Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԻՆԸ



2010թ. հրետանային ուսումնական զորամասը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը եվ պարգեվատրվեց պատվո դրոշով

ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Գնդապետ Արմեն Հարությունյանը ծնվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է հրթիռահրետանային զորքերի բարձրագույն զինվորական ուսումնարան, որն ավարտում է 1992-ին։ Խորհրդային Միությունն արդեն չկար, եւ նա, դիպլոմն ստանալով, անմիջապես վերադառնում է Հայաստան եւ ծառայության անցնում նորաստեղծ ազգային բանակում։ Հենց այստեղ, հրետանային ուսումնական զորամասի տեղում, սկսվել էին նոր զորամասի կազմավորման աշխատանքները։
-Հրամանատարը Յուրի Խաչատուրովն էր, իսկ շտաբի պետը՝ Վալերի Գրիգորյանը։ Նրանք ինձ անմիջապես ընդունեցին ծառայության եւ նշանակեցին հրետանային մարտկոցի հրամանատար։ Դեկտեմբերին գործուղվեցի Վարդենիս, եւ երբ երկու ամիս անց վերադարձա, կազմավորված զորամասը տեղափոխվել էր այլ վայր։ Այստեղ էլ նշանակվեցի մարտկոցի հրամանատար,- ծառայության առաջին շրջանն է հիշում գնդապետ Ա. Հարությունյանը։ -Զորամասը մասնակցեց հանրապետության հարավարեւելյան շրջանների պաշտպանական մարտերին, հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին։ Այնուհետեւ սկսվեց ադրբեջանցիների խուճապահար նահանջը։
Հետագա տարիներին Արմեն Հարությունյանը սովորեց հրետանային ակադեմիայում, զբաղեցրեց տարբեր պաշտոններ։ 2008թ. նշանակվեց ուսումնական զորամասի հրամանատար։
Գնդապետ Արմեն Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» երեք աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա, որը նույնպես ցանկանում է զինվորական դառնալ։
-Առանց կարգապահության առաջընթացի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Արդեն երրորդ տարին է, ինչ այստեղ եմ, եւ այս ընթացքում զորամասի տարածքն ինքնագլուխ լքելու դեպք չի եղել,- ասաց հրամանատարը՝ ներկայացնելով հաջողությանը նպաստող գործոնները։
-Շատ եմ կարեւորում ծառայության պայմանների բարելավման անհրաժեշտությունը։ Բանակ եկած երիտասարդ զինվորները, իսկ մենք հիմնականում գործ ունենք նրանց հետ, պետք է տեսնեն, որ մենք մշտապես ամեն ինչ անում ենք, որ իրենց կեցության պայմանները բարելավվեն, կատարելագործվեն։ Նույնը վերաբերում է նաեւ ուսումնական պայմաններին։ Միշտ էլ կարելի է որոնել եւ գտնել սովորեցնելու է՛լ ավելի լավ միջոցներ, ձեւեր ու մեթոդներ…
Զինվորական անձնակազմը, այսինքն՝ մեր կոլեկտիվը, համախմբված է եւ համերաշխ։ Սա նույնպես շատ կարեւոր գործոն է. «գյուղ կանգնի, գերան կկոտրի»՝ այսպես է ասում մեր ժողովուրդը։ Դաստիարակության գործում շատ կարեւոր է անձնական օրինակի մեթոդը։ Ես պետք է իմ սպաների համար օրինակելի լինեմ, նրանք էլ՝ իրենց զինվորների եւ կուրսանտների համար։ Ենթակային, զինվորին, մանավանդ կարգազանցի համարում ունեցողին վստահելը նույնպես արդյունավետ մեթոդ է, եւ դրական արդյունք է տալիս։
