Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՐ ԶԳԱՆՔ ՈՒ ԱՄՐԱՆԱՆՔ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ»



Կամո Ծատրյանը ծնունդով ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղից է: Սովորել է ավտոճանապարհային տեխնիկումում, ապա որպես վարորդ աշխատանքի անցել Արցախի մետաքսի կոմբինատում, որը հարեւան գյուղերի մասնաճյուղերն ապահովում էր կոմբինատի արտադրանքով:

1988 -ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, կյանքն ընկավ իր բնականոն հունից: Ադրբեջանցիների հետ սահմանակից հայկական տարածքներում օդը շիկացած էր, ազգային հողի վրա բախումները դառնում էին ավելի հաճախադեպ: Ենթադրվող պատերազմի առաջին շունչը Կամոն զգաց, երբ մեքենայով Կիրովաբադի (Գյանջա) ճանապարհով գնում էր Հայաստան: Այդտեղի հայերը պատսպարվել էին եկեղեցում, իսկ ադրբեջանցի խառնամբոխը փայտերով, երկաթներով զինված, շարժվում էր եկեղեցու ուղղությամբ: Կիրովաբադից դուրս եկող ճանապարհն էլ հսկում էին, կանգնեցնում էին բոլոր մեքենաները, ստուգում: Կամոն, որ մինչ այդ հասցրել էր մեքենայի համարանիշի վրա ցեխ քսել, ռիսկի դիմեց` խփեց-անցավ արգելապատնեշը: Ընկան հետեւից, բայց կարողացավ ճողոպրել: Սրընթաց վարելու ընթացքում էլ նկատեց, որ ճանապարհի այդ հատվածը արդեն մամռակալել էր. վաղուց այդ կողմով երեւի մեքենա էլ չէր անցել: «Երբ Հայաստան հասա, բոլորը զարմացել էին, չէին հավատում, որ առանց մի վնասվածք ստանալու վերադարձել եմ, որովհետեւ սահմանային գիծը հատողները ծեծված եւ խոշտանգված էին տեղ հասնում: Շտապ օգնության մեքենաներն էլ անընդմեջ հերթապահում էին, որ հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերեն», -հիշում է Կամոն:

Անհրաժեշտ էր արժանի հակահարված տալ մոլեգնած ու սանձարձակ թշնամուն, եւ ստեղծվում էին կամավորական խմբեր: Կամոն էլ միացավ իրենց գյուղի` Զարդախաչի ինքնապաշտպանական ջոկատին: Դիմեցին «Արցախ» կոմիտե, որ զենքով ապահովի ջոկատը, ու սկսեցին հերթապահությունը սարերում: Հետո իրենց ջոկատը միացավ Չափար գյուղի կամավորական խմբին ու միատեղ մասնակցեցին Չափարի, Զարդախաչի, Հաթերքի, Գետավանի պաշտպանությանը:

1993թ. փետրվարի 18-ին Կամոն որպես զինվոր ընդգրկվում է Չարբախի կամավորական զորամասում, փետրվարի 23-ին մեկնում Մարտակերտ, մասնակցում Սարսանգի ջրամբարի համար մղվող մարտերին: Պատերազմի ամենադառը, ամենատխուր հիշողություններից մեկն էլ այդ օրերի հետ է կապված. Սարսանգի ջրամբարի մոտ թուրքի «ձեռագրով» կատարված ոճրի մասին էին վկայում 10-ից ավելի գլխատված մարմինները…

-Երկար ժամանակ ուշքի չէինք գալիս այդ դաժանությունից, մեր 2-րդ վաշտի տղաներն էին… Այդ օրը հասկացանք, որ մեր դիմաց գազանն է կանգնած` մարդկային դիմագծից հեռու, շատ հեռու: Պետք էր լարել ողջ ուժերը, կռվել ու հաղթել թշնամուն:

Կռվում էին ինքնամոռաց, վրեժով լցված: Հենց այստեղ էլ վիրավորվեց ոտքից, սակայն այդ վիճակով էլ կարողացավ գրավել հակառակորդի տանկն ու կյանքում առաջին անգամ տանկի ղեկին նստելով` երկաթե մեքենան ու վիրավոր ընկերներին` Արմեն Սարգսյանին, Վիտալի Լիսանովին եւ Էդիկ Թադեւոսյանին դուրս բերեց մարտադաշտից: Կատարած սխրանքի համար հրամանատարությունը Կամո Ծատրյանին շնորհեց լեյտենանտի կոչում եւ նշանակեց 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար:

