Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԾԱՌԱՅԵԼ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ»



ՀՀ Նկարիչների միության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ աշխատում է Ազգային պատկերասրահի վերականգնման բաժնում: Նկարչության հանդեպ սերը ժառանգել է պապից` ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանից: Երիտասարդ նկարիչն այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է, ու հիմա մեր զրույցի առանցքում բանակային թեման է:

-Մեծացել եմ նկարիչների ընտանիքում: Գույների մոգական աշխարհի հանդեպ սերն ինձ տարավ մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժին, հետո մագիստրատուրա ու այդպես վստահ, որ ամեն ինչ սահուն կընթանա` գործերս հանձնեցի ասպիրանտուրա ու… չընդունվեցի: Իսկ դա նշանակում էր` պետք է գնայի բանակ: Ծառայության մասին էլ, անկեղծ ասած, ավելի շատ վատն էի լսել. ծանոթներիցս շատերը պնդում էին, որ բանակը նկարչի տեղ չէ` «հոգով կկոշտանաս», «էդ 2 տարին էլ զուր, անտեղի կկորցնես»: Ու այդպես բացասական տրամադրություններով գնացի ծառայության: Բանակն ինձ համար սկսվեց զորահավաքակայան մտնելու օրվանից: Հունիսի 14-ն էր, շոգ էր, տոթ: Նորակոչիկ տղաներից ոմանք հաց էին ուտում, ոմանք շոգից թեթեւ ննջում էին, ոմանք էլ զրուցում էին: Ծանոթ նկարիչ տղայի հետ նստել էինք, բայց ամեն մեկս իր մտքերի հետ էր: Եղբայրս ինձնից փոքր է, բայց արդեն ծառայել էր, ու ես էդտեղ նստած` պատկերացնում էի, որ մի օր ինքն էլ ինձ նման էսպես նստել է` խառնիխուռն մտքերով պաշարված:

Հասանք զորամաս: Ամբողջ ճանապարհին փորձում էի ինքս ինձ ոգևորել` դե լավ, մի՛ նեղվիր, ծառայավայրդ գեղեցիկ, շռայլ բնություն կունենա, ու դու կնկարես.. Սակայն չոր, կիսատափաստանային տարածք էր: Այդ պահին էլ մեր կողքով մի վաշտ անցավ, ու վաշտի զինվորները մեզ` նորակոչիկներիս, մի ուրիշ հայացքով չափեցին: Ես այդ հայացքը երբեք չեմ մոռանա: Այդ նույն հայացքով ես էլ մի օր, երբ արդեն «հին» ծառայող էի, նայեցի զորամաս ոտք դրած նորակոչիկներին:

Վերծանեմ այդ հայացքը. դրա մեջ կար կարոտ քաղաքացիական քիչ, թե շատ անհոգ կյանքի, դրա մեջ ջերմություն կար, բայց, այդ ամենով հանդերձ, այդ հայացքի մեջ մի քիչ կծու էլ կար` հլը ինչքան հաց ու պանիր պիտի ուտեք, որ մեզ հասնեք …

-Դժվա՞ր էր ծառայությունը:

-Գիտեք, ամեն ինչ հարաբերական է: Օրինակ` երբ Հայրենական մեծ պատերազմի մասնակից նկարիչ պապիս պատմածներն եմ վերհիշում, երբ ինքը զինվոր է եղել, ու այն ժամանակ ինչ զրկանքներ են տեսել, ինչ տառապանքներ, այդ ամենի կողքին խաղաղ պայմաններում ծառայությունը վայելք է թվում:

-Ազատ ժամանակ ինչո՞վ էիր զբաղվում:

-Ընթերցանությամբ, ձեր «Հայ զինվոր» թերթն էլ սիրով կարդում էի, հեռակա գիտեի բոլոր հեղինակներին: Հետո նկարում էի զինընկերներիս, ճեպանկարներ անում: Ինձ հետ վերցրել էի «էտյուդնիկս»:

– Իսկ մասնագիտական գրականությո՞ւն:

– Մասնագիտական գրքեր էլ էի վերցրել, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մեր զորամասի գրադարանը բավական հարուստ ֆոնդ ուներ, արվեստի վերաբերյալ բազմաթիվ գրքեր կային: Ու, թե հնարավոր է, թերթի միջոցով ջերմ բարեւներ մեր գրադարանավարուհի տիկին Արփիկին:

-Ի՞նչ տվեց քեզ բանակը, կոպտացրե՞ց, կոշտացրե՞ց: Կորցրի՞ր ժամանակդ:

