ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՎԱԾ Է ՓՈՐՁԱՌՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ
Հավաստի և ժամանակին ստացված տեղեկությունը, մանավանդ, երբ այն վերաբերում է հակառակորդին, անչափ կարևոր է հրամանատարների համար: Հաղորդակցության, կապի ժամանակակից բազմաթիվ միջոցների առկայության դեպքում գուցեեւ ավելի է կարևորվում դրանց անխափան և հուսալի, այսինքն՝ արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու խնդիրը: Այդ իսկ պատճառով բանակում ներդրված են կապի մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել ըստ անհրաժեշտության: Սակայն, ինչպես ցանկացած զենք, կապի միջոցները եւս չեն կարող հաջողությամբ կիրառվել, եթե չկան որակյալ մասնագետ-կապավորներ: Այս տեսակետից գնդապետ Կ. Սերոբյանի մոտոհրաձգային զորամասում ամեն ինչ կարգին է: Ծառայությունը վստահված է փորձառու և բարձրակարգ մասնագետների, մարդկանց, որոնք իրենց պարտականություններն անթերի կատարելու կարողություն ու ներքին մղում ունեն:
Մայոր Արմեն Ռոստոմյանը փորձառու և հմուտ ղեկավար է: 1998թ., ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության է նշանակվել առաջնագծի զորամասերից մեկում և տարիներ շարունակ անխափան կապ է ապահովել մարտական դիրքերում: Հետո տեղափոխվել է ու նշանակվել կապի վաշտի հրամանատար: Նրա ջանքերի շնորհիվ էլ վաշտը ձեռք է բերել աննախադեպ մարտունակություն և երկու տարի անընդմեջ` 2011 -2012թթ. զորամիավորման կազմում ճանաչվել է լավագույնը:
-Այս տարվա ձմեռային ուսումնական փուլի ընթացքում կատարել ենք մի քանի դաշտային ելքեր ու մասնակցել զորավարժությունների, ինչպես առանձին վաշտի կազմով, այնպես էլ մյուս ստորաբաժանումների` գումարտակների ու վաշտերի: Այժմ էլ առանձին ստորաբաժանումներ ճամբարային հավաքի մեջ են: Բացազատումը կատարվում է ժամանակին, կայանների պետերը և բոլոր մյուս կապավորներն իրենց գործին տիրապետում են անթերի: Որպես ծառայության պետ` իմ գոհունակությունն եմ հայտնում վաշտի հրամանատար, կապիտան Սերգեյ Առուստամյանին, ռադիոկայանների պետեր` ավագ սերժանտ Հովհաննես Ղազարյանին, սերժանտ Արամ Եգանյանին, շատերին: Ընդհանուր առմամբ, զորամասում կապի լավագույն մասնագետը կապիտան Իգոր Այվազյանն է:
♦♦♦
Շուրջ քսանհինգ տարի Սյունյաց աշխարհի այս չքնաղ վայրում է ապրում կապիտան Իգոր Այվազյանը:
-Արմատներս այստեղ են, այս հպարտ լեռներում: Ծնողներս ապրել, աշխատել են Բաքվում: Ծնվել եմ այնտեղ, որտեղից էլ զորակոչվեցի խորհրդային բանակ: Այդ ժամանակ էլ սկսվեց Արցախյան շարժումը, և մերոնք, կատարելով բնակարանների փոխանակում, վերադարձան Սյունիք: Ես էլ, ավարտելով ծառայությունս, վերադարձա հայրենիք, աշխատանքի ընդունվեցի կոնդենսատորների գործարանում, ապա համալրեցի քաղաքն ու տարածաշրջանը պաշտպանող կամավորականների շարքերը: Կռիվը գնալով բորբոքվեց, ընդլայնվեց ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Ձևավորվեց զորամասը, ու ես միանգամից ծառայությունս շարունակեցի զորամասում:
Իգորը, լինելով կամավորականների, այնուհետև զորամասի բանիմաց կապավորնորից մեկը՝ եթե ոչ ամենալավը, մասնակցեց բոլոր ռազմերթերին, ճակատամարտերին, հասավ մինչև Հորադիզ, հետո, որպես կարևոր առաջադրանք կատարող զինծառայող, ապրեց զինվորականի կյանքով. մարտական հերթապահություն, զորավարժություններ, հավաքներ: Այստեղ՝ Սյունիքում էլ գտավ կյանքի իր անբաժան կեսին` Ֆաինային, որի ճակատագիրն էլ շատ բաներով կրկնում էր իրենը: Նա էլ փախստականի դուստր էր: Այժմ Ֆաինան զորամասի գրադարանավարուհին է: Նրանք ունեն մեկ աղջիկ և մեկ տղա: Աղջիկն արդեն ավարտել է համալսարանը, իսկ տղան փոխադրվել է երկրորդ կուրս և պատրաստվում է շուտով զինվոր դառնալու: Զգացվում է, որ Իգորը գոհ ու երջանիկ է իր կյանքում կատարված նման շրջադարձի համար: Վերադարձ դեպի արմատները: Այժմ նա ողջ տարածաշրջանում ամենահմուտ ռադիոտեխնիկի, կապավորի համարում ունի: Բոլոր չնորոգվող սարքավորումները Իգորի մոտ են բերում, և եթե նա էլ չնորոգեց, ուրեմն դեն նետելու բան է:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի