Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ



Սկիզբը` նախորդ համարում

Մարտարվեստի իրական նպատակը, դերը և կարևորությունը, ցավոք, այսօր աղավաղված է, հասարակության մեջ այն թյուրընկալումն է, ըստ որի` մարտարվեստը կռիվ տալու, հակառակորդին ջախջախելու, ուժի միջոցով նպատակներին հասնելու համար է: Մինչդեռ մարտի արվեստը անմիջական կապ ունի հավատամքի, կրոնի հետ, ինքնակատարելագործվելով, ինքնամաքրվելով մարդը իր համար հարթում է այն բոլոր ուղիները, որոնցով գնում է դեպի կամքի ամրություն, ուժեղ մարմին, առողջ միտք: Առավել մասնավորեցնելով վերը նշվածը` պետք է ընդգծել՝ առաջին հերթին մարդը հաղթում է ինքն իրեն, ձերբազատվում է թուլություններից, թույլ մարդուն բնորոշ նկրտումներից ու իր գերակայությունը շեշտելու վնասակար հակումից:
Այս ամենից զերծ պահելով ինքն իրեն` արդեն լիակատար կերպով կարողանում է յուրացնել բոլոր այն ֆիզիկական շարժումները, որոնցով կարող է մարտում հաղթել: Այսինքն՝ հոգեւոր զարգացմանը հաջորդում է նաև ֆիզիկական աճը: Իսկ այն, որ մտքով, հոգով և մարմնով անպարտ մարդը երբեք մարտի նախաձեռնող չի լինի, դա արդեն անհերքելի և հոգեբանորեն հաստատված փաստ է: Ուրեմն լինելով մարտարվեստի գիտակ ու իրական մարտիկ` մարդը միմիայն կձգտի իր շուրջ ստեղծել խաղաղ, ամբարտավանությունից ու բռնությունից զերծ մթնոլորտ, և եթե կարիք լինի, իր ուժով, մտքի ճկունությամբ ու հավատով կարող է ծնկի բերել ցանկացած ագրեսորի, սադրիչի ու զավթողի` այսպիսով օրինակ դառնալով հենց նույն հակառակորդի համար:

«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը առաջնորդվում է վերը նշված գաղափարներով` սերմանելով մտքի, հոգու և ֆիզիկական ամրության եռամիասնության կարևորությունը: Կենտրոնը հայտնի է իր ամբողջականությամբ, որը զերծ է խոնարհումների և ծեսերի արևելյան դպրոցների սովորույթներից, հնարավորություն է տալիս անհատի ինքնաարտահայտման ու ազատության: Ուսուցումը իրականացվում է ընկերային, խաղային և խաղաղասեր միջավայրում, որի նպատակն է հարյուրավոր նոր վարժանքների միջոցով մարդու մեջ սերմանել և զարգացնել մարմնակրթությունը: Յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ և անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրան հուզող խնդրի կարևորությունը, մտքի, հոգու և ֆիզիկական ամրության համաչափ զարգացման ներուժը: Այս մեթոդիկան զարգացնում է մտավոր շերտը և ինքնագիտակցությունը: Ուսուցչի և ավագ մասնագետների հետևողականությունը, խորհրդատվությունը, ուղղումներն ու անմիջական ուսուցումը մեծ դեր են խաղում սանի զարգացման, աճման գործում: Չկա ուսուցման ոչ մի ձևական ռիթմ կամ խմբային կառուցվածք:

Մանրամասները, ուսուցման ուղղությունները և
բաղադրիչները` հաջորդ համարում…

Գեւորգ Գեւորգյան

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Հոգևոր-մշակութային


08/08/2013