Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՋԱԿ ՊԱՇՏՊԱՆԵԼ»



Ազգային բանակի «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» Գառնիկ Բարսեղյանը վերադարձել է զինծառայությունից: Նրա զինվորական օրագրից մի քանի գրառում ներկայացնում ենք մեր ընթերցողին:

2010թ. նոյեմբերի 10…

Էլ չեմ դիմանում էս հոգատարությունը, էս ուշադրությունը ուղղակի հունից հանում է ինձ: Տպավորություն է` ասես տաժանակրության եմ գնալու կամ աքսորվելու եմ Սիբիր: Մաման րոպեն մի անգամ ասում է` կեր, կե՛ր, հա կե՛ր:

Ասում եմ` մա՛մ. եթե դու որոշել ես գալիք երկու տարիների բաժինը ինձ մեկ ամսում ուտեցնել, չի հաջողվի: Տանը զրույցի ուրիշ թեմա չկա` բանակ, հա բանակ: Քիչ է մնում գնամ խնդրեմ, որ ինձ էսօր զորակոչեն:

Նոյեմբերի 20

Հայկը, որ բանակից եկավ, ես դպրոցական էի: 6 տարի առաջ էր: Դե, ախպերս բնավորությամբ փակ է, ու երբեք ծառայության մասին ոչինչ չի պատմել: Էսօր ասեց` արի-նստի, խոսելու բան կա: «Ես քեզ ոչ մի խորհուրդ չեմ ուզում տալ, ամեն ինչ ժամանակի ընթացքում ինքդ կհասկանաս, միայն մի բան եմ ուզում ասել` երբեք թույլ չտաս, որ քեզ դիտողություն անեն: Քեզ էնպես կպահես, որ նկատողություն չանեն: Եթե մի- երկու անգամ դիտողություն արին, սովորություն կդառնա: Արժանապատվությունդ բարձր կպահես, դրանից կարևոր բան չկա»: Ասաց ու գնաց:

Նոյեմբերի 21

Գիշերը կարգին չքնեցի, մտքերով Հայկի հետ էի: Հեշտ է ասել` քեզ էնպես կպահես, որ դիտողություն չստանաս: Պապան էլ ամեն օր ասում է` քեզ հանգիստ կպահես: Բանակը քո հոր տունը չի, որ չեղած բանից ձայնդ գլուխդ գցես, բռնկվես:

Նոյեմբերի 28

Ախորժակս փակվել է, հաց չեմ կերել, բայց պատառը կուլ չի գնում: Փաստորեն, վաղը բանակ եմ գնալու: Անկապ թրև եմ գալիս, ոնց որ վերացած լինեմ, ժամանակը չի անցնում: Քնելը կփրկի` գնամ- քնեմ: Լույսը կբացվի, բարին հետը:

Նոյեմբերի 30

Այսօր մեզ համազգեստ տվեցին: Էս ինչ անհարմար են էս զինվորական կոշիկները: Եղբայրս ասում էր. «Հետո էնքան կսիրես զինվորական կոշիկներդ, որ սովորական կոշիկը անհարմար կթվա»: Երեկ առաջին անգամ զինվորական ճաշ կերա: Չգիտեմ` ճաշն էր համով, թե ես էի շատ վատի սպասում, ու այդ պատճառով էլ համով թվաց… հավեսով կերա: Մեր վաշտի հրամանատարը, Սուքիասյան Արման է անունը, կապիտան է: Եկավ կիրթ, մտերմիկ բարեւեց, հարցրեց` «Տղե՛րք ջան, ո՞նց եք: Խնդիր ունենաք, դիմեք, մի՛ քաշվեք», մի խոսքով` դուրս եկավ:

2011թ. հունվարի 21

Էսօր զինվորական երդում տվեցի: Մերոնց նոր եմ ճամփել: Էս ի՜նչ լարված օր էր: Ո՞նց էի հուզվել: Էդքան մարդու ներկայությամբ երդումդ պիտի սահուն լինի, համոզիչ լինի, խրոխտ լինի: Ամենից շատ մերոնցից էի քաշվում: Բայց դե տակից դուրս եկա: Հիմա արդեն իսկական զինվոր եմ` երդվյալ զինվոր:

Մերոնց շատ էի կարոտել: Չհասցրի կարոտս առնել, գնացին: Պապան հասցրեց մի երկու խորհուրդ տալ. «Անտարբեր չլինես: Սխալին սխալ կասես, ճշտին` ճիշտ, անտարբերությունը ամենավատ բանն է: Եթե կարող էիր բռնել վատ արարքի գնացող ձեռքը, բայց չես բռնել, ուրեմն` դու էլ ես մասնակցել, դու էլ ես մեղավոր»…

Էս ինչ նոր «երգ էր»:

«Պա՛պ, բա ասում էիր` գլուխդ փորձանքի մեջ չգցես, քեզ չվերաբերող բաներին չխառնվես»:

«Սխալ ես հասկացել, հիմա էլ եմ ասում` գլուխդ փորձանքի մեջ մի՛ գցի, բայց էդ չի նշանակում, որ պիտի անտարբեր լինես»…

