Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑ ՀԱՆԳՍՏԱՐԱՆՈՒՄ



…Օրերից մի օր, երբ սահմանից եկա մորս տեսության` մայրս տանը չէր:

Հարևաններն ասացին, որ քիչ առաջ իջավ գյուղամեջ: Օրն արդեն կիսվել էր: Մտածեցի, որ դժվար թե հեռու գնա ու մինչև տուն գալն էլ` արի ես գնամ գերեզմանոց, հայրիկիս շիրիմին այցի, քանի որ արդեն ամիսը լրանում էր, որ սահմաններում էի ու չէի այցելել գերեզմանոց: «Վիլիսով» մոտեցանք հանգստարանին: Տղաները մնացին մեքենայի մեջ, իսկ ես դանդաղ քայլերով ներս մտա: Երբ գերեզմանոց ես մտնում, աջից Սևքարեցի Սաքոյի գերեզմանն է, հետո Բրուտյաններինը, մյուսը հայրիկիս տապանաքարն է: Մի քանի քայլ էի արել, երբ խոսակցություն լսեցի: Զգուշացա, ավտոմատը պատրաստ պահեցի ու… ինչ տեսնեմ… Մայրս նստած հորս տապանաքարի դիմաց` բարձր-բարձր զրուցում է, այնպես է զրուցում, որ իրոք թվաց` հայրս լսում է.

-Ժորա՛ ջան, ասում էիր` տեսնես տղաներդ, աղջիկդ կապը կպահե՞ն ծննդավայրիդ հետ: Դե, վե՛ր կաց, տե՛ս, ինչ տղաներ ունես, ոնց են կապված քո ծննդավայրին, իրենց գյուղին: Օր ու գիշեր քուն չունեն, սահմաններում են, եկել են հայրենի եզերքը պաշտպանելու: Եկել են, որ արժանի լինեն քո օրհնանքին…

Ժորա՛ ջան, միայն պիտի տեսնեիր, թե հայրենի սար ու քար, քո մանկության վայրերը ոնց դիմավորեցին տղաներիդ, ասես արթնացել էր քո մանուկ օրերի ծիծաղն ու ձայնը, ամենուր քեզ էի տեսնում, հիշում մանկության օրերի քո պատմությունները: Ժորա ջան, եկել եմ ասեմ, որ որդիներդ հալալ կաթնակեր են, հանգիստ ննջիր…

…Ես մոտեցա, գրկեցի մայրիկիս, ու այդ մոտ կես ժամվա մեր լռությունը` թվաց մի ամբողջ հավերժություն: Այդպես միայն մեծ, անչափելի սիրո տերերն են լռության մեջ հասկանում միմյանց…

Հիմա մայրս էլ է ննջում մեր գյուղի գերեզմանոցում, հայրիկիս կողքին…

Ու ամեն անգամ նրանց շիրիմին այցի գնալիս խաղաղվում է հոգիս, հոգու այսպիսի խաղաղություն ամեն մարդ կզգա միայն իր ծննդավայրում: Ու հայրիկիս ծննդավայրին նվիրված իմ բանաստեղծություններից մեկում այսպիսի տողեր ծնվեցին`

Երբ ամեն անգամ ես քեզ եմ գալիս,

Գալիս, ձուլվում եմ արմատներիս հետ,

Դու հորս կարոտ, մորս հանգրվան,

Դու հիշողություն իմ տոհմի, արյան…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Հոգևոր-մշակութային


24/07/2013