ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հուլիսի 15-ից 19-ը պաշտպանության բանակում զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեց հրամանատարական հավաք: Միջոցառումը նախատեսված էր զինված ուժերի 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով և հետապնդում էր զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստության մակարդակը ստուգելու և բարձրացնելու, առաջավոր փորձն ուսումնասիրելու և դա զորքերի ամենօրյա գործունեությունում ներդնելու նպատակ:
Հավաքների կարևորության մասին էր վկայում այն հանգամանքը, որ հենց միջոցառման մեկնարկին մասնակից սպայակազմին հանդիպեց և վերջիններիս ուղղված խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հրամանատարական հավաքն առավել կազմակերպված անցկացնելու նպատակով մասնակիցները բաշխվել էին խմբերի ու ենթախմբերի:
Առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակը որոշել էին խմբերի ղեկավարները: Վերջիններս պարապմունքներն անցկացնելիս լայնորեն կիրառում էին ուսուցման տեխնիկական միջոցները:
Հավաքի մասնակիցների համար ընթերցված դասախոսությունների թեմաներն էին` զինվորական կրթական համակարգի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ԶՈՒ սպաների, ավագ և կրտսեր ենթասպայական կազմի պատրաստման և վերապատրաստման ուղիները, զորքերի պատրաստությանը ներկայացվող հիմնական պահանջները, ԶՈՒ անձնակազմի հոգեբանական պատրաստության ուղիներն ու մեթոդները, անձնակազմի նպատակային հոգեբանական պատրաստությունը, հրետանու մարտական կիրառման հիմունքները համազորային մարտի հիմնական տեսակներում, կապի կազմակերպումը, ինժեներական կառույցների սարքավորումը, շահագործումը և պահպանումը, զինվորական կոլեկտիվներում զինծառայությանն անձնակազմի հարմարեցման գործընթացի հիմնախնդիրները, «Դաստիարակությունը կոլեկտիվում և կոլեկտիվի միջոցով» սկզբունքի կիրառումն ու առանձնահատկությունները, զորամասերում զորային տնտեսության կազմակերպումը, վարումը և վերահսկումը, զորամասերի հրամանատարների դերը զորային տնտեսության ղեկավարման և զարգացման գործում, զորանոցային և բնակելի ֆոնդերի, կոմունալ կառույցների և ինժեներական համակարգերի շահագործման կազմակերպումը և այլն:
Գլխավոր գործնական պարապմունքը, սակայն, մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությունն էր` «Ուժեղացված գումարտակի պաշտպանության անցնելը սպառնալից ժամանակաշրջանում: Պաշտպանական մարտի վարումը: Մխրճված հակառակորդի ջախջախումը մոտեցված ռեզերվների հետ համատեղ» թեմայով, որի եզրափակիչ փուլն անցկացվեց հավաքի 4-րդ օրը` հուլիսի 18-ին` «Տիգրանակերտ» զորավարժարանում: Եզրափակիչ փուլին հետևում էին ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ու հրամանատարական հավաքներում ներգրավված մի շարք բարձրաստիճան սպաներ:
Հավաքի մասնակիցների համար զորավարժությունը կրում էր նաև գործնական պարապմունքի բնույթ և ուներ ուսուցողական նշանակություն: Հավաքի մասնակիցները, մինչև հրամանատարական հավաքի անցկացման վայր ժամանելը, քարտեզի վրա նախանշել էին խմբային վարժանքի մարտավարական առաջադրանքի իրադրությունը, ընդունել որոշումը և պատրաստվել զեկույցի: Մշակել և ներկայացրել էին նաև խմբային վարժանքի համար նախատեսված փաստաթղթերի ամբողջ փաթեթը, այդ թվում` որոշման և մարտական հրամանի տեքստային տարբերակները, որոնք ներկայացվեցին խմբային վարժանքների ընթացքում:
Հրամանատարական հավաքի մասնակիցների անհատական պատրաստության մակարդակը որոշելու և գնահատելու նպատակով անցկացվեցին ստուգարքներ` ֆիզիկական պատրաստությունից N 6 և N 10 (100մ) վարժությունների կատարումից, շարային պատրաստությունից` զենքով և առանց զենքի շարային վարժաձևերի կատարումից (ստուգողական պարապմունքներ), ղեկավար փաստաթղթերի իմացությունից` ընդգրկելով հարցեր գործառույթային պարտականությունների իմացությունից (համալիր ստուգարքներ թեստերի միջոցով) և այլ հարցեր:
Հրամանատարական հավաքի արդյունքում ամրապնդվեցին մասնակիցների` զորքերի ամենօրյա ղեկավարման ունակությունները, բարձրացավ նրանց մասնագիտական գիտելիքների մակարդակը, կատարելագործվեցին գործնական հմտություններն ու ունակությունները, բարձրացավ մասնակիցների տեսական գիտելիքների ու գործնական վարժվածության, ինչպես նաև մարտական պատրաստության գործընթացում առաջավոր փորձի ներդրման մակարդակը, ստուգվեց մասնակիցների անհատական պատրաստության աստիճանը ղեկավար փաստաթղթերի իմացությունից, մարտավարական պատրաստությունից, ֆիզիկական և շարային պատրաստությունից:
Հրամանատարական հավաքների արդյունքների` հուլիսի 19-ի ամփոփմանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, ՊՆ և ԳՇ պետի տեղակալներ: Իրականացված միջոցառման մանրամասներին նվիրված վերլուծական զեկույցով հանդես եկավ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Արձանագրվեց, որ ընդհանուր առմամբ, հրամանատարական հավաքները ծառայել են իրենց նպատակին:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն անչափ կարևոր համարեց հրամանատարական հավաքները: Նրա խոսքով, հավաքները հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու եզակի հնարավորություն են: Դրա կարևորությունն ընդգծվում է հատկապես ՀՀ և Արցախի զինված ուժերի միջև փորձի փոխանակման տեսանկյունից: Այս հանգամանքը տարածաշրջանային որոշակի զարգացումների դեպքում կարող է ունենալ նաև իրական մարտական կիրառման արտահայտություն:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում