Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ



Գևորգյան մարտարվեստի տեխնիկան և ուսուցման մեթոդիկան կիրառության մեջ դնելուց առաջ հաշվի են առնվել նաև հոգեբանների և բժիշկների կարծիքները: Մարտարվեստը միայն մարտին չի վերաբերում, դրա մի ամբողջական շերտ հիմնված է նաև առողջարարական վարժանքների վրա: Կենտրոնում ուսուցումը միատարր չէ, ներառում է բազմաթիվ բաղադրիչներ: Հետևողական և շարունակական մարզումները սաներին մոտեցնում են այն գիտելիքներին, որոնց տիրապետելու պարագայում կարելի է համարել, որ մարդը տիրապետում է հայկական՝ Գևորգյան մարտաոճին:

Մարտական ակրոբատիկան այն վարժանքն է, որի միջոցով մարդը ճկում և կրթում է մարմինը` այն պատրաստելով առավել բարդ հնարքների: Իհարկե, հաշվի են առնվում նաև յուրաքանչյուրի բնատուր տվյալները և ներուժը: Ակրոբատիկան ճկունությունը զարգացնելուն զուգահեռ նաև ուժ և տոկունություն է տալիս: Ակրոբատիկ վարժանքները առանձնահատուկ են նրանով, որ նախատեսված են հենց մարտական բարդ գործողությունների համար, որոնց դեպքում մարտիկը անգամ ընկած տեղում կարող է նույնքան արագ, ճկուն ու նպատակային այնպիսի հարվածներ հասցնել, որ հակառակորդին գրեթե ժամանակ չի մնում որևէ գործողություն կատարելու: Ինչպես բոլոր հիմնական տեխնիկաները, ակրոբատիկան նույնպես նախատեսված է հատկապես բանակի մարտիկների համար:

Առանձնակի կարևորվում է նաև այսպես կոչված էներգետիկ դաշտերի հետ աշխատանքը, որի միջոցով մարդը կարողանում է «զգալ» շրջակա միջավայրում կատարվող փոփոխությունները. այս վարժանքները զարգացնում են զգայարանները:

Հայտնություն է Մեսրոպյան այբուբենի տառերը նմանակող շարժումների վրա հիմնված ուսուցումը: Հայոց գրերը նաև ֆիզիկական շարժումների խորհուրդ ունեն, ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված հայկական մարտաոճը արտացոլում է մեր գրերին համապատասխանող ֆիզիկական շարժումների գաղտնիքը:

Մարտարվեստում առանձնակի կարևորություն ունի նաև շարժումների արագությունը, ուստի ուսուցման ընթացքում կիրառվում են նաև հատուկ վարժանքներ՝ այդ որակը զարգացնելու նպատակով: Գաղտնիք չէ, որ մարտի դաշտում մարտարվեստի հնարքները կարող են նպատակային և ճիշտ կիրառվել միայն արագությանը զուգընթաց, հաճախ շարժումների արագությունը կարող է որոշիչ լինել:

Կենտրոնում կատարվում է նաև մարտական իրավիճակով թելադրվող հմտությունների, հարձակողական և պաշտպանական մեթոդիկայի, գցումային վարժանքների, զենքով և փայտով մարտական հնարքների ուսուցում: Գցումային տեխնիկան հիմնված է արագության ու ճկունության վրա, որի դեպքում հարվածները թիրախավորված են և միանգամից կոտրում են հակառակորդի ողնաշարը, վիզը, թևը` ոչ մի հնարավորություն չթողնելով նրան ոտքի կանգնելու: Սա սպորտային տեխնիկա չէ, այլ նախատեսված է հատուկ մարտերի և բանակի համար:

Մասնավորեցնելով դանակի և զենքի կիրառման վարժանքների մեթոդիկան` պետք է նշել, որ այդ մարզումների ընթացքում կիրառվում են նաև Մեսրոպյան այբուբենի տեխնիկական հնարքների գաղտնիքները, օգտագործվում են այն մարտական շարժումները, որոնք հավասարապես կարող են կիրառվել թե՛ հարվածային և թե՛ գցումային հնարքների դեքում:

Հատուկ նշանակություն ունեն նաև այն խաղային վարժանքները, որոնք նախատեսված են երեխաների և պատանիների համար, քանի որ ավելի վաղ տարիքում մարդու մարմինը, օրգանիզմը առավել տոկուն է և պատրաստ` յուրացնելու այն ամենը, ինչը ավելի մեծ տարիքում առավել դժվար է լինում յուրացնել: Սա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական վարժանքներին, այլև մտքի ճկունությանը, էներգետիկ դաշտերի փոփոխությունների հանդեպ զգայունությունը մարզելուն: Գեւորգյան մարտարվեստը մշակվել է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայ մարդը պատմության բերումով ապրում է մի տարածաշրջանում, որտեղ իրական մարտարվեստին տիրապետելը կենսական կարեւորություն ունի՝ անկախ տարիքից եւ սեռից:

Այս համատեքստում առաջնային են նաև շնչառական և կոփման վարժանքները: Կանանց և մեծահասակների համար այբուբենի տառերի հիմքի վրա իրականացվում է մարմնի կոփման, առողջության ամրապնդման և շնչառական վարժանքների, ինչպես նաև Թայ Չի և Ցի Գունի ուսուցում:

Հատուկ վարժությունների միջոցով կիրառվում են նաև մտքի կենտրոնացման և ներքին խաղաղության պահպանման մեթոդներ:

Վերոնշյալ համալիր ծրագիրը կազմում է մեկ ամբողջություն, քանի որ արտացոլում է կենտրոնում որպես ելակետ համարվող` մտքի, հոգու և ֆիզիկական ամրության եռամիասնության գաղափարը:

Գեւորգ Գեւորգյան

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Հոգևոր-մշակութային


15/08/2013