Մեր զորամասը կրտսեր հրամանատարներ է պատրաստում ամբողջ բանակի համար։ Հաճախ զրուցում եմ մյուս զորամասերի հրամանատարների հետ, եւ բարեբախտաբար, մեր պատրաստած կադրերից դժգոհություններ չկան, ընդհակառակը՝ շատ են լինում գովեստի խոսքերը, երբեմն նոր-նոր գնացածներից լավագույններին արդեն անուն-ազգանունով են հիշում։ Վերջին տարիներին զորամասից նաեւ շատ սպաներ են տեղափոխվում այլ զորամասեր եւ նշանակվում ավելի բարձր պաշտոնների։
Չեմ ուզում որեւէ մեկին առանձնացնել։ Բոլորն էլ լավ են աշխատել. սպաները, ենթասպաները, ջոկերի հրամանատարները։ Ինչպես առաջին, այնպես էլ ուսումնական երկրորդ փուլում կուրսանտների հետ աշխատանքի միջին գնահատականը եղել է «լավ»։ Ամփոփիչ քննություններից նույնպես «լավ» ենք ստացել։ Այժմ պարապմունքները շարունակվում են հաստատված ծրագրով։ Ուսումնական փուլերի ընթացքում կազմակերպում ենք ճամբարային հավաքներ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում, որտեղ յուրաքանչյուր կուրսանտ իր զենքից կրակելու հնարավորություն է ստանում։ Առանց անհրաժեշտ պատրաստության ոչ մի կուրսանտ չի տեղափոխվում մարտական զորամաս։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Զորամասի շարահրապարակում, տարածքի այլ մասերում պարապմունքներ են ընթանում՝ ֆիզպատրաստության, շարային՝ զենքով եւ առանց զենքի, ձեռնամարտի, իսկ ուսումնական դաշտում՝ հրետանային կայանքների մոտ, մասնագիտական։
Մոտենում ենք ստորաբաժանումներից մեկին։ Փոխգնդապետ Խաչիկ Գեւորգյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի հետախուզական մարտկոցի կուրսանտներն են։ Պարապմունքը ղեկավարում է դասակի հրամանատար կապիտան Էդգար Բազազյանը։ Թեման է՝ շարային վարժաձեւերը եւ շարժումները զենքով։ Դադարներից մեկի ժամանակ զրուցում ենք կուրսանտների հետ.
-Անդրանիկ Զեյնալյան, Արարատից եմ, արդեն ամեն ինչ լավ է, չեմ հոգնում, ոչ մի խնդիր չկա,- ասաց նա։
Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից զինվորական պարտքը կատարելու համար Հայաստան են եկել ու զորակոչվել կուրսանտներ Աշոտ Մկրտչյանը, Արամայիս Ալեքսանյանը եւ Սահակ Սահակյանը։
-Փոքր հասակում եմ ծնողներիս հետ գնացել Կուրսկ։ Դպրոցից հետո սովորել եմ հումանիտար ակադեմիայում, այնուհետեւ ավարտել եմ մագիստրատուրան եւ ընդունվել ասպիրանտուրա։ Այժմ քսանվեց տարեկան եմ, եթե ասպիրանտուրան ավարտեի, ուշ կլիներ, եւ չէի կարող բանակ գալ, իսկ առանց ծառայելու եւ զինգրքույկի՝ ոչնչի չէի հասնի ո՛չ այնտեղ եւ ո՛չ էլ այստեղ,- ասաց կուրսանտ Ա. Մկրտչյանը։
Արամայիս Ալեքսանյանն էլ տասնվեց տարի Օրենբուրգում է ապրել։ Դպրոցն ավարտելով՝ վերադարձել է հայրենիք ու զորակոչվել։ Նույն կերպ է վարվել երկար տարիներ Սվերդլովսկում բնակված Սահակ Սահակյանը։
♦♦♦
Մայոր Աղասի Սահակյանի դիվիզիոնի ականանետային մարտկոցներից մեկը դասակի հրամանատար կապիտան Սարգիս Գրիգորյանի հրամանատարությամբ ձեռնամարտի հնարքներն էր կատարելագործում։ Երկու ամսվա պարապմունքի ընթացքում տղաները բավականաչափ առաջադիմել էին, ինչը հաստատեց զորամասի ֆիզպատրաստության պետ մայոր Դավիթ Շահբազյանը։
