Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ՀՐԱՆՈԹՆԵՐԸ



Թերևս վաղուց արդեն արդիական չեն պտուտակավոր շարժիչներով ինքնաթիռները, սակայն այս մեկը յուրահատուկ է: Խոսքը ամերիկյան «AC-130 Gunship»-ի մասին է: Այս ինքնաթիռը այնքան հաջողված էր, որ սովորական տրանսպորտայինից վերածվեց իսկական օդային հրանոթի: Ստեղծված է «Lockeed» ընկերության «C-130 Hercules» ինքնաթիռի հիման վրա: Առաջին «C-130 Hercules»-ը իր թռիչքը կատարել է հեռավոր 1954-ին, իսկ 1959-ից այն դրվել է սերիական արտադրության: Ստեղծվել է ավելի քան 2200 օրինակ: Մոտ տասը տարի անց ԱՄՆ Ռազմաօդային ուժերը որոշում են «Hercules»-ը վերածել ռազմական օդային հրանոթի, որն ունակ կլիներ լուծելու այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են`

1. Հետևակի օդային աջակցությունը,

2. Տվյալ տարածաշրջանի օդային գերակայության ապահովումը,

3. Կարևոր օբյեկտների պաշտպանությունը և այլն:

Թեև ինքնաթիռը պատկանում էր ամերիկյան «Lockeed» ընկերությանը, սակայն ռազմական տարբերակի վրա պետք է աշխատեր «Boeing»-ը: 1968թ. սկսվեց «AC-130»-ի սերիական արտադրությունը` ստեղծվելով 47 օրինակ: Վերը նշված խնդիրների իրագործման համար ինքնաթիռը համալրված է երկու 20մմ «M61 Vulcan» գնդացիրներով, մեկ 40 մմ «Bofors» և մեկ 105մմ «M102» հրանոթներով: AC-130-ը ստեղծված է մի քանի մոդիֆիկացիաներով` «AC-130H», «AC-130U»: «AC-130U»-ի մոտ «M61 Vulcan»-ը փոխարինված է «GAU-12/U» գնդացրով:

Ինքնաթիռի ինքնարժեքը (AC-130H) սկսվում է 132 մլն դոլարից, իսկ «AC-130U»-ինը կազմում է 190 մլն ԱՄՆ դոլար: Շատերի կարծիքով, այս ինքնաթիռը անիմաստ ծախս է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի համար: 190 մլն ԱՄՆ դոլարը համարժեք է մոտ 12 ամերիկյան «AH-64 Apache» ուղղաթիռների գնին: Կարծիքներ են հնչում, թե աշխատանքը, որ կատարում է «AC-130»-ը` իրականացնում են նաև ուղղաթիռները: Սակայն այդպես չէ: Եթե մի փոքր համեմատական անցկացնենք «AC-130»-ի և ուղղաթիռի միջև, ապա տարբերություններն ակնհայտ կլինեն: Նախ` սպառազինության տեսանկյունից ուղղաթիռը զիջում է «AC-130»-ին: Վերջինիս 40 մմ «Bofors» հրանոթի արկերը հասնում են 1000-ի, իսկ 105 մմ «M102»-ինը` շուրջ 100-ի: Ուղղաթիռի ֆիզիկական հնարավորությունները թույլ չեն տալիս նման քանակի սպառազինություն կրել: Ինչ վերաբերում է հետևակի օդային աջակցությանը, ապա այս դեպքում ևս «AC-130»-ը առավելություն ունի, քանի որ կարող է շուրջ մեկ ժամ կրակի տակ պահել շրջակա տարածքը, իսկ զինամթերքը լիովին բավականացնում է: Պետք չէ մոռանալ, որ «AC-130»-ը այն բեռնատարն է, որը օգտագործվում է նաև որպես դեսանտային խցիկ:

Ուղղաթիռներն ավելի խոցելի են, քանի որ գործում են հիմնականում ոչ մեծ բարձրությունից, իսկ «AC-130»-ը գործում է մոտ 2500-3000 մ բարձրությունից, ինչը, սակայն, չի նշանակում, որ «AC-130»-ը խոցելի չէ: Պետք է նշել, որ այն հատուկ նշանակության խնդիրների համար է նախատեսված: Այսինքն, երբ նա օդում է, ապա ունի անհրաժեշտ աջակցություն և պաշտպանության կարիք այլ ռազմական միջոցների կողմից: Այն մեծ հաջողությամբ մինչ օրս կիրառվում է բազմաթիվ ռազմական հակամարտությունների ժամանակ:

Ինքնաթիռն անընդհատ թարմացվում և նոր համալրումների արդյունքում ավելի է կատարելագործվում: Վերջին նորամուծությունը հրթիռների խցիկն է, որը տեղակայված է ինքնաթիռի հետևի մասում` բեռնախցիկի դարպասի վերին հատվածում: Հատուկ համակարգի միջոցով հրթիռը ռումբի պես բաց է թողնվում ինքնաթիռից, այնուհետև, բացելով թևերը, վերածվում է կառավարվող հրթիռի: «AC-130»-ը կարող է արձակել 10 նման հրթիռներ: Նման համալրումները, ինչ խոսք, կատարելագործում են ինքնաթիռը, սակայն հանգեցնում են սպասարկման ծախսերի մեծացմանը, ուստի ԱՄՆ Ռազմաօդային ուժերը կրճատել են «AC-130»-երի քանակը: Ներկայումս ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ջոկատների տրամադրության տակ կան 13 «AC-130U» և 8 «AC-130H»: Ինքնաթիռների կրճատումը պայմանավորված է նաև ապագայում «V-22 Osprey» ինքնաթիռ-ուղղաթիռի, որպես համարժեք փոխարինող, հրապարակ գալու հետ:

«V-22 Osprey» ինքնաթիռը նաև կարող է վերածվել ուղղաթիռի: Այս տեսանկյունից այն յուրահատուկ է և միակն է իր տեսակի մեջ: Ստեղծված է լուծելու այն նույն խնդիրները, ինչ «AC-130»-ը:

Մասնագետների կարծիքով, «V-22 Osprey»-ն ունի որոշ առավելություններ և մեկ քայլ առաջ է ծանրաքաշ հսկայից: Կարևոր առավելություններից են թռիչքամարտավարական հնարավորությունները: «Osprey»-ը ունակ է մարտ վարելու ու այնպիսի վայրերում, որտեղ «AC-130»-ը իր մարտավարական-թռիչքային հնարավորություններով «Osprey»-ը նաև ինքնաթիռ է և ունակ է գործելու ինքնաթիռներին հատուկ բարձրության վրա: Նրա շարժիչները բացառիկ հնարավորություններ են տալիս այս թռչող սարքին:

«Rolls-Royce» ընկերության «T406» շարժիչները տեղակայված են «Osprey»-ի թևերի ծայրերին և պտտվում են 98 աստիճան հնարավորություն տալով «V-22 Osprey»-ին և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական վայրէջքի: «V-22 Osprey»-ն օդում կարող է պտտել շարժիչները և վերածվել ինքնաթիռի, նույնը նաև հակառակը: Շարժիչի պտույտը տևում է ընդամենը 12 վայրկյան:

«V-22»-ն իր առաջին թռիչքը կատարել է 1989-ին, սակայն սպառազինությունում հայտնվել է 2005թ: Սկզբում պլանավորված էր ԱՄՆ Ռազմաօդային ուժերի համար ստեղծել շուրջ 300 միավոր «V-22 Osprey» ինքնաթիռ-ուղղաթիռներ, սակայն 2008-ին այդ թիվը կրճատվեց 160-ի: «Osprey»-ը յուրահատուկ է նաև նրանով, որ ստեղծված է կոմպոզիտային մետաղներից և ավելի թեթև է «Osprey»-ից: Բացի այդ, այն ավելի մատչելի է: «Osprey»-ի արժեքը կազմում է մոտ 115 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայումս այս ինքնաթիռ-ուղղաթիռները հաջողությամբ կիրառվում են ԱՄՆ Ռազմածովային դեսանտային ստորաբաժանումների կողմից: Այն ևս անընդհատ թարմացվում և կատարելագործվում է:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ռազմական


01/08/2013