ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌԸ
Թող ինձ Աստված ների, բայց պետք է խոստովանեմ, որ Մեղրի քաղաքի Մեծ թաղի եկեղեցին էի ուզում գնալ ամենից առաջ Հայաստան /գուցե Մեղրի՞/ բերված առաջին դաշնամուրը տեսնելու համար, թեեւ երբեւէ բաց չեմ թողել եկեղեցի մտնելու, ինքս ինձ հետ, իմ Աստծո հետ մենակ մնալու, ինչպես նաեւ մեր հոգեւոր արժեքներով հիանալու առիթը: Դեռ Երեւանում ընկերներից մեկը, իմանալով Մեղրի գնալուս մասին, իմիջիայլոց ասաց, որ Մեծ թաղի եկեղեցու դաշնամուրը Հայաստան բերվել եւ որպես հայ ժողովրդի դարավոր մշակույթի խորհրդանիշ տեղադրվել է հենց Մեղրիում՝ որտեղից բացվում է Հայաստանի հարավային դարպասը:
Պատմությունը շատ ծանոթ թվաց ինձ, հար եւ նման բան ես լսել էի, բայց ոչ թե Մեղրիի դաշնամուրի, այլ Կապանի երգեհոնի մասին… Ասում էին, որ Հայրենական պատերազմից հետո Գերմանիայից Հայաստան բերված առաջին երգեհոնը /դարձյալ առաջին եւ դարձյալ Հայաստան/ տարվել եւ տեղադրվել է Կապան քաղաքում` որպես քրիստոնյա եւ մահմեդական աշխարհը միմյանցից բաժանող խորհրդանիշ կամ ավելի կոպիտ ասած` մշակութային դաշույն` խրված մահմեդական աշխարհի թիկունքը… Թե որքանո՞վ են արժանահավատ այս պատմությունները, ես չեմ համարձակվում դատել, մանավանդ իմ որոնումները եւ հարցուփորձը որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, բայց եթե անգամ հորինվածք են, ապա չափազանց պատկերավոր են ու գեղեցիկ… Եվ ես հիշեցի պարսիկ մի շատ հայտնի ժամանակակից բանաստեղծի տողերը, որոնք վաղուց երգի են վերածվել ու թեւածում են ամեն մի ազնիվ հայրենասերի հոգու մեջ. «Մենք մի անհայտ ու անանուն ծաղկի համար ի՜նչ երկարաձիգ ճամփորդություններ ենք կատարել եւ գագաթների սուրբ ու անարատ հողը համբուրելու համար՝ ի՜նչ վտանգներ հաղթահարել…»: Եվ ահա ես էլ, այս երգի հերոսի պես հաղթահարելով ճանապարհի անթիվ ու անհամար կեռմանները, ասես գնում էի փնտրելու-տեսնելու իմ ժողովրդի ազնվության վկայություններից մեկը… առաջին դաշնամուրը:
Երեւան-Մեղրի ճանապարհը մեծ վերապահությամբ կարելի է հանրապետական նշանակության անվանել, էլ ուր մնաց… Այն թերեւս մեզ համար ավելին է` իբրեւ կյանքի ճանապարհ… Եվ հենց այդ նեղլիկ, ոլոր-մոլոր ճանապարհներին անընդհատ աջ ու ձախ ճկվելով, փնչացնելով ու ճռնչալով առաջանում են իրանական հսկա բեռնատարների շարասյուները… Ահա դրանցից մեկը ամբողջ ճանապարհն իրենով է արել ու արդեն տեւական ժամանակ մեր վարորդին թույլ չի տալիս վազանց կատարել: Բեռնատարի հսկա իրանը անընդհատ ճոճվում է մեր քթի տակ… Եվ հանկարծ աչքս ընկնում է թափքի հետնամասի խոշորատառ գրությանը. «Ո՛վ ճամփորդ, սիրտդ չկապես օտար վայրերին…»: Արեւելքում սիրում են մեքենաների վրա զանազան` հիմնականում փիլիսոփայական, երբեմն նաեւ սրտառուչ ու ջերմ մակագրություններ անել… Այս վարորդն էլ, որի գործը հենց օտար երկրների ճանապարհները չափելն է, ուրիշներին ու հենց ինքն իրեն հիշեցնում է, որ հայրենիքը, այնուամենայնիվ, աշխարհի ամենագեղեցիկ վայրն է…
