Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱԽԵՂՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԸ ՊԱՏԺՎԵՑ



Վերջերս զորամիավորման մոտոհրաձգային զորամասերից մեկում տեղի է ունեցել արտագնա դատական նիստ:
Պարտադիր ժամկետային զինծառայող, հրաձգային դասակի վարորդ, շարքային Նազարեթ Պարոնյանը օգոստոսի 23-ի երեկոյան անվանականչից հետո զորամասի շտաբի մոտ ածելիով ձախ նախաբազկի շրջանում կատարել է բազմաթիվ կտրվածքներ, որոնք թեեւ խորը չէին, սակայն պատճառել են մարմնական թեթեւ վնասվածքներ: Դեպքի մասին առաջինն իմացել է ընկերներից մեկը, որն այդ մասին տեղեկացրել է վաշտի հերթապահին: Ապա նրան օգնել են, որ ինքնախեղված վիճակում ներկայանա գումարտակի հրամանատարին, որը դեպքի մասին իսկույն տեղեկացրել էր զորամասի հրամանատարին: «Ինչու՞ ես ինքդ քեզ վնասել» հարցին շարքային Պարոնյանը պատասխանել է. «Այստեղ չեմ հարմարվում ծառայությանը, ուզում եմ բնակավայրիս մոտ գտնվող զորամասում ծառայել»: Նրան շտապ տեղափոխել են նախ զորամասի բուժկետ, որտեղ ստացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, ապա նույն օրը տեղափոխվել կայազորի հոսպիտալ, որտեղից էլ հետագայում` Երեւանի զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության, ապա` դատարան:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է երկու կարեւոր կետ.
_ զինվորական երդման դրժում,
_ ծառայողական պարտականություններից խուսափում:
Ըստ ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագետի եզրակացության՝ Նազարեթը կրծքավանդակի շրջանում ունի ռախիտիկ ռեակցիա, որը, սակայն, չի խանգարում նրա շնչառությանը, ուստի պիտանի է ոչ շարային ծառայությանը:
Շարքային Պարոնյանը կատարել է հանցավոր արարք, որի պատիժը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով: Հոդվածը ծառայությունից խուսափելը դիտարկում է որպես իրեն վնասվածք պատճառելու` անդամախեղելու միջոցով կատարված գործողություն, որի համար նախատեսված է պատժի երեք տեսակ.
_ մինչեւ 3 ամիս ժամկետով կալանք,
_առավելագույնը 3 տարի ժամկետով պատժի կրում կարգապահական գումարտակում,
_ ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթայանը դատը վարեց անաչառորեն:
Դատարանը շարքային Նազարեթ Պարոնյանի համար սահմանեց մեկ ու կես տարվա ազատազրկում: Կարգապահական գումարտակում պատիժը կրելուց հետո նա կշարունակի ծառայել բանակում:
Դատական նիստից հետո զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ցականյանն ու կայազորի զինդատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Ավագյանը զինվորներին բացատրեցին զինվորական ծառայությունից խուսափելու վտանգավորությունն ու զինվորական հանցագործություն կատարելու համար պատժի անխուսափելիությունը:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Սոցիալ-իրավական


10/03/2011