Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ



Ո՞վ է ուզում կառուցել «անդրոգինների» հասարակություն

Սկիզբը` նախորդ համարում

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

Որոշ փորձագետների կարծիքով, պետության և ցանցային կառույցների դիմակայությունն անխուսափելիորեն ավարտվելու է պետության «պարտությամբ»` պետությունը որպես հաստատություն վերանալու է և փոխարինվելու է ցանցային կառույցներով: Մասնավորապես՝ նման համոզման է հանգել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այս հարցի շուրջ իր տեսակետը հիմնավորել է 2008թ. գրված «Պետության վախճանը» գիտական հոդվածում:

Պետության բազմաթիվ սահմանումներից Տ.Սարգսյանն առանձնացնում է վերջինիս երեք հիմնական հատկանիշները, որոնց բացակայության դեպքում այդ ինստիտուտն իմաստազրկվում է: Ըստ հեղինակի` այդ հատկանիշներն են`
ա) պետությունը որոշակի տարածքում բնակչության կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,
բ) հարկադրանքը պետական իշխանության հիմնական դրսևորումն է,
գ) պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի կանոնները։

Այնուհետև Տ.Սարգսյանը ցույց է տալիս, որ նշված երեք հատկանիշներն էլ աստիճանաբար վերանալու գործընթացում են, որի ավարտին պետությունը որպես հաստատություն կվերանա:

Պետության առաջին` «որոշակի տարածքում բնակչության կառավարման համար իշխանության կազմակերպական ձև» լինելու հատկանիշը վերանում է, որովհետև տնտեսական ֆորմացիայի փոփոխությունն անխուսափելիորեն հանգեցնում է կառավարման ձևերի և մեթոդների փոփոխության, իսկ աշխարհում տնտեսական ֆորմացիան այսօր փոխվում է` ինդուստրիալ հասարակությունից անցում է կատարվում հետինդուստրիալ հասարակության (ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Թոֆլերի տեսության համաձայն): Ցանցային կառույցների զարգացման և գլոբալիզացման արդյունքում «բավարար մտավոր ներուժ ունեցող» մարդկանց համար վերանում են սահմանները, և աշխարհագրական տարածքը կորցնում է իր նախնական նշանակությունը:

Պետության երկրորդ` հարկադրանքի վրա հիմնված լինելու հատկանիշը վերանում է, որովհետև հետինդուստրիալ հասարակության մեջ իշխանության աղբյուրը ոչ թե բռնությունն է (ինչպես մինչինդուստրիալ հասարակության մեջ), ոչ թե փողն է (վարձատրությունը, սեփականությունը), այլ գիտելիքը: Բացի դրանից, պետությունը հրաժարվում է մեծ քանակությամբ գործառույթներից՝ հօգուտ այլ հասարակական կառույցների և միավորումների. կյանքի է կոչվում «բռնությունից դեպի ինքնակազմակերպում» սկզբունքը. «Հետինդուստրիալ հասարակությունը տարբերվում է նրանով, որ իշխանության օրինականացումը հիմնված է հենց մշակութային արժեքների վրա և ոչ թե հարկադրանքի։ Այսինքն՝ հասարակությունը յուրացնում է հասարակական կարծիքին ենթարկվելու նորմերի ամբողջությունը։ Հասարակական կարգը կայուն վիճակում քիչ թե շատ երկարատև պահպանելու անկյունաքարը դառնում է բարոյականության կարգուկանոնի առկայությունը։ Ոչ մի ընտրանի չի կարող պահպանել կառավարման լծակները, եթե չի համապատասխանում սահմանված մշակութային նորմերին կամ չի առաջարկում իր նորմերը, որոնք կընդունվեն մեծամասնության կողմից»:

Պետության երրորդ` գաղափարախոսություն ձևավորող լինելու հատկանիշը վերանում է, որովհետև «հետինդուստրիալ հասարակության մեջ ոչ թե բյուրոկրատական ապարատն է ձևավորում ազգային գաղափարախոսություն, այլ ցանցը, որն ընդգրկում է այն մարդկանց, որոնք կրում են ազգային նույնականացման բեռը։ Նման ձևափոխումների արդյունքում ազգային պետության հայեցակարգը 21-րդ դարում կհանգեցնի մշակութաբանական համընդհանրության, այսինքն՝ ազգային ընդհանրությունը (սոսկ-Ա.Յ.) մշակութաբանական բնույթ կունենա»։

Այս ամենի հիման վրա Տիգրան Սարգսյանը «համարձակվում է պնդել, որ պետությունը կվերանա»: Նրա հոդվածից բխում է, որ հեղինակը համաձայն է այն սոցիոլոգների և ֆուտուրոլոգների հետ, որոնք կարծում են, որ պետության վերացումը օբյեկտիվ գործընթաց է` մարդու կամքից անկախ պատմական անհրաժեշտություն, որը պայմանավորված է հասարակական ֆորմացիաների հերթագայությամբ: (Նկատենք, որ այս պնդումը համահունչ է նաև կոմունիստական գաղափարախոսությանը, ըստ որի` կոմունիստական պետությունը նույնպես հասարակության բարձր ինքնակազմակերպված ցանցային կառույց է, որում չկա հարկադրանք, չկան տարբեր գաղափարախոսություններ, և չկան սահմաններ):

ԸՆՏԱՆԻՔԻ ԻԴԵԱԼԸ ԵՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Որոշ գիտնականների կարծիքով, ավանդական (ոչ ցանցային կառուցվածք ունեցող) պետությունը հիմնված է «մեծ ընտանիքի» իդեալի վրա: (Որոշ հեղինակներ հիմնավորում են, որ արևմտյան ժողովրդավարական պետություններում, ի տարբերություն, օրինակ՝ նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած պետությունների, հասարակությունը կառուցվում է ոչ թե ընտանիքի, այլ առանձին «ատոմների»՝ «մեկուսացված քաղաքացիների» մոդելի՝ այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» հիման վրա: Բայցևայնպես, «Եվրոպական ընտանիք» արտահայտության թեկուզ և առաջացումն ու գործածումը վկայում են, որ առայժմ պետության՝ որպես մեծ ընտանիքի իդեալն ընդունելի է նաև Արևմուտքում): «Պետությունը մեծ ընտանիք է»` ահա այն ընկալումը (եթե կուզեք` սահմանումը), որի շնորհիվ մարդիկ կարողանում են միավորվել մեկ պետության մեջ: Նրանք գուցե չեն գիտակցում, որ պետությունը համարում են մեծ ընտանիք, բայց պետությունից ունեն այնպիսի սպասելիքներ (կենսական տարրական պահանջմունքների բավարարում, ֆիզիկական անվտանգության ապահովում, խնամք և հոգատարություն հիվանդության ու ծերության ժամանակ), ինչպիսիք կարող են ունենալ ընտանիքից (Արևմուտքի հասարակություններում այս պնդումը պետք է անել որոշակի վերապահումով): Պատահական չէ, որ, օրինակ՝ Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորին անդադար ներշնչվում է այն միտքը, որ պաշտպանել հայրենիքը նշանակում է պաշտպանել ընտանիքը:

(Արդյոք պետության հարկադրանքի իրավունքը հասարակության աչքում լեգիտիմություն (օրինականացում) չի՞ ստացել (ենթագիտակցական մակարդակում) այն բանի շնորհիվ, որ ավանդական ընտանիքում հոր կամքը կարող է նաև պարտադրվել: Արդյոք պետության` որոշակի տարածք ունենալը պայմանավորված չի՞ եղել ընտանիքի` սեփական հող և տանիք ունենալով: Եվ արդյոք պետության` գաղափարախոսություն ձևավորելու հատկանիշը ընտանեկան դաստիարակության, ծնողից երեխային արժեքների փոխանցման նմանակը (անալոգը) չէ՞: Չէ՞ որ, ի վերջո, պետությունն առաջացել է ընտանիքից, երբ վերջինիս անդամները շատացել են, կատարվել է աշխատանքի բաժանում, առաջացել է սեփականություն և այլն):

Իհարկե, ընտանիքի էական հատկանիշներից են անդամների միջև գոյություն ունեցող սերն ու համերաշխությունը, ինչը, ցավոք, հաճախ չենք տեսնում մեր հայրենակիցների շրջանում: Այդուհանդերձ, պակաս կարևոր չէ, որ բոլորս գիտակցում ենք պետության մեջ այդ սիրո ու համերաշխության ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ: Հենց այդ ԻԴԵԱԼՆ էլ մեզ միավորում է և դարձնում պետություն:

Հետևաբար` պետությունը որպես հաստատություն կտրուկ փոփոխության կենթարկվի այն ժամանակ, երբ արմատապես կփոխվեն մարդկանց պատկերացումները ընտանիքի մասին: Միաժամանակ, պետության և ցանցային կառույցների դիմակայության հետևանքով առաջացող փոփոխություններն ազդում են նաև այդ պատկերացումների վրա` աստիճանաբար փոխելով ներընտանեկան հարաբերությունների բնույթը:

ՕՐԵՆՔՆԵՐ` ՀՕԳՈՒՏ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ

Ընտանիքի մասին պատկերացումներն այսօր աշխարհում ենթարկվում են կտրուկ փոփոխությունների: Վերջին ամիսների ընթացքում միասեռ «ամուսնություններն» օրինականացնող պետությունների շարքը դասվեցին Նոր Զելանդիան (ապրիլի 17-ին) և Ֆրանսիան (մայիսի 18-ին): Ընդ որում, այդ երկրներում համասեռամոլներին օրենքով թույլատրվեց նաև երեխա որդեգրել: Այս խայտառակությանը «իրավական-փիլիսոփայական հիմնավորում» տվեց ԱՄՆ Գերագույն դատարանը, որը հունիսի 26-ին հակասահմանադրական ճանաչեց ամուսնության մասին ԱՄՆ օրենքը, որը ամուսնությունը սահմանում է որպես տղամարդու և կնոջ միություն: Որոշման օգտին քվեարկած 5 դատավորների (9-ի) կարծիքով, այդ սահմանումը սահմանափակում է համասեռամոլ զույգերի իրավունքները՝ թույլ չտալով նրանց օգտվել նորմալ զույգերի իրավունքներից և արտոնություններից: Փաստորեն, փոխվեց «ամուսնություն», հետևաբար, նաև «ընտանիք» բառի իմաստը. այսուհետ ԱՄՆ-ում (իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար նաև աշխարհում) «ամուսնություն» նշանակում է ոչ թե տղամարդու և կնոջ միություն՝ ընտանիք կազմելու (երեխաներ ունենալու և դաստիարակելու) նպատակով, այլ՝ ցանկացած երկու (ինչո՞ւ միայն երկու-?!) մարդկանց միություն (նաև` երկու կնոջ կամ երկու տղամարդու): (Վստահաբար կարող ենք ասել, որ դուռ է բացված ապագայում նաև «ընտանիք» կազմողների քանակը փոխելու և «կանանց ընդհանրության» սկզբունքի վրա հիմնված նախաջրհեղեղյան հասարակություն ստեղծելու համար: Ի դեպ, հասարակական այդպիսի «բջիջներ» ԱՄՆ-ում վաղուց արդեն կան` այսպես կոչված «սվինգերները»):

Մարդկության պատմության մեջ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը նշանավորում է նոր փուլ, քանի որ դրանով հիմք դրվեց նոր տեսակի ապագա պետականության: Պետականություն, որում հասարակության «բջիջը» ոչ թե նորմալ, միմյանց սիրող տղամարդու և կնոջ քրիստոսահաստատ ընտանիքն է, այլ՝ համասեռամոլների եղկելի կենակցությունը, պետականություն, որը Սոդոմի ու Գոմորի՝ բազմակի ընդլայնված տարբերակն է:

Քրիստոնեական և, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու տեսանկյունից մերժելի այս երևույթը՝ համասեռամոլության տարածումը և օրինականացումը, սոսկ իրավական հարց չէ, սոսկ մեղքի և պղծության տարատեսակ չէ (եթե այդպես լիներ, կարելի էր ներողամիտ վերաբերմունք դրսևորել հոգեկան կամ ֆիզիոլոգիական ինչ-ինչ շեղումներ ունեցող մարդկանց նկատմամբ): Այն հիմնված է օկուլտիստական «փիլիսոփայության» վրա և ենթադրում է մարդու գիտակցական վերածումը երկսեռ (բիսեքսուալ) էակի: Թե ինչո՞ւ, «փիլիսոփայական» ի՞նչ նկատառումներից ելնելով՝ բացատրված է, մասնավորապես՝ ռումինացի գրող, կրոնի պատմության և առասպելաբանության մասնագետ Միրչա Էլիադեի (1907-1986) «Մեֆիստոֆել և անդրոգին կամ ամբողջականության գաղտնիքը» էսսեատիպ աշխատության մեջ: Հարցի էությունը հետևյալն է:

ՕԿՈՒԼՏԻԶՄԸ ԵՎ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

Նախ պարզաբանենք «անդրոգին» հասկացության իմաստը. անդրոգինները (հերմաֆրոդիտները) առասպելաբանության մեջ երկսեռ էակներ են, նախամարդիկ, որոնք իրենց մեջ միավորում են տղամարդկային և կանացի սեռական հատկանիշները: Այսպես, հին հույների աստվածների պանթեոնում էր նաև Հերմաֆրոդիտեսը՝ Հերմեսի և Աֆրոդիտեի զավակը, որում տղամարդկային և կանացի հատկանիշները միավորված էին: Հին (միգուցե օրփիկական) առասպելի համաձայն, որը Պլատոնը մեջբերել է իր «Խնջույք» երկխոսության մեջ, մարդկանց նախնիները ունեցել են երկու դեմք, չորս ձեռք, չորս ոտք և եղել են երեք սեռի՝ տղամարդ, կին և անդրոգին: Գլխավոր աստվածը՝ Զևսը, նախամարդկանց պատժում է հպարտության համար և, յուրաքանչյուրին կիսելով, բաժանում երկու մասի՝ տղամարդու և կնոջ: Այդ օրվանից բաժանված կեսերը փնտրում են միմյանց և երբ գտնում են, նրանց միջև սեր է առաջանում:

Տարբեր ժողովուրդների առասպելների համաձայն՝ անդրոգին են եղել նաև աստվածները. օրինակ՝ եգիպտական Ռա աստվածը, բեղմնավորվելով ինքն իր հետ (սերմն ընկնում է իր իսկ բերանը), ծնում է ուրիշ աստվածների, մարդկանց և ամբողջ աշխարհը: Ադամի և Եվայի ստեղծման աստվածաշնչյան պատմությունը (Եվան արարվում է Ադամի կողից) օկուլտիստները մեկնաբանում են որպես առաջին մարդկանց երկսեռ լինելու ապացույց (այդպես էր մտածում, օրինակ՝ միջնադարյան հրեա աստվածաբան (կաբբալիստ) Մովսես Մայմոնիդը):

Ըստ օկուլտիստների՝ ի սկզբանե աշխարհը եղել է միեղեն, միասնական, «ամեն ինչ՝ ամեն ինչի մեջ»: Դա նախասկզբնական Քաոսն էր, որի մեջ ոչինչ զատորոշված չէր՝ ո՛չ աշխարհը, ո՛չ բանական էակները, ո՛չ իրերը՝ ոչինչ: Հետո տեղի է ունենում համաշխարհային աղետ (տարբեր առասպելներ տարբեր կերպ են ներկայացնում այն), որի հետևանքով սկզբնական միեղենությունը վերածվում է բազմակիության, տրոհվում է և առաջանում է բազմաթիվ հակադրություններով լի այս աշխարհը: Այդպիսի հակադրության օրինակներ են բարին ու չարը, ազատությունն ու անհրաժեշտությունը, լույսն ու խավարը, տաքն ու սառը, տեսանելին ու անտեսանելին, երկարն ու կարճը, հաճելին ու տհաճը, նաև՝ տղամարդկայինը և կանացիությունը:

Ըստ օկուլտիստների՝ մարդու նպատակը սկզբնական միեղենության վերականգնումն է: Դրա համար մարդը պետք է միավորի (հաշտեցնի) բոլոր հակադրությունները: Ընդ որում, պետք է սկսի սեռերի միջև եղած հակադրությունից, քանի որ, ըստ որոշ առասպելների, սկզբնական ամբողջականությունը խախտվել է հենց մարդու մեղքի և սեռերի բաժանվելու հետևանքով: Օկուլտիստները հավատում են, որ մարդու մեջ սեռերի միավորումը մոգական մեծ ուժով է օժտում մարդուն, նրան դարձնում կատարյալ էակ և աստվածացնում: Ինչպես աստծու մեջ են հակադրությունները միավորված (այստեղ օկուլտիստները հանդգնում են բերել մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը՝ Աստվածաշունչը, նենգափոխելով ու հայտարարելով, թե Նա, իբր, հարությունից հետո դարձել է երկսեռ էակ), այնպես էլ կատարյալ մարդու մեջ դրանք պետք է միավորված լինեն:

Բնականաբար, հարց է ծագում՝ գործնականում ինչպե՞ս պետք է մարդն իր մեջ «միավորի սեռերի հակադրությունը»: Օկուլտիստները պատասխանում են՝ մարդ պետք է նմանակի հակադիր սեռի վարքագիծը, օրինակ՝ հագնվի հակադիր սեռի նման և սեռական կյանքում ստանձնի հակադիր սեռի ներկայացուցչի վարքագիծ: Հասկանալի է, որ այս վարքագիծը գիտակցական համասեռամոլությունն է, որը դրսևորվում է սեռական սանձարձակ այլասերությունների՝ ծիսական օրգիաների ձևով: Դրանց միջոցով, գրում է Մ.Էլիադեն, մարդիկ կարծես կասեցնում են օրենքների և սովորույթների գործադրումը, որովհետև «երկու սեռերի ներկայացուցիչներն սկսում են իրենց պահել նորմալին տրամագծորեն հակառակ ձևով: Վարքագծի այդ փոփոխությունը ներառում է արժեքների լիակատար խառնում՝ այդպիսին է բոլոր օրգիական ծեսերի առանձնահատկությունը: Միջսեռային հանդերձափոխությունն ու խորհրդանշական անդրոգինությունն իրենց ձևով համապատասխանում են օրգիաներին: Այդ դեպքերից յուրաքանչյուրում տեղի է ունենում հակադրությունների ծիսական «վերամիավորում», հետընթաց դեպի նախասկզբնական քաոսը»:

Օկուլտիստների համոզմամբ, մարդկության նպատակը «սեռերի աստիճանական վերաինտեգրումն է՝ ընդհուպ մինչև անդրոգինություն ձեռք բերելը»: Ըստ գերմանացի փիլիսոփա և աստվածաբան Ֆրանց ֆոն Բաադերի (1765-1841)՝ «անդրոգինը եղել է ամեն ինչի սկիզբը և նորից կհայտնվի ժամանակների վախճանին»:

Հաջորդ համարում. Աստվածաշունչը
պետականության վախճանի մասին

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


08/08/2013