Հետո արդեն Կամոն Մանվել Գրիգորյանի հրամանատարության ներքո, լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկների կողքին էր մարտնչում` Հադրութի շրջանի Էդուլլու գյուղ, Ֆիզուլի, Հորադիզ, Մարտակերտի շրջանի Մեծ Շեն… Հակոբ Կամարիի ազատագրման ժամանակ էլ` հունվարի 9-ին («Արյունոտ օր` այդպես մնաց մեր հիշողության մեջ»,-ասում է Կամոն), բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստացավ, ու ծանր վիճակում նրան տեղափոխեցին Երեւան: Երկար ժամանակ բուժվեց: Այնուհետ ծառայությունը շարունակեց 5-րդ բրիգադի թիկունքում, սակայն առողջության վատթարացման պատճառով 1995թ. սեպտեմբերին ազատվեց ծառայությունից: Հայրենիքին անձնվեր ծառայելու համար Կամո Ծատրյանը 2003թ. արժանացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Պարգեւատրվել է նաեւ «ՀՀ երկրապահ» հուշամեդալով, «ՀՀ մարտական ծառայության» մեդալով: Կ.Ծատրյանին շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում:

…Պատերազմից շատ տարիներ են անցել, բայց պատերազմական օրերի հուշերն այսօր էլ գալիս են ու տակնուվրա անում ազատամարտիկի սիրտն ու միտքը: «Ով այն օրերին գեթ մի անգամ գնում էր Ղարաբաղ, ասում էին` գնաց Ղարաբաղ, հիվանդացավ, էլի կգնա,- հիշում է Կամոն ու շարունակում,- չէիր կարող չգնալ: Երբ տեսնում էինք թուրք կոչեցյալն սպանում է, մորթում, գլխատում մեծ ու փոքր, զինված ու անզեն չճանաչելով, պարտավոր էինք պաշտպան կանգնելու մեր ժողովրդին, մեր հողին: Եթե չգնայի, մեղավոր կզգայի, խիղճս կտանջեր, չէի ների ինձ»…

Երկրապահ կամավորականների միությունը արդեն ավանդույթ է դարձրել` ամեն տարի Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելում ենք ազատագրված տարածքներ, շփվում – զրուցում տեղացիների հետ, հնարավորինս աջակցում: Այցելում ենք նաեւ դիրքերում հերթապահող զինվորներին: Հուշերիս գիրկն եմ ընկնում այդ այցերի ժամանակ, նայում եմ՝ որտեղ ենք կռվել, ինչ պայմաններում, հաճախ սոված ու ծարավ, անմարդկային դաժան ու ծանր պայմաններում, ու երբեմն նույնիսկ զարմանում եմ` այդ ի՞նչ գերբնական ուժ էր իջել մեզ վրա, որ կարողացանք հաղթել…

Պատերազմն ինձնից խլեց իմ երիտասարդությունը, առողջությունը` 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց, թե հարկ լինի, երբ վտանգվի հայրենիքը, ես եւ կռված ընկերներս առանց մի վայրկյան տատանվելու կնետվենք մարտի դաշտ, ու մի նայեք, որ հաշմանդամ ենք կամ տարիքներս առած, ամեն մեկիս մեջ մի բանակի ուժ կա… Մենք մարտի ելանք նաեւ մեր պապերի օրինակով ոգեշնչված ու նաեւ տեսնելով, թե ինչպես էին այն ժամանակ գնահատվում պատերազմից հաղթանակով վերադարձած վետերանները… Շատ եմ ուզում մեր Արցախյան պատերազմի ազատամարտիկ վետերանները, որ այդքան խիզախաբար եւ անձնվիրաբար կռվեցին ու հաղթեցին, այսօր արժանիորեն գնահատվեն, չխեղճանան ժամանակի ծանր պայմաններից: Նրանք հերոսներ են, ու երիտասարդությունը նրանցից պետք է օրինակ վերցնի: Ազատամարտիկի արժանիորեն գնահատված լինելն այսօր ռազմավարական նշանակություն ունի:

Ես` այս հողի համար կռված զինվորս, երկրապահս, ուզում եմ շատ սիրենք մեր պապերից մեզ ժառանգված հողն ու ջուրը, ամուր զգանք ու ամրանանք մեր երկրում, ուրիշի հողը հայրենիք չի դառնա….

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ճակատագրեր


08/08/2013