Եվ Մեղրիի շրջանի զինվորական կոմիսար Դավիթ Անանյանը, աշխատանքային ծանր օրվա ավարտին, սիրահոժար հանձն է առնում մեզ հասցնել Ս. Աստվածածին եկեղեցի: Ի տարբերություն Հայաստանի նմանատիպ մյուս բնակավայրերի, Մեղրիի փողոցները համեմատաբար աշխույժ են ու մարդաշատ: Զինվորական մեքենան քաղաքի նեղլիկ ու զառիվեր ձգվող փողոցներով դանդաղ բարձրանում է: Զինկոմի մեկնաբանությամբ, որ բնիկ մեղրեցի է, աշխուժությունը հիմնականում պայմանավորված է երեք հանգամանքով՝ պղնձամոլիբդենային կոմբինատի հարեւանությամբ, ռուսական զինվորական ստորաբաժանման ներկայությամբ եւ Իրան-Հայաստան սահմանակետով: Եկեղեցու գմբեթը ամեն կեռմանից մեկ երեւում, մեկ էլ անհետանում է մեր տեսադաշտից: Դանդաղ վեր մագլցող մեքենայի բաց պատուհանից զինկոմը հասցնում է ոչ միայն աջ ու ձախ ողջունել, այլեւ նույնիսկ կցկտուր, թռուցիկ տեղեկություններ փոխանակել ճանապարհին հանդիպող համաքաղաքացիների հետ: Մայրաքաղաքից ժամանած զինվորականներիս համար չափազանց հաճելի էր պետական պաշտոնյայի հետ շփվելու, հարաբերվելու այս անբռնազբոս ու մտերմիկ եղանակը, ինչը բնորոշ է հատկապես փոքր քաղաքներին, բնակավայրերին, ինչպես նաեւ այն փաստի արձանագրումը, որ ավելի քան տասը տարի Մեղրիի տարածքի զինվորական կոմիսարի պաշտոնը անընդմեջ վարող զինվորականն այդքան մարդամոտ, սիրված եւ մանավանդ մեծ հարգանք վայելող անձնավորություն է:
Օրը թեքվում է դեպի մայրամուտ… Նայում ենք զինկոմի ցույց տված ուղղությամբ: Արեւի վերջին ճառագայթները լուսավորել են բառիս բուն իմաստով լեռան գագաթին թառած հնամենի ամրոցը: «Մեղրիի ղալեն է,- անշտապ բացատրում է զինկոմը,- եզակի մի կառույց հայ ամրոցաշինության մեջ: Եթե մոտիկից տեսնեք, անմիջապես կնկատեք, որ, ի տարբերություն այլ ամրոցների ու բերդերի, այն պարիսպ չունի, միայն ինքն է` ամրոցը: Եվ իր ինչի՞ն է պետք պարիսպը, եթե չորս կողմից շրջապատված է լեռնաշղթայի թեք կողերով, անհաղթահարելի ժայռերով: Մեր այս ղալայի մասին առաջին անգամ հիշատակվում է տասնմեկերորդ դարում, ավելի ստույգ` 1083 թվականին: Ինքը՝ ղալան, պարզ է, շատ ավելի հին է»: Մեր բազմանշանակ լռությունն ընդունելով որպես քաջալերանքի վկայություն, զինկոմը հիմա էլ փորձում է հիացնել մեզ ոչ միայն իր ծննդավայրի պատմության քաջ իմացությամբ, այլ նաեւ մարտավարական գիտելիքներով. «Մեղրիի ղալայի աշտարակներից հանգիստ կարելի է հսկողության տակ առնել քաղաքի մատույցներն ու կարեւորագույն բոլոր կետերը»:
Մեղրիում, ինչպես Չարենցը կասեր, անմիջապես զգացվում է Օրմզդի շունչը:
Որ քիչ այն կողմ Իրանն է, այդ մասին հիշեցնում են ինչպես անտանելի ու հեղձուցիչ շոգն ու տապը, այնպես էլ տեղացիների բառապաշարում հանգրվանած հատուկենտ պարսկերեն բառերը, ասենք, հենց թեկուզ «ղալան»` ամրոցը: Եվ, ընդհանրապես, Մեղրիի թաղամասերը, եթե ոչ ամբողջությամբ, ապա տեղ-տեղ հիշեցնում են լեռների թեք լանջերին ծվարած պարսկական փոքրիկ քաղաքների թաղերը… Եվ զարմանալի չէ. Արաքսն է ընդամենը բաժանում երկու երկրները միմյանցից: Զինվորականներից մեկը շատ գեղեցիկ էր պատմում. «Առավոտ շուտ պատշգամբ եմ դուրս գալիս, ծխում, սուրճ եմ խմում ու նայում, թե այն կողմում մարդիկ ինչպես են հնձում, վարում, դես-դեն գնում… Իրենք էլ հավանաբար ինձ են տեսնում, որ տանս պատշգամբում կանգնած ծխում եմ ու սուրճ խմում»:
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է քաղաքի բարձրադիր՝ հյուսիսային թաղամասում եւ բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով: Ցածրիկ, մեկ-երկու հարկանի տների արանքից անակնկալ մեր աչքերի առաջ բուսնում է եկեղեցին իր ողջ հմայքով, սլացիկությամբ: Այն շարված է բազալտ քարով, սակայն առաջին բանը, որ աչքի է զարնում, եկեղեցու աղյուսաշեն թմբուկն է ու գմբեթը, ինչը խիստ հազվադեպ հանդիպող երեւույթ է մեր եկեղեցաշինության մեջ: Այն ավելի շատ հիշեցնում է Իրանի տարբեր շրջաններում` քաղաքներում ու հայաբնակ գյուղերում դեղնակարմրավուն թրծված աղյուսից շինված եկեղեցիները:
Եկեղեցին մեզ դիմավորում է զանգերի ղողանջով… Ներս ենք մտնում եկեղեցու արեւմտյան մուտքից: Մեզնից աջ եկեղեցուն կից նորակառույց ինքնատիպ շինությունն է` մի հարկում ապրում է հոգեւոր սպասավորն իր ընտանիքի հետ, մյուսում ընթերցասրահն է, կիրակնօրյա դպրոցի դասարանները, օժանդակ այլ սենյակներ… Ներքեւ իջնող սանդուղքից ձախ եկեղեցին է… Մենք քայլում ենք համարյա եկեղեցու թմբուկի բարձրությանը հավասար ձգվող արահետով, ինչը հնարավորություն է տալիս վերեւից տեսնելու հոյակերտ տաճարը… Այնքան եմ տարված եկեղեցու գեղեցկությամբ, որ չեմ էլ նկատում ո՛չ ոտքերիս տակի քար ու քռան եւ ո՛չ էլ մեզ ընդառաջ եկած ժպտադեմ քահանային…
Հին ու մտերիմ ծանոթների նման բարեւում են զինվորական կոմիսարն ու հոգեւորականը: Մեր «Օրհնյա տերը» ակնհայտորեն ուրախացնում է երիտասարդ քահանային, որն ըստ երեւույթին արդեն վաղուց վարժվել է «բարեւներին»: Մեր նոր-նոր սկսվող զրույցին միջամտում է մի անծանոթ երիտասարդ, որը, ինչպես հետո կիմանանք, զինվորական կոմիսարի բարեկամներից, թե ընկերներից է: Նա քահանային հիշեցնում է ավելի վաղ արված իր առաջարկությունը. «Դուք մեզ միայն ապահովեք շինանյութով` ցեմենտ-ավազով, ես ու իմ ընկերները այս քարքարոտ ճանապարհը մեր ուժերով կկառուցենք»: Թե ի՞նչ պայմանավորվածության նրանք հանգեցին, ես չիմացա` ինձ հմայել էր ամբողջովին զուսպ արտաքին հանդերձանք ունեցող եկեղեցու հարավային ճակատի արեւմտյան լուսամուտի մոտի խոյի գլուխը: Երբ պտտվեցի եկեղեցու շուրջը, համոզվեցի, որ խոյի գլուխը Սուրբ Աստվածածին եկեղեցու միակ զարդն է:
Շարունակելի
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