Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ՀՈՐՍ ԿԱՐՈՏ` ՄՈՐՍ ՀԱՆԳՐՎԱՆ…



Հայրս Իջևանի Սևքար գյուղի ծնունդ է, եկել էր Երևան, ուսանել ու մնացել քաղաքում: Սակայն կապը ծննդավայրի հետ երբեք չէր կտրել: Մայրս ուսուցչուհի էր, Երևանում ծնված: Ամառային արձակուրդը ծնողներիս, եղբորս, քրոջս հետ անցկացնում էինք գյուղում,-վերհիշում է Գրիգոր Սարիբեկյանը:- Հայրիկիս երազանքն էր, որ կապվենք մեր գյուղին, հողին, երկու եղբայր այնտեղ տուն ունենանք` ո՞վ գիտի, մտածում էր, հնարավոր է, մի օր վերադառնանք, հաստատվենք գյուղում: Հաճախ էր այդ մտահոգությունը կիսում մայրիկիս հետ. «Տեսնես` իմ մահից հետո երեխաներս կհիշե՞ն իմ ծննդավայրը, մեր նախնիների հողն ու ջուրը». Մայրս էլ ժպիտով պատասխանում էր. «Անկասկած. բացի քո պատմություններից, քո մանկությունից, դու այնպիսի հոգևոր կապ ես ստեղծել քո ծննդավայրի ու մեր որդիների միջև, որ այն փոխանցվելու է նույնիսկ իրենց զավակներին, մեր թոռներին»:

Երբ սկսվեց Շարժումը, հայրս արդեն մահացել էր, ու երկու եղբայր հորս աճյունը ամփոփել էինք իր սիրելի ծննդավայր Սևքարի գերեզմանոցում: Խառը, անկանխատեսելի օրեր էին Իջևանի տարածաշրջանում: Եղբորս հետ գյուղում էինք: Մեզ հետ գյուղ էր եկել նաև Կիմա մայրս: Սահմանամերձ բնակավայրերում հաճախակի էին դարձել ադրբեջանցիների ոտնձգությունները: Դրությունը լարված էր հատկապես Կիրանց գյուղում: Շրջանի երկրապահներին օգնության էին եկել Չարենցավանի տղաները: Խորհրդային զորքերը սկսել էին «Օղակ» չարաբաստիկ գործողությունը և սահմանամերձ բնակավայրերում խիստ անձնագրային ստուգումներ էին անում: Չարենցավանի տղաները այդ ամենից խուսափելու համար խորացել-թաքնվել էին անտառներում: Արդեն երկու օր էր` տղաները քաղցած էին: Գիշերով մի կերպ շրջանցելով պահակակետերը` տղաներին հասցրի գյուղի մեր տուն: Մայրս դուռը բացեց և տեսնելով նրանց այդպես հոգնատանջ, քաղցած` ներս հրավիրեց: Ցույց տվեց լոգարանը և առաջարկեց լվացվել-մաքրվել:

– Մինչև մաքրվեք, ես սեղանը կգցեմ, – ասաց ու անցավ գործի:

Երբ քաղցած տղաները սեղանին նայեցին, զարմանքով նկատեցին, որ սեղանին թեյ է, կարագ ու պանիր:

Մայրս զգալով նրանց քաղցած հայացքները, ասաց.

-Տղանե՛ր, երկու օր է` քաղցած եք, ուշ ժամ է, այսպես թեթև ընթրիք արեք ու հանգիստ պառկեք քնելու, առավոտյան ամեն ինչ կլինի:

Տղաները լուռ ու խոնարհ կատարեցին մանկավարժ մայրիկիս խոսքը: Առավոտյան, երբ արթնացան, սեղանն արդեն ծանրաբեռնված էր ուտեստներով, տղաների կոշիկները մաքրված` միջանցքում շարված, իսկ գուլպաները լվացված պարանին կախված էին:

Ամբողջ գիշեր մայրս չէր քնել: Ես ու եղբայրս զարմացած էինք: Մայրս դեռ դպրոցական տարիքից մեզ սովորեցրել էր, որ մենք ամեն օր պետք է մեր գուլպաները լվանանք, նոր պառկենք քնելու, հիմա ամբողջ ջոկատի տղաների գուլպաները ինքն էր լվացել, կոշիկները մաքրել: Երբ օրեր անց այդ մասին ակնարկեցի, մայրս իր մեղմ ժպիտով ասաց.

– Նրանք արժանի էին. հայրենասեր տղաներ էին, ես լվացքի հետ ողջ գիշեր աղոթում էի նրանց համար… Եվ բացի այդ, նրանք եկել էին ամուսնուս ծննդավայրը պաշտպանելու, ձեզ թև ու թիկունք լինելու…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Հոգևոր-մշակութային


24/07/2013