Պապայի ասածը գլխիցս դուրս չի գալիս` եթե ձեռքը կարող էիր բռնել ու չես բռնել, ապա մասնակից ես, մեղավոր ես…

Մայիսի 10

Այսօր առաջին անգամ դիրք ու խրամատ տեսա: «Տագնապով» ոտքի հանեցին ու տարան առաջին գիծ…

Ասում են` սակրավորը մեկ անգամ է սխալվում: Ե՛վ քո կյանքի համար ես պատասխանատու, և՛ մյուսների: Միայն «հինգեր» եմ ստանում: Սակրավորը պիտի գերազանց ստանա: Ընդհանրապես, զինվորական գործում պիտի միջակ մասնագետներ չլինեն, Հայրենիքը չի կարելի միջակ պաշտպանել:

Դեկտեմբերի 10

Այսօր առաջին անգամ 7 հոգով տարածքը ականապատեցինք: Վախի զգացում չկար, թերևս` զգուշություն ու պատասխանատվություն, որ գործդ լավ անես: Բարեհաջող ավարտեցինք ու հետ եկանք: Սրան առաջին մկրտություն են ասում, արդեն մկրտվեցի սակրավոր:

2012թ. հունվարի 2

Էս ինչ ուրախանալ ուրախացանք, աննման Նոր տարի էր: Ավելի ճոխ էր, քան անցած տարի: Մեր հրամանատարները երբեք ժամը 12-ին իրենց ընտանիքի հետ բաժակ չեն խփում, Նոր տարին միշտ զորամասում են դիմավորում` զինվորի հետ: Մեր վաշտը ամենասիրունն էր զարդարված: Սկզբում բոլորս հավաքվեցինք ճաշարանում, մասնակցեցինք ճաշկերույթի, իսկ ժամը 12-ին բոլորս միասին դիմավորեցինք Նոր տարին. զորամասի հրամանատարը, սպաները բոլորին շնորհավորեցին: Հետո զինվորական նվագախումբը սկսեց նվագել: Լավ պարեցինք, ուրախացանք, հետո քեֆը շարունակեցինք ամեն մեկս մեր վաշտում մինչև լուսաբաց: Շատ ուրախ Նոր տարի էր:

Օգոստոսի 5

Վաղուց չեմ գրել: Արձակուրդ էի ստացել, 10 օր տանն էի, թվում էր` ժամանակը չի հերիքի` էնքան բան ունեմ անելու, բայց ոնց որ այլմոլորակային լինեի, ուրիշ աշխարհից եկած մարդ, որ անելիքը չգիտի: Մտքով զորամասում էի, տղերքի հետ: Որ ուրիշը պատմեր, չէի հավատա. ուզում էի արձակուրդս վերջանար, հետ գնայի զորամաս: Մեր վաշտը շատ լավն է, տղերքը իրար հասկացած` հանգիստ ապրում են: Էնպես չի, որ բոլորս իդեալական ենք, ամեն մեկս մեր թերի կողմերը ունենք, բայց մեկս մյուսին հանդուրժում ենք, պրոբլեմները չենք մեծացնում, հարթում ենք: Ոնց որ ընտանիքում, հարազատի պես: Երևի սպաներից է գալիս: Նրանք բոլորին հավասար աչքով են նայում ու հարազատի պես են վերաբերվում: Սպաները առիթ չեն փնտրում, որ պատժեն մեղավորներին, օգնում են, հասկանում են, հանդուրժում են: Մեր վաշտի հրամանատար Ս. Հովհաննիսյանը, դասակի հրամանատար Գ. Մնացականյանը, ճանապարհային դասակի հրամանատար Հ. Մարդոյանը, ինժեներական ծառայության պետ Խ. Մուրադյանը… Բոլորն էլ կարգին տղերք են: Էս մեր զորամասի հրամանատար պարոն Մախսուդյանի դրվածքն է: Կիրթ, հոգատար, իր գործին մինչև ուղնուծուծը նվիրված մարդ է: Կյանքում չես տեսնի, որ զինվորի հետ կոպիտ խոսի, նեղացնի: Բնականաբար, նույնն էլ սպաներից է պահանջում: Երբ հրամանատարը կանգնած է թիկունքիդ, քեզ ոչինչ չի վախեցնում, դարձնում է ուժեղ ու ինքնավստահ:

Դեկտեմբերի 20

Դեռ չեմ հարմարվել քաղաքացիական կյանքին: Վերկացի ժամին աչքերս բացում եմ, ու միտքս զորամասից չի կտրվում: Էն օրը ընկերներիցս մեկը բանակի մասին էր խոսում, ասաց` հայրենիքին պետք էր, գնացինք, ծառայեցինք, եկանք: Բան չխոսեցի, բայց հայրենիքից ավելի մե՛զ էր պետք էս ծառայությունը: Էդ երկու տարին 20 տարով հասունացրեց մեզ, օգնեց ճանաչել մարդկանց, հարաբերություններ կառուցել, ճանաչել լավն ու վատը, ճիշտն ու սխալը: Կյանքի դպրոց էր բանակը:

Պատրաստեց Գ.ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Բանակ և հասարակություն


24/07/2013