Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3. ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ



Սկիզբը` նախորդ համարում

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԵՏԸՆԹԱՑ

Այսպիսով, ըստ օկուլտիստների՝ համասեռամոլությունը կատարելության հասնելու և աստվածացման միջոց է, մոգական ուժի աղբյուր. համասեռամոլներն ընտրյալներ են, ինչը չեն կարող հասկանալ «հասարակ մահկանացուները»: Այդուհանդերձ, մարդկությունը գնում է «կատարելագործման» ճանապարհով, ինչը նշանակում է, որ ապագայում բոլորը պետք է «կատարյալ» դառնան, այսինքն՝ համասեռամոլ: Այն, որ դա իրատեսական նպատակ է, ապացուցվում է համասեռամոլների ամուսնություններն օրինականացնող, նրանց երեխաներ որդեգրելու (նշանակում է՝ համասեռամոլներ դաստիարակելու) իրավունք տվող երկրների թվի մեծացմամբ: Մարդկության ապագան Սոդոմի և Գոմորի մոդելով ստեղծված պետությունն է:

Ի դեպ, վերոշարադրյալից բխում է, որ մեծ ընտանիքի իդեալի վրա հիմնված ավանդական պետության և ցանցային կառույցների դիմակայությունը բաղկացած է ինչպես օբյեկտիվ գործընթացներից (օրինակ՝ գիտատեխնիկական առաջընթացից), այնպես էլ սուբյեկտիվ, ինչպիսին է, օրինակ՝ համասեռամոլների իրավունքների պաշտպանությունը որոշ երկրների իշխող վերնախավի կողմից: (Կասկած չկա, որ այդ վերնախավը բաղկացած է օկուլտիզմի հետևորդներից): Այնպես որ, եթե կարելի է պնդել, որ «պետությունը կվերանա», ապա կարելի է նաև ասել՝ «պետությունը փորձում են վերացնել»:

Եթե նկատի ունենանք պետության օկուլտիստական տեսլականը, ապա կարող ենք արձանագրել. պետականության իդեալը մարդկության պատմության ընթացքում հետընթաց արձանագրելու միտում ունի (ոչ թե բարեկեցության, այլ բարոյականության առումով): Եթե Արևմուտքի միջնադարյան պետությունները Երկնային արքայության արտապատկերն էին այս աշխարհում, և այդ պետություններում քրեորեն հետապնդելի էին այն արարքները, որոնք Եկեղեցին մեղք էր համարում, ապա արդեն ժողովրդավարական հանրապետությունները, որոնցում Եկեղեցին բաժանված է պետությունից, սկսեցին կրոնական իմաստով մեղքը համարել յուրաքանչյուրի խղճի գործ, ինչի հետևանքով հրապարակային դարձան ծանրագույն մեղքերը (օրինակ՝ կախարդությունն ու համասեռամոլությունը): Սակայն այս փուլում կրոնական մեղքի ծանրագույն տեսակները, այնուամենայնիվ, հասարակությունը դեռևս համարում է աննորմալ երևույթ (դրա վկայությունը միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ բազմահազարանոց ցույցերն են, օրինակ՝ Ֆրանսիայում): Իսկ ահա պետության «զարգացման» հաջորդ փուլում գլխիվայր շրջվելու են մեղքի, «բնականի» և «նորմալի» հասկացությունները, ինչի առաջին քայլերից մեկն է ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից «ամուսնություն» հասկացության աղավաղումը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր կարծիքով, պետականության գաղափարի հենց այս հետընթացն են ակնարկում աստվածաշնչյան մարգարեությունները, մասնավորապես՝ Դանիել մարգարեի տեսիլքները: Նախորդ հոդվածում («Ալեքսանդր Մակեդոնացին և Մեծ Մերձավոր Արևելքը») արդեն մեջբերել ենք Նաբուգոդոնոսոր արքայի երազն ու դրա մեկնությունը Դանիելի կողմից: Հիշեցնենք այդ հատվածը. Դանիելն ասում է.

