Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ՀԵՏՈ



– Մա՛մ, գնում եմ…

– Վստա՞հ ես քեզ վրա…

– Մտածելու բան չունես, մա՛մ ջան…

– Մտածմունքս էստեղ է… Դժվարությունները կանցնեն, տղա՛ ջան, պատվով կատարիր գործդ, գիտակցաբար: Եթե դու այսօր լավ չապրես, ոչինչ, վաղը քո երեխեքին լավ կլինի,- առաջին անգամ Արցախ մեկնելիս ասաց մայրս ու ցույց տվեց նոր ծնված առաջնեկիս,- մտածմունքս էստեղ է…

Թամարա մայրս երկար տարիներ եղել է մեր գյուղի գրադարանավարուհին: Աշխարհում գիրք չկար, որ ինքը չկարդար ու մեզ էլ չպարտադրեր կարդալ: Իսկ Խորեն հայրս բնության մեծ գիտակ է ու սիրահար: Մեր գյուղի պտղատու այգիները ինքն է տնկել ու մշակել. մինչ օրս գյուղ այցելողները մեզ ճանաչում են հայրիկիս անունով, նրա գործով ու հարգանքով, և ես հպարտ եմ, որ այդպես է: Ես էլ, Սարգիս եղբայրս էլ հասել ենք մինչև գնդապետի կոչմանը, Ցողիկ քույրս նույնպես զինվորականության հետ գործ ունի, ամուսինը` Սեյրանը, առաջին իսկ օրից զինվորագրվել է հայոց բանակին: Այնպես որ` մեր ընտանիքը նաև ինչ-որ տեղ իր մասնակցությունն ունի մեր նորանկախ պետականության, մեր բանակի կայացման գործում, և դա, ինչպես մայրս էր ասում` գիտակցաբար է,- պատմում է գնդապետ Սուրիկ Խաչատրյանը:

-Առաջին անգամ, երբ վերադարձա Մարտակերտից (զինվորագրված էի Արծիվ-մահապարտների գումարտակին) վիրավոր էի, ցնցահարված տարած: Այն ժամանակ ձեռքի հեռախոս չկար, որ զգուշացնեի: Այդպես պատահական, անակնկալ, երբ ներս մտա, մայրս իր գիրկն առավ ինձ ու ոչ մի բառ չասաց: Միայն մատներով շոշափում էր մարմինս, ասես վերքերս էր բուժում, ամոքում: Եվ իրոք ձեռքը շոշափելով փնտրում – գտնում էր վերքս ու իր փափուկ մատները երկար պահում էր իմ վերքին: Հետո էլի գնացի ու վերադարձա: Ու ամեն վերադարձի մայրս իր գիրկն էր ինձ առնում ու շոշափում-ամոքում էր վերքերս:

Հիմա մայրս չկա, մահացել է: Վերքերը ճիշտ է` սպիացել են, սակայն իրենց հաճախ են զգացնել տալիս: Ու այդ պահերին այնպես եմ զգում մայրիկիս քնքուշ ձեռքի շոյանքը, որ անգամ այդ զգացողությունից ցավերը մեղմանում են…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Հոգևոր-մշակութային


01/08/2013