Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ



18-ՐԴ ԴԱՐԻ 2-ՐԴ ԿԵՍ- 19-ՐԴ ԴԱՐԻ 1-ԻՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿ

Սկիզբը՝ նախորդ համարում

1920 թ. տեղի ունեցած ռազմական գործողությունները ստվեր գցեցին 1905-1906 եւ 1918 թվականների ընդհարումների վրա: Ասկերանի, Շուշիի, Ստեփանակերտի, Դիզակի ճակատներում բորբոքված մարտերում հայերը կենաց-մահու պայքար էին մղում թշնամու դեմ: Ասկերանի պաշտպանությունը հանձնարարված էր ազգային ազատագրական պայքարի հին մարտիկ Միքայել Բադալքյոխյանին (Դալի Ղազար), որի հրամանատարության տակ կային Խաչեն եւ Քյաթուկ գյուղերի 250 զինվորներ: Միքայել Բադալքյոխյանը Ղարաբաղ անցավ 1920 թ. հունվարին, երբ լարվածությունը հասնում էր իր գագաթնակետին, եւ զինված բախումներն անխուսափելի էին: Նա իր 18 ձիավորներով դուրս գալով Երեւանից, իբրեւ գանձակեցի, մտադրվել էր օգնության հասնել համերկրացիներին ու կազմակերպել բնակչության ինքնապաշտպանության գործը: Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նրան հաջողվեց մուտք գործել միայն Ղարաբաղ: Հասնելով Գյուլիստան, այստեղ նա լսեց մի ավազակի մասին, որի ահից մարդիկ հանգիստ չունեին: Մ. Բադալքյոխյանը հանկարծակի հարձակվեց այդ ավազակի որջի վրա եւ ձերբակալեց նրան: Ավազակին սպանելու փոխարեն, առաջարկեց նրան կռվել հայ ազգի համար եւ հանուն ազգի էլ մեռնել: Ավազակը համաձայնեց եւ հետագայում Մ. Բադալքյոխյանի հետ հասավ Ասկերան ու այդտեղ էլ զոհվեց իր հրամանատարի կողքին…

1920 թ. մարտի 23-ին Ադրբեջանը զինված հարձակման անցավ: Իր հերթին ժողովուրդն, այլեւս չկարողանալով տանել Ադրբեջանի ոտնձգություններն ու բռնությունները, զենքի դիմեց՝ ոտնահարված իրավունքներն ու վտանգված ազատությունը պաշտպանելու համար: Հակառակորդի մեծաթիվ ուժերի հարձակումը դիմագրավելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Քյաթուկի ենթաշրջանում 350 զինվորներ հավաքելով, Մ. Բադալքյոխյանն առաջին իսկ արտագրոհով գրավեց Ասկերանի կիրճը, որին այնքան մեծ նշանակություն էին տալիս ոչ միայն հայ, այլեւ հակառակորդ կողմի ռազմագետները: Կիրճը գրավելուց հետո, ինչպես վկայում է Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի միջեւ ընդհանուր կապն ապահովող Արսեն Միքայելյանը, Ղազարն իսկույն անցավ հարեւան Խոջալու գյուղ, զինաթափեց տեղի ասկյարներին եւ այդպիսով կտրեց հաղորդակցությունը Շուշի քաղաքի եւ Աղդամի միջեւ, ինչպես նաեւ ապահովելով Ասկերանի թիկունքը:

Մարտի 27-28-ը Ադրբեջանի կանոնավոր բանակի զորամասերը ուժեղ թափով հարձակվեցին Ասկերանի վրա: Կատաղի եւ անհավասար պայքար ծավալվեց Ասկերանի ռազմաճակատում: Հայկական փոքրաթիվ ուժերը մի քանի ջախջախիչ հարվածներով ետ մղեցին ութ ծանր հրանոթներով զինված ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումները: Մ. Բադալքյոխյանի զինվորները ջարդված զորամասերի մնացորդներին հետապնդեցին մինչեւ Աղդամ: Հակառակորդն ստիպված էր թողնել Աղդամը եւ սահմանամերձ մի քանի բնակավայրեր:

Ղազարն սկսեց ամրացնել դիրքերը, մինչեւ Զանգեզուրից կժամանեին թնդանոթներով ու գնդացիրներով սպառազինված զորամասերը: Որոշ ժամանակ անց Մ. Բադալքյոխյանի զորամասի անձնակազմի թիվը հասավ 700-ի:

Մարտի 30-ին Ղարաբաղի ռազմաճակատում էր կենտրոնացած Ադրբեջանի կանոնավոր բանակի 70-80 տոկոսը, բազմահազար «կամավորական» խաժամուժ, Ադրբեջանում մնացած թուրքական բազմաթիվ ջոկատներ, դաղստանցի մահմեդական զորախմբեր, քրդական 600 հոգանոց հեծելազոր, ծանր ու թեթեւ մեծաքանակ հրետանի, գնդացիրներ եւ անսպառ զինամթերք: Զորքերի ընդհանուր քանակը հասնում էր մոտ 80000-ի: Կռիվների 9-րդ օրը Հայաստանից խոստացված օգնությունը դեռ տեղ չէր հասել:

Մարտի 30-ին թշնամին Ասկերանի ռազմաճակատում անցավ վճռական գրոհի: 8-9 օր անքուն մնացած մարտիկները հաջողությամբ ետ մղեցին ե՛ւ այդ, ե՛ւ հաջորդ օրվա կատաղի գրոհները: Զինամթերքի պակասի պայմաններում Ասկերանի պաշտպանները հաճախ նետվում էին սվինամարտի: Հոգնած, անքուն եւ վերջին փամփուշտները խնամքով պահած զինվորները վերջապես լսեցին, որ Զանգեզուրից դեպի Ղարաբաղ են շարժվում հայկական զորամիավորումները: Լուրը տարածվեց կայծակնային արագությամբ եւ անսահման ոգեւորություն առաջացրեց ինչպես բնակչության, այնպես էլ կռվողների շրջանում: Մարտի 31-ին Զանգեզուրից Սարուշեն հասած հայկական զորամասի գնդացրային խումբն անհապաղ ուղարկվեց Ասկերան: Ապրիլի 1-ին Սարուշեն է հասնում նաեւ հայկական զորամասի հրամանատար Ա. Թարվերդյանը` իր շտաբով ու 100 ձիավորներով ուղարկվելով Ասկերանի ճակատ, քանի որ դրությունը այնտեղ լուրջ էր:

Առասպելական քաջության եւ հերոսության շնորհիվ հայ մարտիկները ամոթալի պարտության մատնեցին հակառակորդին: Իրար հետեւից կրած խայտառակ պարտությունների պատճառով Ադրբեջանի զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Սելիմովը հեռացվեց պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց թուրք Խալիլ փաշան: Թեեւ Դրաստամատ Կանայանի ուղարկած ջոկատը կարողացավ որոշ չափով զինամթերք անցկացնել Ղարաբաղ, սակայն բերված փամփուշտները այլ տիպի հրացանների համար էին եւ փաստորեն անպիտան: Ուստի ապրիլի 2-ին հակառակորդի չորս կատաղի գրոհների հետ մղումը վերստին հայ մարտիկների անօրինակ խիզախության շնորհիվ է:

Ապրիլի 3-ի վաղ առավոտյան թշնամին լայնածավալ հարձակման անցավ: Օգտվելով թանձր մառախուղից, թշնամուն հաջողվեց բավական առաջանալ պաշտպանական գծի կենտրոնում: Հակառակորդի մի քանի գրոհներ հետ մղվեցին, մարտերն ընթանում էին 50 քայլ հեռավորության վրա: Զգացնել էր տալիս փամփուշտների պակասը, իսկ թշնամին կատաղի կրակ էր տեղում դիրքերի վրա: Ղազարը բազմիցս խնդրեց փամփուշտներ հասցնել իրեն եւ կռվողներին: Մեծ ավերածություններ էին գործում թշնամու թնդանոթները: Արյունահեղ մարտերը շարունակվեցին մինչեւ մութն ընկնելը: Ասկերանի հերոսական պաշտպանության ժամանակ զոհվեց նաեւ Միքայել Բադալքյոխյանը` Ղազարը:

Շարունակելի

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Պատմության էջերից


08/08/2013