ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
18-ՐԴ ԴԱՐԻ 2-ՐԴ ԿԵՍ- 19-ՐԴ ԴԱՐԻ 1-ԻՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿ
Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը եւ կանխազգալով դեպքերի անբարենպաստ ընթացքը` Ղարաբաղի քաղաքական ուժերը դեռեւս 1917 թ. վերջերին գործնական քայլերի դիմեցին երկրամասի բնականոն զարգացումը ապահովելու համար: Առաջնային ու հրատապ խնդիրներից էր ինքնապաշտպանության կազմակերպումը:
Այս տեսակետից առանցքային նշանակություն էր ձեռք բերում Ասկերանը, որպես Լեռնային Ղարաբաղի արեւելյան սահմանների դարպաս: Դրանում համոզվելու համար թերեւս բավական է նկատի առնել, որ Ասկերանից մինչեւ Կապանի հանքերը մեկ խճուղի էր ձգվում, որի պաշտպանությունը ռազմավարական անհրաժեշտություն էր: Ահա թե ինչու Ղարաբաղի նորաստեղծ իշխանությունները ուշադրության առանցքում էին պահում Ասկերանը եւ մտահոգված էին նրա պաշտպանունակության մեծացմամբ: 1917 թ. դեկտեմբերին, երբ Ասկերանի վրա կախված էր թուրքերի ներխուժման վտանգը, Մեսրոպ քահանա Շահիջանյանը համախմբեց Խաչեն գետի առափնյա գյուղերի հարյուրավոր զինված հայ գյուղացիներին եւ փակեց Ասկերանի կիրճը:
Ասկերանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում զգալի էր ժամանակի հայտնի քաղաքական գործիչներ Եղիշե Իշխանյանի եւ Հայրապետ Մուսայելյանի ներդրումը:
Շուշիում ստեղծված միջկուսակցական Բյուրոյի որոշմամբ Ասկերանում տեղակայվեց երկու պահակախումբ` յուրաքանչյուրում 25-ական մարդ, Ասկերանի շրջանում գյուղացիների անդորրը հսկելու եւ անկարգությունները կանխելու համար: 1918 թ. մայիսի 5-ին Շուշիում հրավիրված Բյուրոյի լիակազմ նիստում Աշոտ Մելիք-Հովսեփյանը գործնական նկատառումով առաջարկեց Ղարաբաղը բաժանել երկու շրջանների եւ յուրաքանչյուրում ունենալ Բյուրոյի մեկ լիազոր ներկայացուցիչ` իր օգնականներով. կոմիսարներն էլ ենթակա կլինեին լիազորներին: Առաջարկն ընդունվեց առանց առարկության: Ապա Բյուրոն որոշեց Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի շրջանները եւ Վարանդայի մի մասը, Կարկառ գետի աջ ափի գյուղերը` Ասկերանից մինչեւ Շոշ գյուղը, համարել մեկ լիազորության շրջան, իսկ Վարանդայի մեծագույն մասն ու Դիզակը` մյուս լիազորության շրջան:
Առաջին շրջանի լիազոր նշանակվեց Եղիշե Իշխանյանը` Վարարակնի եւ Շոշի գյուղախմբերի համար օգնականներ ունենալով Խաչիկ Մելքումյանին, Թեոդորոս Տեր-Հովսեփյանին` ձախափնյա Խաչենի, Մարտիրոս Արզումանյանին` աջափնյա Խաչենի, իսկ Վարդան Վարդապետյանին` Ջրաբերդի եւ Գյուլիստանի համար: Երկրորդ շրջանի լիազոր նշանակվեց Արսո Բաղդասարյանը` օգնականներ ունենելով Սամսոն Հովհաննիսյանին եւ Լեւոն Մելիք-Մանուչարյանին:
1918 թ. մայիսի 29-ին Ասկերանում հրավիրվեց հայ-թուրքական երրորդ բազմամարդ համագումարը, որին մասնակցում էին մեծ թվով քոչվորներ ու հայ գյուղացիներ, պատկառելի թիվ էին կազմում նաեւ բեկերը: Համաձայնություն է կայացվում, որ քոչվորները սար պետք է բարձրանան անզեն, պետք է վերացվի հայերի հանդեպ հաստատված բոյկոտը` թե՛ մթերք վաճառելու եւ թե՛ փոխանակելու, իսկ առեւտրի ժամանակ առանց սակարկության ընդունել Կովկասյան կոմիսարիատի թղթադրամները, ջանքեր գործադրել հայերի առջեւ Բաքվի ճանապարհը բացելու ուղղությամբ: Ինչ խոսք, այս հիմնախնդիրների իրագործումը բխում էր արցախահայության կենսական շահերից, որոնց լուծումը նկատելիորեն կմեղմեր երկրամասի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը: Այնինչ, թուրքերին հետաքրքրում էր միայն քոչի խնդիրը, և քանի որ այն առջեւում էր, ուստի և նրանք պատրաստակամություն էին հանդես բերում հայերի պահանջները կատարելու:
1918 թ. հունիսի 9-ին քոչն սկսեց բարձրանալ սարերը: Ասկերանում, ըստ հայ-թուրքական համագումարում կայացած համաձայնության, հայ պահակներն ստուգում էին, որ վրաններ սարքելու համար տարվող թաղիքի բեռների մեջ հրացաններ թաքցված չլինեին: Քոչի ընթացքին Ասկերանում հետեւում էին Ղարաբաղի առաջին մասի լիազոր Եղիշե Իշխանյանը եւ հայ-թուրքական կոմիտեի լիազորի կողմից նշանակված մեկական հայ եւ թուրք:
Մահմեդականների համար կենսական նշանակություն ունեցող քոչին զուգադիպեց տաճիկների ի հայտ գալը Աղդամում, որտեղ և պարետ նշանակված Քյազըմ բեյը սպառնական գրություն է ուղարկում Ե. Իշխանյանին, պահանջելով ապահովել քոչի անվտանգությունը: Ինչպես տեսնում ենք, թուրքական կողմը փորձում էր քաղաքականացնել քոչի խնդիրը` առիթներ որոնելով հայերի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու, ինչպես նաեւ անկախ Ղարաբաղ ներխուժելու համար: Նույն նպատակին էին ըստ երեւույթին ծառայում նաեւ հաճախակի տեղ գտնող սադրանքները, ինչպես, օրինակ` թուրք հայտնի ավազակ Նաջաֆկուլի աղա Վեզիրովի ոտնձգությունը, որին, սակայն, հայ պահակապետերն ստիպեցին Ասկերանից հետ դառնալ։
Հունիսի 17-ին Շուշիում ստեղծված «Հայ հեղափոխական կուսակցությունների եւ կազմակերպությունների կոմիսարների խորհուրդ» անվամբ ղեկավար մարմինը հուլիսին վարչական շրջանների ճշտումներ կատարեց: Վարանդայի մի մասի եւ աջափնյա Խաչենի գավառապետ նշանակվեց Ալիքո Փիրումյանը, որին այնուհետեւ փոխարինեց Բագրատ Միքայելյանը: Միլիցիոն ձեւով կազմավորվեցին կամավորական ձիավոր խմբեր` հիսնյակներ, որոնց վրա դրված էր հարկ եղած դեպքում խմբապետի հրահանգով կենտրոնանալու եւ մատնանշված ուղղությամբ շարժվելու պարտականությունը:
Հուլիսի երկրորդ կեսին լուր տարածվեց, թե Աղդամի տաճիկ պարետն իբր ուզում է Ասկերանի շրջանի գյուղերը իրեն ենթարկելու փորձ անել: Զինվորական վարչության եւ կոմիսարների խորհրդի որոշմամբ ռազմաճակատից դասալիք զինվորներից խլված «Մաքսիմ» գնդացիրն ուղարկվում է Խաչեն` Ասկերանի ուղղությամբ հարձակում: Եվ իսկապես այն գործածվել է սեպտեմբերի 19-23-ը մղված մարտերում:
Թուրքերն աչալրջորեն հետեւում էին հայերի բոլոր շարժումներին: Արտեմ Լալայանը տեղեկացրեց, որ Առաքելի եւ Բանազուրի գյուղացիները դաշտային աշխատանքների ժամանակ տեսել են, որ տաճկական մի զորամաս անցավ դեպի Հագարու գետի կողմը: Կառավարությունն այն կարծիքին էր, թե ամենայն հավանականությամբ տաճկական զորամասը գնում էր Շուշիի գնդի ճանապարհը փակելու, ուստի որոշում է նախազգուշական միջոցներ ձեռնարկել սահմանների վրա:
Հայերը որոշում են առերես համաձայնվել թուրքերի պահանջներին եւ առերես էլ զինաթափվել: Սեպտեմբերի 29-ին Իսմայիլ Հակկի բեյը հրաման է արձակում Խաչենի եւ Վարանդայի ժողովրդին` զինաթափ լինել եւ զենքերն իրեն հանձնել Ասկերանում: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Խաչենի զինաթափումը Ասկերանում, որտեղ զենքերն ընդունողը եղել է Իսմայիլ Հակկի բեյը: Առաջին հերթին «զինաթափվել» են Դաշբուլաղ եւ Ղշլաղ գյուղերը, որոնք ավելի մոտ էին Ասկերանին, ապա մյուս գյուղերը: Հին և անպետք հրացանները ուղարկվեցին Աղդամ, իսկ Իսմայիլ Հակկի բեյը խիստ դժգոհ հեռացավ, հրամայական տոնով կարգադրելով` անպայման հավաքել պահված զենքերը եւ կենտրոնացնել Ասկերանում, ուր պիտի գար կրկին ընդունելու, բայց չեկավ…
Անդրանիկ զորավարի՝ Ղարաբաղ կատարած արշավանքի ժամանակ (1918 թ. նոյեմբեր), երբ անգլիացիները սուրհանդակներ էին ուղարկում զորավարին` արշավանքը դադարեցնելու պահանջով, Եղիշե Իշխանյանը առաջարկեց Ասկերանից հայ-թուրքական սահմանի տարածքում կազմակերպել նրանց ոչնչացումը որպես ավազակների գործ, ինչը հնարավորություն կընձեռեր ժամանակ շահել, եւ մինչեւ անգլիացիները ուշքի կգային, Անդրանիկն արդեն Շուշիում կլիներ, եւ անգլիացիք կանգնած կլինեին կատարված փաստի առաջ: Սակայն այդ առաջարկի շուրջ համաձայնություն չի կայացվում, եւ այդպես էլ այդ փայլուն մտահղացումը չի իրականացվում` ունենալով իր բացասական հետեւանքները:
Շարունակելի
ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