«Դո՛ւ, արքա՛, ահա թե ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, և նրա կերպարանքն ու տեսքը ահավոր էր: Այդ արձանը շատ սարսափազդու էր: Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից ու կեսը խեցուց: Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկվեց մի քար և հարվածեց արձանի երկաթյա և խեցե ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք: Միաժամանակ բոլորովին փշրվեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին և դարձան ինչպես ամառվա կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնվում դրանց համար: Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը: Սա է երազը:

Իսկ այժմ թագավորին ասենք երազի մեկնությունը: Դու, ո՛վ արքա, արքայից արքա, որին երկնքի Աստվածը հզոր և փառավոր թագավորություն տվեց: Դո՛ւ, որի ձեռքը տվեց մարդու որդիներին, վայրի գազաններին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին, որտեղ էլ ապրում են նրանք, և քեզ տեր կարգեց բոլորին: Դու ես ոսկյա գլուխը:

Քեզնից հետո ուրիշ թագավորություն պիտի բարձրանա, որը պիտի լինի քո թագավորությունից ցածր: Ապա երրորդ՝ պղնձյա թագավորությունը պիտի տիրի ամբողջ երկիրը: Իսկ չորրորդ թագավորությունը, որ երկաթի պես ամուր պիտի լինի, պիտի փշրի և տրորի ամեն ինչ, ինչպես երկաթն է փշրում ու տրորում ամեն բան: Եվ քանի որ ոտքերի մատների կեսը երկաթյա և կեսը խեցուց էիր տեսնում դու, ապա այդ թագավորությունը պիտի բաժանվի, բայց և նրա մեջ երկաթյա ուժ պիտի լինի, ինչպես որ երկաթը խեցու հետ խառնված էիր տեսնում: Ոտքերի մատների մի մասը երկաթ էր և մի մասը՝ խեցի. ուրեմն թագավորության մի մասը հզոր պիտի լինի, մյուս մասը՝ դյուրաբեկ: Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնված էիր տեսնում, ապա այդպես էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլվելու իրար, ինչպես երկաթը չի զոդվում խեցուն (Դան., 2:31-43)»:

Ակնհայտ է, որ միմյանց հաջորդող թագավորությունները խորհրդանշող մետաղների հարգը աստիճանաբար պակասում է (ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, վերջում` խեցի): Նվազում է նաև այդ թագավորությունները խորհրդանշող արձանի մասերի «պատվականությունը»` գլուխ, իրան, ազդր, իսկ վերջում` ոտք: Դանիելը բացահայտորեն ասում է, որ թագավորություններից յուրաքանչյուրը մյուսից ավելի «ցածր» է լինելու: Հարց է ծագում` ի՞նչ իմաստով` հզորությա՞ն, բարեկեցությա՞ն, բարոյականությա՞ն կամ գուցե՝ բարեպաշտությա՞ն: Պատմության ընթացքում Բաբելոնյան կայսրությունից ավելի բարեկեցիկ, ավելի հզոր և լայնարձակ կայսրություններ էլ են եղել: Ամենայն հավանականությամբ, խոսքը բարեպաշտության մասին է: Նաբուգոդոնոսոր արքան պաշտում էր ճշմարիտ Աստծուն և հնազանդ էր նրան, թեպետ ժամանակավորապես կռապաշտ է եղել և ընկել է նաև գոռոզության ախտի մեջ: Այնինչ իր պատիժը կրելուց հետո նորից դարձել է ճշմարիտ հավատքի: Թերևս, ոսկյա գլխի խորհրդանիշով արտահայտված է Նաբուգոդոնոսորի նախանձախնդրությունը կամ ջերմեռանդությունը ճշմարիտ աստվածապաշտության մեջ (եթե Աստծու դեմ այդքան մեղքեր գործած Նաբուգոդոնոսորն է «ոսկին», ապա ի՞նչ ասենք նրան հաջորդող կայսրությունների ղեկավարների մասին, ովքեր արծաթ են, պղինձ, երկաթ և նույնիսկ հող): Եթե այդպես է, ապա տեսիլքը վկայում է, որ մարդկության պատմության մեջ իշխանավորների աստվածապաշտության ոսկյա «մաքրությունը», հավատացյալ թագավորների (թերևս, նաև առհասարակ հավատացյալների) ջերմեռանդությունը պետք է աստիճանաբար նվազեն` մարդկության պատմության վախճանին՝ վերածվելով հողի (խեցու): Տեսիլքի մեջ ակնհայտորեն պետականություն խորհրդանշող արձանի գլուխը այդ ժամանակներում կվերածվի ոտքի, այսինքն` պետության հիմքում ընկած արժեքները գլխիվայր կշրջվեն:

