Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄԱՎԵՊԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ



ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Կապիտան Մելանյա Գևորգյանը մեր հանրապետության ճանաչված ու սիրված մարդկանցից է: Այդ սերն ու հարգանքը նա վաստակել է հայրենիքի հանդեպ ցուցաբերած նվիրումի, զոհողությունների համար: Լինելով բուժաշխատող` նա երկար տարիներ գնդապետ Կ.Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողների ցավն էր ամոքում, իսկ վերջին շրջանում զորամասի հրամանատարությունը նրան է վստահել ակումբի պետի պատասխանատու աշխատանքը: Վստահել ու չի փոշմանել: Այստեղ էլ Մելանյան ներդնում է իր ուժն ու եռանդը, որպեսզի զինծառայողների օրը հագեցած լինի հետաքրքիր, դրական հույզերով ու զգացումներով, նվիրված ծառայության համար անհրաժեշտ լիցքերով: Ակումբում գործում են գեղարվեստական ինքնագործունեության, ինչպես նաև ուրախների և հնարամիտների խմբակներ, ստեղծվել է «Հայ ասպետ» գիտակների ակումբը, մշտապես գործում է ռադիոհանգույցը:

-Շատ կարևոր է տեղեկատվական և քարոզչական անխափան աշխատանքի կազմակերպումը: Մեր զինվորները պետք է իմանան և ճիշտ գնահատեն աշխարհում, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ, գեղարվեստական գրականության ընթերցումներ, ներկայացնում ենք Հայ Առաքելական Եկեղեցու անցած ճանապարհը, առանձնահատուկ կերպով ներկայացնում ենք Գարեգին Նժդեհին: Աշխատանքներում ընդգրկված են զորամասի` մասնագիտությանբ դերասան զինվորները: Միջոցառումներով հագեցած են հատկապես շաբաթ և կիրակի օրերը, երբ ցուցադրում ենք փաստավավերագրական ֆիլմեր մեր ժողովրդի պատմության, մանավանդ Արցախյան պատերազմի մասին: Սերտորեն համագործակցում ենք պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Զինուժ» հեռուստահաղորդաշարի ստեղծագործական խմբի հետ, և նրանք մեզ տրամադրում են հետաքրքիր, դաստիարակչական նշանակություն և արժեք ունեցող ֆիլմեր, հաղորդումներ: Միաժամանակ կազմակերպում ենք թեմատիկ ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, որոնք նպաստում են զինվորների թե՛ իրավական գետելիքների և թե՛ իմացության բարձրացմանը,- կատարվող և տարվելիք աշխատանքներն այսպես ներկայացրեց կապիտան Մելանյա Գևորգյանը:

Գրադարանը տեղավորված է ակումբում: Գրադարանավարուհին քաղաքացիական հաստիքով աշխատող Ֆաինա Այվազյանն է: Այսօրվա դրությամբ գրադարանում կա ինը հազար անուն գիրք, ընթերցարանն ակումբի միջանցքում է, ինչը գործին չի խանգարում, ընթերցասերները, մեկ է, կարդում են:

-Դասերի, պարապմունքների ժամերին մարդ չենք ընդունում, ընդունելությունն ամեն օր ժամը 16-ից 18-ն է: Շատ են կարդում պատմավեպեր` Սերո Խանզադյան, Րաֆֆի, Մուրացան և այլն: Մենք բոլոր զինծառայողներին բաժանել ենք «Արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների» նորմացույցները («ՎԱՀԱԳՆ» նշանաբանի ներքո) տրամադրում ենք «Հայ զինվորը», «Անդինը», որը տրամադրում է պաշտպանության նախարարությունը: Լինում են այլազգի կամ օտար լեզվով կրթություն ստացած զինվորներ, որոնց մենք հայերեն ենք սովորեցնում,-ասում է տիկին Ֆաինան:

– Ես գոհ եմ մեր ակումբի գործունեությունից: Ակտիվ զինվորների, սերժանտական խորհրդի, ստորաբաժանումների հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների, ակումբի աշխատողների ջանքերով մշակութաժամանցային աշխատանքը զորամասում շատ բարձր հիմքերի վրա է,- խոստովանեց ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Պետրոսյանը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ազգային բանակ


08/08/2013