Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ



ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ զինդատախազության միջեւ ստորագրված՝ 2011 թվականի համատեղ միջոցառումների պլանի համաձայն, զորամիավորումում վերջերս տեղի ունեցավ խորհրդակցություն, որի նպատակն էր զինվորական ստորաբաժանումների կարգապահության վիճակի վերլուծությունը, դեպքերի ու պատահարների պատճառների վերհանումը:
Բացելով խորհրդակցությունը՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Տ.Փարվանյանն ասաց, որ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում դաստիարակչական աշխատանքները դրված են բարձր հիմքերի վրա, սակայն դրանով բավարարվել չի կարելի:
Զինվորական կարգապահության, դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ.Բաղդասարյանը:
Արձանագրված դեպքերի ու պատահարների առնչությամբ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրին կայազորի զինդատախազն ու ռազմական ոստիկանության պետը:
Քննարկման ընթացքում նշվեց, որ անցանկալի դեպքերն ու պատահարները կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է զորամաս ոտք դրած նորակոչիկների նկատմամբ ցուցաբերել ոչ միայն նրբանկատ մոտեցում, այլեւ մանրակրկիտ ուսումնասիրել նրանց ընտանեկան վիճակը, հոգեբանությունը եւ պարզել անձնական բնույթի այլ հարցեր: Պետք է կատարելագործել ստորաբաժանումների հրամանատարների կազմակերպչական ունակությունները, հստակորեն կատարել կանոնադրական պարտականությունները, ենթակաների նկատմամբ սահմանել անհրաժեշտ հսկողություն, կանխել միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները:
Շոշափվեց նաեւ կեղծ հեղինակությունների թեման՝ նշելով, որ նմանատիպ զինվորների հետ ճիշտ եւ կազմակերպված աշխատանք տանելու դեպքում նրանց լիդերական ունակությունները կարելի է նպատակաուղղել կանոնադրական հարաբերությունների պահպանմանը:
Խորհրդակցության ընթացքում հաստատված արձանագրության կետերից մեկը վերաբերում է զինվորական հանցագործություն կատարած զինծառայողների բաց դատավարությունների կազմակերպմանը:
Արտագնա դատական նիստերն ունեն դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ տեղի են ունենում նույն զորամասում, որտեղ զինծառայողը կատարել է հանցագործությունը, մեծ թվով զինծառայողներ մասնակցում են դատական նիստին եւ տեսնում, որ հանցագործություն կատարողը խստորեն պատժվում է, դատը տեսանկարահանվում եւ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, դատավարության մասին պատրաստված տեսանյութը բազմացվում եւ ցուցադրվում է զորամասերում:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Սոցիալ-իրավական


10/03/2011