Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Անդրադառնանք պահակային ծառայությունում դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ու պլանավորման գործող կարգին: Դաստիարակչական աշխատանքը պահակային ծառայությունում կազմակերպվում և պլանավորվում է անձնակազմի զգոնությունը, կարգապահությունը պահպանելու, ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:

Դաստիարակչական աշխատանքը պահակային ծառայությունում իրականացվում է երեք փուլերով.

Նախապատրաստական փուլում`
– իրականացվում է պահակախմբի ընտրություն և բաշխում,
– անձնակազմի համար անցկացվում են անհատական և խմբային զրույցներ,
– նշանակվում և հրահանգավորվում է պահակախմբի ակտիվը, յուրաքանչյուր հերթափոխի իրազեկիչը և մարտական թերթիկի խմբագիրը,
– անձնակազմն իրազեկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ և 373-րդ, ինչպես նաև ԶՈՒ Կ ու ՊԾ կանոնագրքի համապատասխան հոդվածների և այլ օրինազանցությունների դեպքում պատասխանատվության կրման կարգի մասին,
– բժշկի մասնակցությամբ անցկացվում է անձնակազմի հոգեբանական հետազոտություն,
– պահակապետը հրահանգավորվում է դաստիարակաչական աշխատանքի կազմակերպման առնչությամբ:

Ծառայության կատարման ընթացքում`
– ստորաբաժանման հրամանատարը և ԱՀՏԱ գծով տեղակալը վերահսկում են պահակային ծառայությունում իրականացվող դաստիարակչական աշխատանքների կատարումը,
– պահակապետը և իրազեկիչներն անձնակազմին տեղեկացնում են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին,
– մարտական թերթիկներում արտացոլվում է պահակային ծառայության ընթացքը,
– անձնակազմի զգոնության ու կարգապահության ապահովման նպատակով ծառայությունն ստուգող պահակապետն արթուն հերթափոխի համար անցկացնում է անհատական և խմբային զրույցներ.
– պահակապետը (պահակապետի օգնականը) վերլուծում է յուրաքանչյուր հերթափոխի կատարած ծառայությունը, նշում դրական կողմերը և թերությունները,
– արթուն հերթափոխի անձնակազմի համար կազմակերպվում է թերթերի, ամսագրերի ընթերցանություն:

Պահակային ծառայության հերթափոխից հետո`
– ստորաբաժանման հրամանատարն ամփոփում է պահակային ծառայության արդյունքները, որոնց ժամանակ մարտական առաջադրանքը կատարած յուրաքանչյուր զինծառայողի անհրաժեշտ է գնահատել համապատասխան չափանիշներով, վերլուծել թերությունները, դրանք ծնող պատճառները, բացատրել բացասական երևույթներ ծնող պատճառների վերացման ուղիները, խրախուսել աչքի ընկած կամ, ընդհակառակը, պարսավանքի ենթարկել ծառայության ընթացքում թերացած զինծառայողներին,
– հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն ամփոփում է պահակախմբի ակտիվի աշխատանքի արդյունքները,
– պահակային ծառայության արդյունքները հետագայում արտացոլվում են պատի թերթում:

Դաստիարակչական աշխատանքը պահակային ծառայությունում արդյունավետ կազմակերպելու համար խորհուրդ է տրվում պահակատանն ունենալ,
– ականջակալներով ռադիոհեռարձակման կետեր,
– գրադարան (առնվազն 5 կտոր),
– թերթակապեր (լրագրեր),
– սեղանի խաղեր (շախմատ, շաշկի և նարդի),
– պահակատան դիդակտիկ վահանակների /պաստառների/ ընդհանուր լրակազմը:

Պահակային ակտիվի լիարժեք աշխատանքի համար յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ունենա թղթապանակ, որը պահակային ծառայության անցնելու դեպքում մշտապես պետք է համալրվի անհրաժեշտ նյութերով` մարտական թերթիկներով և դրանց ձևակերպման համար նախատեսված պարագաներով: Զինծառայողներից նշանակված ակտիվը պատասխանատու է մարտական թերթիկների լույսընծայման համար: Պետք է հիշել, որ մարտական թերթիկների հրատարակումը ստեղծագործական աշխատանք է, և այդ նպատակի իրականացման համար պահանջվում է նյութերի, փաստերի, իրադարձությունների, աչքի ընկած զինծառայողների, ինչպես նաև ետ մնացողների մասին տեղեկությունների հավաքում, վերլուծություն և հրապարակում: Անհրաժեշտ է նաև հիշել, որ մարտական թերթիկը պատրաստի դեղատոմս չէ և պիտանի չէ կրկնօրինակման համար, այլ միայն կարող է ունենալ կողմնորոշիչ դեր: Սովորաբար մարտական թերթիկներում պարբերաբար լուսաբանվում են պահակային ծառայության գերազանց կատարման օրինակները, կանխարգելիչ խորհուրդներ են տրվում տեղում կամ այլ զորամասում պահակային ծառայության ընթացքում կատարված խախտումներից, դժբախտ դեպքերից ու թերություններից, չկրկնելու համար, բացատրվում է, թե ինչով է վտանգավոր զգոնության թուլացումը:

Պահակային ծառայության դաստիարակչական աշխատանքի միջոցառումները պետք է արտացոլվեն պլանում: Պլանը մշակում է այն ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, որն անցնելու է պահակային ծառայության: Պլանը հաստատում է համապատասխան ստորաբաժանման հրամանատարը:

Շարունակելի

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ռազմական


15/08/2013