Եթե ճիշտ է այն մեկնությունը, համաձայն որի` առանց մարդու ձեռքի (այսինքն` Աստծո կամոք) պոկված վեմը (քարը) Հիսուս Քրիստոսն է (ի տարբերություն արձանի, որը ձեռակերտ է. միգուցե դրանով ակնարկվում է, որ բոլոր կայսրությունները մարդկային մեղավոր մտքի, կամքի և գործի արդյունք են, հետևաբար` սկզբունքորեն անկատար ու թերի), ապա Նա է, որ վերջին ժամանակներում կործանելու է մինչև ուղնուծուծը այլասերված մարդկային հասարակությունը (քարի հարվածը կատարվում է արձանի ոտքերին, այսինքն` մարդկության պատմության վերջին ժամանակներում գոյություն ունեցող պետությանը` իր կեղծ արժեքներով հանդերձ) և ստեղծելու է նորը` Երկնային Արքայությունը (տեսիլքում քարը վերածվում է լեռան և լցնում է ամբողջ երկիրը): Վեմի հարվածից փոշու է վերածվում ամբողջ արձանը, այսինքն` Քրիստոսի Գալստյան և Նրա Արքայության համեմատ մարդկության ամբողջ` սոսկալի մեղքերով լի պատմությունը դառնալու է փոշի (որովհետև սարսափազդու արձանը խորհրդանշում է ահասարսուռ չարության` մեղքերի պատճառով խարխլված և միմյանց հերթագայող կայսրությունների ամբողջությունը, այսինքն, ի վերջո, մարդկության պատմությունը):

Դանիել մարգարեն հատուկ շեշտում է, որ մինչև մարդկության պատմության վախճանը «մարդկային սերունդները խառն են լինելու, բայց չեն միաձուլվելու, ինչպես երկաթը չի զոդվում խեցուն»: Այսինքն` ազգությունները և ազգայինը չեն վերանալու, ինչքան էլ հակաքրիստոնեական ուսմունքների հետևող ուժերը ձգտեն վերստեղծել Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակների մեղսալի միասնականությունը` լեզվի, գործի և կամքի…

ՑԱՆՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»

Հետևաբար` ժողովուրդները և մասնավորապես մենք` հայ ժողովուրդը, պահելու ենք մեր ինքնությունն ու արժեքները, մեր ճշմարիտ աստվածպաշտությունը մինչև աշխարհի վախճանը: Եվ դրա համար պետք է օգտագործենք պատմական ամեն ժամանակաշրջանին բնորոշ հնարավորությունները, այդ թվում` ցանցային կառույցները: Ինչպես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է նշում իր «Պետության վախճանը» հոդվածում, մենք պետք է ստեղծենք նոր ցանցային քաղաքակրթություն՝ «Հայկական աշխարհ»` հայությունը դիտարկելով որպես ազգային ցանց:

«Պատմությունը վկայում է, որ պետականության կորստից հետո հայերը աշխարհին ցույց տվեցին ինքնակազմակերպման այլընտրանքային ձև, որը ապահովեց նրա գոյությունը որպես ազգ՝ մինչ օրս,- գրում է Տ.Սարգսյանը։- Այդ գործառույթն իրականացնում էր եկեղեցին։ Ընդ որում, կազմակերպման մեթոդները և ձևերը, որոնք կիրառում էր եկեղեցին, համապատասխանում էին ցանցային տրամաբանությանը։ Կազմակերպման պետական ձևը ինդուստրիալ հասարակությունում մեզ անհրաժեշտ էր աշխարհում ինքնակազմակերպվելու, այլ ազգերի հետ արդյունավետորեն համագոյակցելու (հավասար` հավասարների մեջ) համար` ինդուստրիալ աշխարհի տրամաբանության՝ մրցակցության և զարգացման պայմաններում։

Այժմ, երբ գլոբալ ձևափոխումներն ակնհայտ են, մենք պետք է վերանայենք պետության կառուցման մեր մոտեցումները՝ աստիճանաբար ճանապարհ հարթելով դեպի հետինդուստրիալ աշխարհ։

Մենք պետք է.

– Ստեղծենք գլոբալ ցանց, որը կմիավորի աշխարհասփյուռ հայության բոլոր հանգույցները, և ներդնենք այդ ցանցում այն արժեքները, որոնք պահպանել է հայությունը դարեր ի վեր։

– Կառուցենք կրթական նոր, ինովացիոն համակարգ, որն իր հետևից կտանի արժեքի ստեղծման հետինդուստրիալ ոլորտները։ Ժամանակակից կրթական համակարգը չի կարող լինել ցանցային տրամաբանությունից դուրս։

– Կառուցենք հասարակության կառավարման նոր՝ արդյունավետ համակարգ՝ հիմնված ազատության և ինքնարտահայտման հետինդուստրիալ ընկալման սկզբունքների վրա։ Եվ եթե մեզ հաջողվի նման ճեղքում իրականացնել, ապա մենք, անկասկած, կհաղթենք։ Հաղթել նշանակում է կառուցել ապագայի հետինդուստրիալ հասարակությունն այսօր՝ մինչինդուստրիալից թռիչք կատարելով դեպի հետինդուստրիալ»։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


15/08/2013