-Սկզբում թույլ էին, շուտ էին հոգնում, իսկ այժմ ամեն ինչ կարգին է, բոլորն էլ տրամադրված աշխատում են,- ասաց նա։
♦♦♦
Դ-30 դասակի հաշվարկներից մեկը «Հրանոթի նախապատրաստումը մարտի, մարտի ավարտ, նորմատիվների կատարումը» թեմայով գործնական պարապմունք էր կատարում։ Այն ղեկավարում էր դասակի հրամանատար կապիտան Արսեն Ավագյանը։ Հաշվարկի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Առաքել Սահակյանը։ Մեր խնդրանքով կուրսանտները ներկայացրին զենքի տվյալները, ցույց տվեցին բացազատման եւ կրակի նախապատրաստության, դրանից հետո երթային վիճակի բերելու ձեւերը, բնութագրեցին հրանոթն ամբողջությամբ, նշեցին թե որ արկերի հետ ինչ պայթուցիչներ են օգտագործվում եւ այլն։ Հաշվարկը՝ նշանառու Գեւորգ Մաջարյանը, փականորդ Բերիկ Զարգարյանը, լիցքավորող Ալեքսանդր Հարությունյանը, տեղակայող Գեւորգ Հարությունյանը, արկային Գեւորգ Գեւորգյանը եւ լիցքային Ալբերտ Սարգսյանը, մեզ համոզեց, որ ժամանակն արդյունավետ է անցկացրել եւ լիովին տիրապետում է անցած նյութին։
♦♦♦
Հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Առաքել Սահակյանը երեւանցի է։ N133 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2006թ. ընդունվել եւ 2010-ին ավարտել է տնտեսագիտական համալսարանը։ Բանակ է զորակոչվել անցած տարվա հունիս ամսին։ Ցուցաբերած բարձր առաջադիմության համար նրան պահել են զորամասի մշտական կազմում։
-Արդեն երեք ամիս է ջոկի հրամանատար եմ։ Անում եմ ամեն ինչ, որ ջոկը դառնա լավագույններից մեկը զորամասում եւ բարձր գնահատականներով ավարտի ուսումնական փուլը,- ասաց նա։
Ավելացնենք, որ Առաքել Սահակյանն զբաղվում է սպորտով։ Նա 70 կգ քաշային կարգում Հայաստանի Հանրապետության բազկամարտի չեմպիոն է, անցած տարի առաջին տեղն է գրավել նաեւ համաբանակային սպարտակիադայում։

ԿԱՊԻՏԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ

Զորամասի հաջողության գործում իր ներդրումն ունի նաեւ կապիտան Արսեն Ավագյանը։ Նա երեւանցի է, 1999թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայել է սահմանամերձ գոտիներում տեղակայված տարբեր զորամասերում։ Նրա մեծ եղբայրը՝ Էդուարդ Ավագյանը, 1998թ. զոհվել է առաջնագծում, պարտադիր ժամկետային ծառայությունը կատարելու ժամանակ։
-Հավանաբար այդ հանգամանքը նույնպես նշանակություն ունեցավ մասնագիտությանս ընտրության հարցում։ Դարձա զինվորական, որպեսզի պաշտպանեմ մեր հայրենիքը, եղբորս կիսատ գործը շարունակեմ, նրա վրեժը լուծեմ։ Ես ձգտում եմ իմ պարտականությունները լավ կատարել, պատրաստել բանիմաց, բարձրակարգ հրետանավորներ մեր բանակի, մեր զորամասերի համար։ Վստահ եմ, ադրբեջանցիներն Արցախին տիրելու եւս մեկ փորձ կկատարեն, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք,- ասաց կապիտանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/03/2011