-Գուցե վերամբարձ հնչի, բայց սկսեցի աշխարհին, ամեն ինչին ուրիշ հայացքով նայել, հիմա ավելի շատ եմ տեսնում եւ գնահատում գեղեցիկը, սովորեցի է՛լ ավելի գնահատել ժամանակը, քոռուփուչ չանել: Բանակում իմ սիրած գործով եմ կարողացել զբաղվել ու իմացածիս շնորհիվ օգտակար եղել. պատրաստում էի պաստառներ, ձեւավորման աշխատանքներ կատարում: Իսկ նկարներիս համար էլ հարուստ նյութ եմ կուտակել:

(Մինչ Արտաշեսը պատմում է, ես դիտում եմ նրա բանակային թեմաներով ճեպանկարները):

-Բանակային օրերից հաճելի պահերի, ակնթարթների մասին պատմիր:

-Ուսումնական զորամասից հետո տեղափոխվեցի մեկ այլ զորամաս ու մի օր ծառայության բերումով շատ մոտիկից տեսա Արաքս գետը, հետո հիշողությամբ նկարեցի:

Մի այլ հաճելի դեպք. ծննդյանս օրը ազատ արձակում էի ստացել: Երբ վերադարձա զորամաս, ընկերներս ինձ դիմավորեցին երաժշտությամբ եւ թղթե ժապավեններով, որոնց վրա գրված էր` ծնունդդ շնորհավոր, Արտաշե՛ս: Բանակային համուհոտով մի ծնունդ, որ երբեւէ չեմ մոռանա:

-Բանակում շա՞տ ընկերներ ձեռք բերեցիր:

-Շատ չեն, բայց հավատարիմ են:

-Ի՞նչը կփոխեիր բանակում:

-Ճիշտն ասած, մինչ խմբագրություն գալս, մայրս ինձ ասաց, որ անպայման խոսեմ զինվորական կոշիկների անհարմարության մասին, ամառայինը հատկապես պետք է ավելի եղանակին համապատասխան լինի, ես երկար ժամանակ կոշիկների պատճառով ոտքի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա:

-Լավ, դա մայրիկդ առաջարկեց, իսկ կոնկրետ դու ի՞նչը կփոխեիր բանակում:

-Կբացառեի դեպքերը, երբ մեկի պատճառով մյուսներն էլ են պատժվում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի սպան քո կարծիքով:

– Մասնագիտություններ կան, որ բացի գիտելիքներից, պահանջում են նաեւ անսպառ նվիրում, սեր գործի նկատմամբ: Սպան զինվորին միայն շարային քայլք, կրակել չէ, որ պետք է սովորեցնի, նա նաեւ պետք է նպաստի, որ զինվորը է՛լ ավելի գնահատի, հասկանա, կարեւորի իր դերը երկրի պաշտպանության գործում: Զինվորը տեսնում է, զգում սպայի վերաբերմունքը, ու թե սպան նվիրումով է ծառայում, նույն նվիրումն էլ զինվորին է փոխանցվում, իսկ թե մատների արանքով, իմիջիայլոց, այդ նույն կերպ էլ զինվորն է վերաբերվում ծառայությանը:

-Բանակ մեկնելիս քեզ ոգեւորող խոսքեր չէին ասել: Իսկ դու ի՞նչ կմաղթես բանակ գնացողներին:

-Նախ կցանկանամ, որ յուրաքանչյուր երիտասարդ էլ ծառայի. մեր բանակը պետք է համալրի թե՛ բանվորի տղան, թե՛ ամենաբարձր պաշտոնյայի զավակը, թե՛ սովորական միջին կրթություն ստացածը, թե՛ գիտության բարձունքներին հասածը: Իսկ խորհուրդ կտամ, որ բոլորը ծառայեն արժանապատվորեն եւ գիտակցաբար. սա յուրաքանչյուրիս հայրենիքն է, յուրաքանչյուրիս հողն ու ջուրը, յուրաքանչյուրիս հենման կետը: Ու կցանկանայի նաեւ, որ զորացրվելուց հետո ջերմությամբ միշտ հիշեն իրենց ծառայությունը եւ ինձ նման նաեւ հպարտանան` ասելով` «Մեր զորամասը աշխարհի ամենալավ զորամասն էր»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.` Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Հ.Գ.- Արտաշեսը բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի եւ զորացրվել ավագ սերժանտի կոչումով: Հայրենիքին արժանապատվորեն ծառայած երիտասարդին մաղթում ենք մեծ նվաճումներ արվեստի աշխարհում եւ մեծ հավատով սպասում ենք, որ մի օր «Հայ զինվորի» էջերում հարցազրույց կզետեղվի նրա` որպես հայ անվանի արվեստագետի հետ:

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Բանակ և հասարակություն


24/07/2013