Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՌԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ



Ամառային եղանակին, որպես կանոն, ակտիվանում են աղիքային վարակները` դիզենտերիան, որովայնային տիֆը, խոլերան, ստաֆիլոկոկային վարակները եւ այլն: Աղիքային վարակների աղբյուր են վարակակիրները, տարածվում է կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով: Աղիքային վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ մի շարք այլ մանրէներ եւ վիրուսներ:

ԱՂԱՎՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Բ /ծ մայոր
Կենտրոնական պոլիկլինիկայի պետի
բժշկական գծով տեղակալ

ԴԻԶԵՆՏԵՐԻԱ

Սուր աղիքային վարակիչ հիվանդություն է: Բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով, ինչպես նաեւ այլ օրգան-համակարգերի երկրորդային ախտահարման երեւույթներով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, բացիլակիրը: Գաղտնի շրջանը կարող է տեւել մինչև 7 օր, արտահայտվում է գլխացավով, գլխապտույտով, ընդհանուր թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, դողով, սարսուռով, լուծով (արյունալորձային), նքոցներով, աղիների, հատկապես սիգմայի շրջանի կտրող ցավերով, փքվածությամբ, գազերի առկայությամբ, որովայնացավերով, ջերմության բարձրացմամբ: Լեզուն փառակալած է, ջրազրկման հետեւանքով շրթունքները ճաքճքված են, մաշկը չոր: Ախտորոշման նպատակով անհրաժեշտ է կատարել կղանքի բակ. հետազոտություն, լաբորատոր եւ օժանդակ այլ հետազոտություններ եւ նշանակել համապատասխան բուժում: Բուժման մեջ առաջնային տեղում է սննդային ռեժիմը (աղիքային սեղան, 2-3լ հեղուկներ օրվա ընթացքում), դեղորայքային բուժումը: Բուժումից հետո 6 ամիս հսկողություն, բակ. անալիզների հանձնում 3 ամիսը մեկ անգամ:

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է բնակավայրերի ջրամատակարարման եւ կոյուղու ցանցերի սանիտարական պայմանների խիստ հսկողություն սահմանել, պահպանել անձնական հիգիենան, սննդամթերքը ճիշտ մշակել:

ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ

Աղիքային սուր վարակիչ հիվանդություն է: Բնորոշվում է տենդով, ընդհանուր թունավորման երևույթներով, բակտերեմիայով, լյարդի, փայծաղի մեծացումով, էնտերիտով:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, բացիլակիրները: Վարակման հարուցիչները արտաքին միջավայր են ընկնում ֆեկալ (արտաթորանք) ճանապարհով: Տարածվում է վարակված սննդամթերքի (կաթ, սառեցված մսամթերք), աղտոտված ջրի, ճանճերի միջոցով: Որոշակի սննդամթերքներում տիֆի և պարատիֆի մանրէները պահպանվում են երկար տարիներ և նույնիսկ բազմանում են:

Հիվանդության առաջացման համար անհրաժեշտ է մանրէների որոշակի չափաբաժին: Հիվանդությունը զարգանում է, երբ ստամոքսաաղիքային համակարգ է անցնում 10 մլն-ից մինչև 1 մլրդ մանրէ: Տեղակայվում է բարակ աղիներում, որտեղ զարգանում է յուրահատուկ որովայնատիֆոզ էնտերիտ, ախտահարվում են աղիների լիմֆատիկ հանգույցները, որտեղից անցնում են մեզենտերալ լիմֆատիկ հանգույցներ, որտեղ և զարգանում է հարուցիչը: Այստեղից անցնում է արյան մեջ, որի ժամանակ և սկսում են զարգանալ հիվանդության արտահայտման առաջին կլինիկական ախտանշանները:

Կլինիկա – Գաղտնի շրջանը 1-3 շաբաթ (հաճախ 2 շաբաթ) է, որը պայմանավորում է օրգանիզմ թափանցած մանրէների քանակով: Սննդի միջոցով բռնկումների ժամանակ գաղտնի (ինկուբացիոն) շրջանը կարճ է, և հիվանդությունն ընթանում է ծանր: Հիվանդները նշում են թուլություն, հոգնածություն, ադինամիա, մշտական գլխացավ, ջերմության բարձրացում, 5-6-րդ օրը հասնում է գագաթնակետին: Աճում է թունավորման աստիճանը, բացակայում է ախորժակը, նկատվում է ցերեկային քնկոտություն և գիշերային անքնություն, զարգանում է մետեորիզմ: 7-9-րդ օրը հիվանդությունը հասնում է իր զարգացման գագաթնակետին: 60-80 տոկոս դեպքերում սկիզբը սուր է: Բնորոշ են ստամոքսաաղիքային համակարգի փոփոխությունները` չոր լեզու` մոխրագույն փառով, հաստացած, ատամների հետքերի առկայությամբ, որովայնը արտափքված, կույր աղու շրջանում կոպիտ գռգռոց, որը խոսում է հեղուկի կուտակման մասին (բարակ աղուց հեղուկի անցման մասին), լյարդի մեծացում:

Բուժում – հատուկ դիետա, հակաբիոտիկներ, ընդհանուր կազդուրիչ եւ ախտանշանային դեղամիջոցներ:

Բարդությունները – որովայնատիֆոզ խոցերի պերֆորացիա և աղիքային արյունահոսություն:

Կանխարգելում և միջոցառումներ օջախում.
* Ջրամատակարարման կետերում սանհիգիենիկ հսկողություն:
* Հսկողություն բոլոր սննդային օբյեկտների նկատմամբ:
* Կոյուղիների մաքրում:
* Պայքար ճանճերի դեմ:
* Սննդի, անձնական հիգիենայի պահպանում:
Ռեկովալեսցենտների մոտ կատարում են
* Մեզի և կղանքի բակտերիոլոգիական քննություն – հակաբիոտիկը փոխելուց և ջերմության իջեցումից հետո յուրաքանչյուր հինգերորդ օրը երեք անգամ:
* Դիսպանսեր հսկողություն – երկու տարի յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ մեզի և կղանքի բակտերիոլոգիական քննություն:
* Հիվանդների մեկուսացումը ավարտվում է ջերմության իջեցման հաջորդ օրը:

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ռազմական


15/08/2013