Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Վահանակի վրա /խոսքը պահակապետի ղեկավարման սեղանին է վերաբերում/, ապակու տակ, դրվում է պահակակետի տեղեկագրի (ամփոփագրի) լրացման նմուշը, պահակային ծառայության պաշտոնատար անձանց աշխատանքի կանոնակարգը, զորամասի պաշտոնատար անձանց պահակային ծառայության ստուգման գրաֆիկը, անվանականչերի աղյուսակը, խոսակցական (բանակցային) աղյուսակները: Լուսավորման պահեստային աղբյուրները (լցավորված նավթավառներ (լամպեր), մոմեր ու լուցկի), տեղադրվում են պահակատան յուրաքանչյուր սենյակում` հատակից 170 սմ բարձրությամբ պատերին ամրացված:

Հանգստացող հերթափոխի համար նախատեսված սենյակի դռան վերևում (ներսից ու դրսից) ամրացվում է լուսավորվող և ձայնային ցուցանակ` «Ի զեն»: Մութն ընկնելուն պես սենյակում պետք է լինի հերթապահ (պահեստային) լուսավորություն (ոչ վառ մուգ կապույտ լույս):

Անդրադառնանք պահակային ծառայության կազմակերպման և անցկացման վերահսկողությանը: Պահակայինների նախապատրաստության և ծառայության վերահսկողությունն իրականացնում են այն վաշտերի (մարտկոցների), գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարները, որոնց կազմից նրանք նշանակված են:

Կայազորի (զորամասի) պաշտոնատար անձինք ստուգումն իրականացնում են կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հաստատած գրաֆիկով: Ստուգումների մի մասը պետք է անցկացվի գիշերը:

Վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը, որից նշանակվում է պահակախումբը, վերակարգի նշանակվելու նախօրեին ստուգում է պահակային անձնակազմի ընտրությունն ու բաշխումը` պահակակետերի ցուցակի համաձայն, պահակային անձնակազմին փոխարինման ուղարկելուց առաջ` զենքի և զինամթերքի վիճակը, արդուզարդի պարագաների առկայությունը, յուրաքանչյուր զինծառայողի արտաքինը, ինչպես նաև ստուգում և ստորագրում է պահակակետի տեղեկագիրը:

Փոխարինման ժամանակ զորամասի հերթապահն ստուգում է պահակախմբի թվակազմը, սպառազինությունը, համազգեստը, նրանց պարտականությունների իմացության լիարժեքությունն ու որակը /նախքան այդ բժիշկը պետք է փոխարինման վայրում պահակախմբի անձնակազմի ինքնազգացողության մասին հարցում կատարած լիներ ու ստորագրած պահակակետերի տեղեկագրում/:

Զորամասի վարչության և շտաբի սպաները պահակային ծառայության ստուգման գրաֆիկի համաձայն՝ ստուգում են նաև պահակային անձնակազմի ծառայության նախապատրաստության կազմակերպումն ու անցկացումը:

Պահակախմբերի ստուգումը կազմակերպվում է այնպես, որ օրվա ընթացքում յուրաքանչյուր հերթափոխ ստուգի պաշտոնատար անձը:

Օրինակ`
19:00 21:00` գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը,
21:00 23:00` զորամասի հրամանատարը (նրա տեղակալը),
23:00 01:00` զորամասի հերթապահը,
01:00 03:00` զորամասի սպան,
03:00 05:00` պահակապետը,
05:00 07:00` վաշտի հրամանատարը, նրա տեղակալը,
09:00 11:00` զորամասի վարչության սպան,
11:00 13:00` շտաբի պետի տեղակալը, հոգեբանը, ԲԾ պետը,
13:00 15:00` պահակապետը,
15:00 17:00` զորամասի հերթապահը,
17:00 19:00` զորամասի հերթապահի օգնականը, եթե սպա է:

Շարունակելի

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ռազմական


08/08/2013