ԲՆԱՍԵՐՆԵՐԸ ԽԱՉԻՆՏԱՓՈՒՄ
Խաչինտափը Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից է, մտնում է Վակունիս համայնքի մեջ: Անտառամերձ և գրեթե ալպիական գոտում գտնվող գյուղն ունի գեղատեսիլ բնություն, մաքուր օդ: Եվ պատահական չէ, որ հենց այս գեղատեսիլ վայրում էլ արդեն մի քանի տարի շարունակ տեղի է ունենում ճամբարում: Հուլիսի 21-ից Համահայկական բնապահպանական ճակատը կազմակերպել է 10-օրյա ճամբար: 22 տարբեր մասնագիտացում ունեցող ուսանողներ Երևանից և ՀՀ այլ մարզերից այստեղ են եկել ՝ ճանաչելու Արցախ աշխարհի այս հրաշալի գողտրիկ անկյունը, ծանոթանալու Քաշաթաղի բնությանը, մարդկանց: Ճամբարականների առօրյային ծանոթանալու նպատակով այցելեցի Խաչինտափ, զրուցեցի ճամբարի հրամանատար Արմենակ Աբրահամյանի, պատասխանատու Եղիա Ներսեսյանի և այլոց հետ: Եղիա Ներսեսյանն ասաց, որ իրենց այստեղ գալու նպատակը հայրենաճանաչողությունն է:
-Կարևոր է, որ հայ երիտասարդներն իմանան, թե ինչ է նշանակում ազատագրված հայրենիք, ինչպես են ազատագրվել մեր հայրենի տարածքները: Երեկ մենք եղանք Վակունիսի դիմաց գտնվող Սիսիանի ջոկատի նահատակ տղաների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Անդրանիկն ասում էր՝ ճանաչի՛ր, որ սիրես, -ասաց Եղիան՝ հավելելով, որ իրենց ճամբարը գործում է խիստ ռեժիմով, բացօթյա, սննդակարգը բուսական է, բոլորն էլ առաջին անգամ են եկել Արցախ: Գիշերը հերթապահները հսկում են ճամբարի հանգիստը: Ծրագրված է ամեն օր արշավ կազմակերպել դեպի պատմական հուշարձաններ: Նրանց ուղեկցում է Խաչինտափ գյուղից Նարեն:
Տաթևիկ Մայիլյանը Երևանից է, ուսանում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: Նա հիացած է տեղի բնությամբ և առաջին անգամ գիշերը քնել է մանկան պես հանգիստ: Շողիկ Մելքոնյանը ծնունդով Գյումրիից է, բայց բնակվում է Բալահովիտում, ունի հաշվապահական կրթություն:
-Առաջին անգամ եմ Արցախ եկել. շատ սիրեցի այստեղի բնությունը, բուսակերությանն էլ կամաց վարժվում եմ: Կազմակերպվում են արշավներ, զբաղվում ենք մարմնամարզությամբ: Հոգնում ենք, բայց հաճելի հոգնածություն է, նշեց Շողիկը՝ ասելով, չգիտեր,որ այսպիսի տեղ կա հայոց երկրում. օդն էլ յուրահատուկ է այստեղ:
Անին Երևանից է, այս տարի է ընդունվել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ: Ուրախ է Քաշաթաղում լինելու համար, առօրյան էլ հետաքրքիր է. գիշերը հերթապահել է՝ հսկելով ընկերների քունը, բացի այդ, պատրաստվում է ինտելեկտուալ մրցույթի, որը կկայանա մի քանի օրից:
Զրուցակիցներս բոլորն էլ ասում են, որ իրենց հետ չեն վերցրել ո՛չ հեռախոս, ո՛չ էլ առանձնապես շատ հագուստ-կապուստ, հիմնականում գրքեր են: Որոշված է միառժամանակ կապ չունենալ ծնողների հետ. փորձում են նմանվել այն զինվորներին, ովքեր շաբաթներով, ամիսներով հեռու են եղել տնից, նույն հագուստն են կրել, սնվել են սահմանափակ: Արմեն Ադամյանը Մասիսից է, ծառայել է ազգային բանակում, այնուհետև՝ խաղաղապահ զորքերում, այժմ զորացրվել է և միացել բնապահպանական ճակատին: Նա էլ է գիշերը հերթապահել, նախկին զինվորը սովոր է նման խստակեցության: Այն հարցին՝ ինչ դժվարություններ կան, բոլորն էլ պատասխանեցին՝ դժվար կլինի Խաչինտափից բաժանվելը:
Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Բանակ և հասարակություն