ղուրդերը: Ասկերանը դարձեր էր գերեզման մօտ 200 հեծյալ զինուորներու, ինչպէս նաեւ բեկերուն»: Ուշագրավ է, որ Ասկերանով անցնող նահանգապետ Տակայաշվիլին, օգոստոսի 24-ին իր մոտ հրավիրելով Ասկերանի պաշտպանների հրամանատարներին, ասում է. «…Հայերն իբրեւ ավելի քաղաքակիրթ ժողովուրդ, արեան հետ գործ չպետք է ունենան: Յարձակուողի առաջ պետք է պաշտպանւել, դուք էլ պաշտպանուել եք, բայց կրկնում եմ, որ ես եկել եմ, այժմ յարձակուող չի լինի, ուրեմն` ինքնըստինքեան աւելորդ է դառնում եւ պաշտպանուելը»: Պարզ էր, որ նահանգապետը բացի դիվանագիտորեն հայերի վրա ազդելուց, չէր կարողացել զսպել համբավ հանած Ասկերանի պաշտպաններին տեսնելու գայթակղությունը:

Երկշաբաթյա համեմատական անդորրից հետո, Գյուլափլուի եւ Ավդալի թաթարները հարձակվում են Միրաշանլու գյուղի վրա: Դա առիթ է հանդիսանում ոչ միայն Ավդալ-Գյուլափլուի, այլ նաեւ Վարանդայի շրջանի Դիվանլար, Հաշրաֆլու, Ղարադաղլու ավազակաորջերը վնասազերծելու համար, ինչը ժամանակավորապես հանդարտեցրեց թաթարներին, որից հետո սեպտեմբերի կեսերին բացվեցին Աղդամ-Եվլախ, Ասկերան-Շուշի ճանապարհները:

Ի մի բերելով իրենց ուժերը, թաթարները նոյեմբերի 28-ին 1500 հրոսակներով հարձակվեցին Խրամորթի վրա: Շրջանի զինվորական մարմինը, տեսնելով, որ իշխանությունները չեն պատժում հանցագործ թաթարներին, որոշում է ճնշում գործադրել այդ սադրանքները ղեկավարող Շուշիի թաթարների վրա, Ասկերանի կիրճով տեղափոխվող մթերքը բռնագրավելու միջոցով: Դեկտեմբերի 5-ին առգրավվում է թաթարների 16 ֆուրգոն պաշարը, մի շաբաթ անց բաց թողնվեց 44 ֆուրգոն` Աղդամում գերեվարված 90 հայերին ազատելու դիմաց, դեկտեմբերի 26-ին կրկին առգրավվեց 54 ֆուրգոն: Այս հարկադիր գործողությունները հնարավորություն էին ընձեռում զսպելու Շուշիի թաթարներին, սակայն մյուս շրջաններում հակառակորդը վերահսկողությունից դուրս էր մնացել: 1906 թվականի հունվարի 3-ին Ղաջարի թաթարները հարձակվեցին Դրախտիկի վրա, բայց հետ շպրտվեցին: Հունվարի 6-ին՝ մի քանի հազար թաթարներ հարձակման անցան Խանաբադի եւ Վարազաբուն-Նախիջեւանիկի ուղղություններով՝ նպատակ հետապնդելով դուրս գալու Քյաթուկ գյուղի հարավային լանջերը եւ ճանապարհ հարթելու դեպի Մալիբեկլու եւ Շուշի:

1906թ. հուլիսի 12-ին, երբ Ղարաբաղի կենտրոնում նոր ուժով բորբոքվեցին հայ-թաթարական ընդհարումները, կրկին հրահանգվեց փակել Ասկերանի կիրճը, առանց որի հնարավոր չէր Շուշիում ռազմական հաջողության հասնել: Ասկերանի եւ նրա շրջակա հայկական բնակավայրերի վրա հարձակումները եւս հետ մղվեցին: Մինչդեռ թե՛ Շուշիի եւ թե՛ Ասկերանի հաղթանակների պտուղներից հայերն օգտվել չկարողացան` ցարական իշխանությունների կողմնակալ ու անպատեհ միջամտության պատճառով…

ԱՍԿԵՐԱՆԸ 1917-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ի տարբերություն 1905-1906 թվականների, երբ թուրք (թաթար)-հայկական ընդհարումները հանդիսանում էին ցարական Ռուսաստանի քաղաքական գործընթացների բաղկացուցիչ մասը, 1917-1920 թթ., կայսրությունից Այսրկովկասի անկախացումից եւ երեք հանրապետությունների ձեւավորումից հետո սկիզբ առած հակամարտությունում նորովի իմաստավորվեցին Ասկերանի բերդի դերն ու նշանակությունը: Այն Ղարաբաղի միջնաբերդի առաջնադիրքի իր դերից զատ ձեռք բերեց իբրեւ պետականության դրսեւորում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության պաշտպանության կարեւոր օղակի նշանակություն: Հետեւաբար, կարծում ենք, արդարացված է այդ շրջանին ավելի հանգամանալից անդրադառնալու մեր ձգտումը:

1917թ. Ռուսաստանում միապետական կարգերի տապալումը եւ իշխանության ժամանակավոր մարմինների ստեղծումը շարունակվող համաշխարհային պատերազմի պայմաններում առաջ բերեցին ներքաղաքական անկայունություն եւ արտաքին հարաբերությունների անկանխատեսելի զարգացումներ: Դրանք Այսրկովկասում ավելի խորացան բոլշեւիկյան հեղաշրջումից հետո, երբ ուժեղացան կովկասյան ժողովուրդների անկախանալու, միաժամանակ նաեւ խոշոր տերությունների նվաճողական ձգտումները, տարածաշրջանում ձեւավորվեցին երեք հանրապետություններ:

Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի ջանքերով ստեղծված Ադրբեջանի սահմանները դեռեւս ճշտված չէին: Ադրբեջանը հավակնում էր իր իրավասության տակ վերցնել երբեմնի Ելիզավետպոլի ամբողջ նահանգը, որի հիմնական մասը կազմում էին Մեծ Հայքի Ուտիք եւ Արցախ «աշխարհները», հատկապես լեռնային շրջաններում մեծամասնություն կազմող հայ բնակչությամբ: Թեեւ հայաբնակ այդ շրջանները սերտ կապերի մեջ էին Հայաստանի Հանրապետության հետ, սակայն խոշոր տերությունները, տարբեր պատճառներով, ճնշում էին գործադրում հայերի վրա, որպեսզի նրանք, թեկուզեւ ժամանակավորապես, հպատակվեին թուրքամետ Ադրբեջանին: Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված գաղթականներով հեղեղված Հայաստանը պատերազմական վիճակի մեջ էր գտնվում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ: Դեռ ավելին, երկրի ներսում էլ քաղաքացիական անհնազանդություն էր դրսեւորում մահմեդական բնակչությունը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի դավագրգռմամբ զինված ընդհարումներ հրահրում:

Շարունակելի

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Պատմության էջերից


24/07/2013