Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՎԻՇԱՊԻ ՄԱՇԿ» ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆ



Ռազմական տեխնիկա ստեղծելիս մարդը շատ դեպքերում ոգեշնչվել է բնությունից: Բնության մեջ առկա բազմաթիվ հատկանիշներ տարբեր ժամանակներում հանդիսացել են ռազմական տեխնիկայի ստեղծման առիթ: Օրեցօր զարգացող տեխնիկայի դարաշրջանում ևս մարդկությունը շատ օրինակներ է վերցնում բնությունից և համադրելով այն բարձր տեխնոլոգիաների հետ` ստեղծում նոր մակարդակի ռազմական տեխնիկա: Նման մի յուրահատուկ ռազմական տեխնիկա է «Վիշապի մաշկ» կոչվող զրահաբաճկոնը: Այն ամերիկյան «Pinacle Armor» ընկերության հետաքրքիր ուսումնասիրության արդյունք է: Մեզ հայտնի զրահաբաճկոններին այն նման է միայն արտաքին տեսքով, իսկ իր զրահի կառուցվածքային հատկանիշներուվ լիովին տարբերվում է: Նրա զրահը ունի թեփուկավոր կառուցվածք և բաղկացած է խեցու հատուկ ափսեներից, ինչը, մասնագետների կարծիքով, պաշտպանության ավելի ամուր մակերես է ապահովում:

Փորձարկումների արդյունքները ցույց տվեցին, որ «Վիշապի մաշկը» ունակ է դիմակայելու փոքր և միջին տրամաչափի փամփուշտներին: Մոտ տարածությունից կատարված կրակի արդյունքում այն հեշտությամբ դիմակայել է HK MP5, M16, AK-74 և այլ ավտոմատներից արձակված գնդակներին:

Զրահաբաճկոնների հիմնական խնդիրներից են ծանր քաշն ու համեմատաբար ցածր շարժունակությունը: Այս զրահաբաճկոնի հիմնական առավելությունն այն է, որ այն կարելի է կրել հագուստի պես: Շնորհիվ իր թեփուկային կառուցվածքի այն բավականին ճկուն է, ինչը ազատ մարտի պայմաններում շատ կարևոր հանգամանք է:

Զրահաբաճկոնն արտադրվում է երեք տարբերակով, որոնցից յուրաքանչյուրն ունի պաշտպանության առաջին, երկրորդ և երրորդ աստիճան: «Pinacle Armor» ընկերության հաղորդած տվյալների համաձայն` մեկ զրահաբաճկոնի ինքնարժեքը 5000 ԱՄՆ դոլար է: Այժմ այն դրված է սերիական արտադրության ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատների համար: Ներկայումս ընկերությունը աշխատանքներ է տանում մասնավորապես զրահաբաճկոնի քաշի իջեցման ուղղությամբ, ինչը հնարավոր է ավելի թեթև և ամուր նյութի պարագայում, որի ստեղծման վրա աշխատում են ընկերության մասնագետները:

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ռազմական


15/08/2013