«ԶԻՆՎՈՐԻ ՄԻԱԿ ՀԱՐԱԶԱՏՆ ԻՐ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆ Է»
Վստահեցնում է զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Մախսուդյանը
Բավականին երկար ժամանակ փորձում էինք հարցազրույց վերցնել զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Մախսուդյանից, սակայն չէր հաջողվում, քանի որ հրամանատարը չէր կարողանում ազատ ժամանակ գտնել զրույցի համար: Կա՛մ մարտական հենակետերում էր լինում, կա՛մ տարբեր ստորաբաժանումներում էր շրջում, կա՛մ էլ սպայակազմի հետ էր որեւէ հարց քննարկում, ժողով անցկացնում: «Նախ մեր գործն անենք, ապա խոսենք դրա մասին»,- գնդապետ Ա. Մախսուդյանից հաճախ էինք այս խոսքը լսում: Այնուամենայնիվ, մարտական հերթափոխից առաջ հաջողվեց մի քանի հարց ուղղել զորամասի հրամանատարին:
– Պարոն գնդապետ, ո՞րն է Ձեր զորամասի գերագույն խնդիրը, եւ որքանո՞վ է Ձեզ հաջողվում լուծել այն:
– Ինչպես մեր ամբողջ զինված ուժերի, այնպես էլ մեր զորամասի գլխավոր խնդիրը մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելն է, ինչը մեր տղաները հրաշալի են կատարում: Նայե՛ք մարտական հենակետ բարձրացող զինվորների աչքերին. վախի նշույլ անգամ չեք տեսնի: Հակառակորդը գիտի, որ մենք աչալրջորեն ենք հսկում մեր սահմանները, եւ ցանկացած արկածախնդիր քայլ ողբերգական ավարտ կունենա իրենց համար:
– Մարտական հերթափոխ կատարելիս եւ արդեն հերթապահությունն անցկացնելիս ինչպիսի՞ դժվարությունների են բախվում զինվորները:
– Ամենակարեւորը, ինչպես արդեն ասացի, մեր զինվորները քաջ են ու համառ, չեն վախենում հակառակորդից: Հաճախ ինքս էլ եմ զարմանում մեր մարտիկների հզոր կամքի եւ ֆիզիկական տոկունության վրա, քանի որ մեր աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները երբեմն անասելի դժվարություններ են ստեղծում: Նրանք հաղթահարում են ամենաբարդ բարձունքներն ու դիմանում են ամենածանր եղանակային պայմաններին: Փառք ու պատիվ նրանց:
– Մարտական հենակետեր բարձրանալիս Դուք հրահանգավորում եք զինվորներին եւ սպայակազմին, ո՞րն է Ձեր հիմնական խորհուրդը նրանց:
– Լինել զգոն, ծառայությանը մոտենալ բարձր պատասխանատվությամբ եւ արժանապատվությամբ: Լեռների բարձունքներում իր հայրենի հողի սահմանը հսկող զինվորը չի կարող հպարտության զգացում չունենալ: Իսկ այդ հպարտությունը նրանց թույլ չի տա, որ ընկրկեն կամ թուլություն ցուցաբերեն: Ես զինվորներին ասում եմ, որ նրանց ամեն մի վրիպում, ամեն մի սայթաքում կարող է ծանր հետեւանքներ ունենալ բոլորիս համար:
– Զինվորները նշում են, որ դիրքերում միջանձնային կոնֆլիկտները գրեթե բացառված են, և որ հարաբերություններն անհամեմատ ավելի ջերմ են: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Այո՛, իսկապես էլ այդպես է, եւ դա բնական է, քանի որ դիրքերում զինվորի միակ հարազատը, միակ ապավենն ու թիկունքը իր զինակից ընկերն է: Եթե տղաներից որեւէ մեկը խնդիր ունենա, ապա այն դառնում է հենակետի բոլոր զինվորների խնդիրը: Պատահել է՝ իրար լավ չեն հասկացել, սակայն գործը վեճի չի հասել: Տղաները ժամանակավորապես մոռանում են ամեն մի խնդիր, և երբ դիրքերից իջնում են, այլեւս ջերմությամբ ու հարգանքով են լցված լինում միմյանց նկատմամբ, վիճաբանության լուրջ առիթ երբևէ չի լինում:
– Պաշտպանության նախարարը հաճախ է նշում, որ ամեն ինչ արվում է ոչ կանոնադրային հարաբերությունները կանխելու համար, Ձեր զորամասում կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
– Զորամասում ոչ կանոնադրային հարաբերություններից խուսափելու համար նախեւառաջ պետք է տեղյակ լինել, թե ինչ մթնոլորտ ու տրամադրություն է տիրում ստորաբաժանումներում: Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ցանկացած, նույնիսկ առաջին հայացքից ամենամանր թվացող խնդրին, քանի որ փոքր խնդիրները եւս կարող են ծանր հետեւանքների հանգեցնել: Զինծառայողների հետ պարտադիր անհատական զրույցներ են անցկացնում զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, սպա-հոգեբանը, ինչպես նաեւ զորամասի հոգեւոր սպասավորները: Փորձում ենք հնարավորինս շուտ տեղեկանալ առկա խնդիրներին եւ համապատասխան լուծումներ տալ դրանց:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ազգային բանակ