ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Ըստ ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի՝ օրերս գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում օգնության ցուցաբերման նպատակով վարչակազմի սպաները այցելեցին ենթակա բոլոր ստորաբաժանումներ, անձնակազմին սովորեցրին պլանով նախատեսված պարապմունքներն իրականացնել ճիշտ եւ անթերի: Սպաները մանրակրկիտ հետեւում էին զորամասերի օրվա կարգացուցակին` անձնակազմի վերկացից մինչեւ քուն, եւ իրենց խորհուրդներով ու նկատված թերությունների վերացմանն ուղղված դիտողություններով մասնագիտական օժանդակություն ցուցաբերում խորացված գրաֆիկով ընթացող պարապմունքներում:
Մինչ զորամասերում ընթանում էին նախատեսված պարապմունքները, ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանում եւ մարտավարական դաշտում ճամբարային հավաքի մասնակցող հրաձգային եւ մոտոհրաձգային 2 ստորաբաժանումների հետ անցկացվեցին դաշտային պարապմունքներ:
Նպատակը եղանակային անբարենպաստ պայմաններում մարտավարական եւ կրակային պարապմունքների գործնական ցուցադրումն ու անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի կատարելագործումն էր:
Բացազատված ուսումնական կետերում ընթացան «Դասակը պաշտպանությունում» թեմայով պարապմունքներ, արծարծվեցին կրակի կառավարման տարբեր ձեւեր ու մեթոդներ: Այնուհետեւ դասակի հրամանատար կապիտան Մաթեւոսյանը ջոկերի հրամանատարներին տվեց մարտական խնդիր, նրանք էլ իրենց հերթին այն փոխանցեցին ու պարզաբանեցին անձնակազմին:
Ջոկերն անցան պաշտպանության: Կրակային դաշտում հարձակվող հակառակորդը նմանակվում էր շարժական եւ հայտնվող թիրախների միջոցով: Դասակի փորձառու նռնականետորդը, գնդացրորդները, դիպուկահարն ու հրաձիգները բոլոր հրաձգային զինատեսակներից հաջողությամբ խոցեցին հակառակորդի հանկարծակի հայտնված զրահատեխնիկան, հետիոտն հետեւակը, գրոհող հետեւակի խումբն ու գնդացրային հաշվարկները:
Պարապմունքներից հետո նշվեցին թերությունները, որոնք չկրկնելու նպատակով դրանք ներկայացվեցին նաեւ մյուս դասակներին: Ապա եւ դաշտային պայմաններում անցկացվեց «Ջոկը պաշտպանությունում» թեմայով պարապմունք, որի ժամանակ խաղարկվեց «պատերազմական իրավիճակին մոտ» սցենար: Դասակն անցավ հարձակման: Հարձակվող դասակին ուսուցանվեց պայթյունային եւ ոչ պայթյունային արգելքների հաղթահարումն ընթացքից:
Պարապմունքների ընթացքում լուրջ ուշադրություն դարձվեց ինչպես գրոհի սրընթացությանը, այնպես էլ ջոկի հրամանատարի գործողություններին, ջոկերի միջեւ փոխգործակցությանն ու մարտադաշտում խուսանավման եւ կրակային խմբերի ներդաշնակ գործողություններին: Պարապմունքների ավարտին հանդիպեցինք միջոցառումը բարեհաջող իրականացրած սպաներին եւ զինվորներին:
Զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Աբրահամյան.
-Մենք գտնվում ենք ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանում, որտեղ դաշտային պայմաններում բացազատված տարբեր ուսումնական կետերում մոտոհրաձգային վաշտի մոտոհրաձգային դասակի հետ անցկացվում է «Դասակի կրակի կառավարումը պաշտպանությունում» թեմայով ցուցադրական պարապմունք: Յուրաքանչյուր ուսումնական կետի ղեկավարի դերում հանդես են գալիս ջոկերի հրամանատարները, որոնք ցուցադրում են պարապմունքի անցկացման կարգը, նշում թեմաներն ու անցկացնում պարապմունքը: ՈՒրախալի է տեսնել, թե պարապմունքներին ինչ պատասխանատվությամբ են մասնակցում զինվորները:
Դասակի հրամանատար, կապիտան Մաթեւոսյան.
-Քիչ առաջ կատարեցինք դասակի կազմով պաշտպանության կազմակերպում եւ կրակի ղեկավարում: Ջոկերը զբաղեցրին իրենց կրակային դիրքերը, հայտարարվեց հակառակորդի հարձակման մասին, դիտորդները զեկուցեցին, ջոկի հրամանատարները զինվորներին անհատական խնդիրներ առաջադրեցին, կատարվեց կրակի ղեկավարում: Պարապմունքից գոհ եմ, քանի որ մարտավարական դաշտը բերված էր մարտականին մոտ պայմանների, կրակոցների, պայթյունների, ծխի միջոցով կատարվել է նմանակում: Դասակը ցուցաբերեց լավ արդյունքներ, իսկ անբարենպաստ եղանակը նպաստեց որ ամեն ինչ մոտ լինի իրականությանը:
Վաշտի հրամանատար, կապիտան Սաղոյան.
-Ցուցադրեցինք դասակի հարձակումը ընթացքից` պաշտպանվող հակառակորդի վրա: Նախքան այդ, ջոկերի կազմով իրականացրել էինք մարտական հրաձգություն, որի ընթացքում ցուցադրվել էր խուսանավման եւ կրակային խմբերի փոխգործակցությունը: Դասակի հարձակման ժամանակ լավ գործեց ջոկ-վաշտ շղթան: Ընդհանուր առմամբ, պարապմունքը հաջողված էր: Այն ցուցադրական չէր, այլ մարտավարամասնագիտական: Ուսումնական նպատակի ծառայեցվեց նաեւ պաշտպանվող ջոկի կրակի կառավարումը. ջոկի հրամանատարը տվեց հրահանգներ՝ ցույց տալով, թե հարձակվող հակառակորդի գրոհը հետ մղելու համար ինչպես պետք է կառավարել ջոկը: Պարապմունքներին մասնակցում էր մեկ հրաձգային ջոկ, որը պաշտպանվում էր: Ջոկի հրամանատարի խնդիրն էր` կարողանալ ճիշտ կատարել կրակի կառավարումը, որը նա հաջողությամբ իրականացրեց:
Զորամիավորումում հաջողությամբ գործարկվեց հերթական նորամուծությունը` խուսափել հարձակողական եւ պաշտպանական շաբլոնային գործողություններից: Ինչպես ցույց տվեցին պարապմունքների արդյունքները, մեր մոտոհրաձգային դասակները պատրաստ են անգամ ամենաանբարենպաստ պայմաններում հաջողությամբ կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները եւ մեր պաշտպանական դիրքեր սողոսկած թշնամուն հիմնովին ջախջախելու:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Ազգային բանակ