ԵԶՆԱԳՈՄԵՐ-ՂԱՐԱՔԵՇԻՇ
Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվում եմ 1996 թվականից և այս տարիների ընթացքում հաջողվել է հայտնաբերել 5 հնամենի՝ անտիկ և միջնադարյան ամրոցների ավերակներ, դամբարաններ, բնակատեղիներ, խաչքարեր, արձանագիր քարարձաններ, որոնց շարքերը տարեցտարի ավելանում են, ինչը լավագույնս վկայում է, որ պատմական Աղահեճքը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը, հազարամյակներ ի վեր եղել է բազմամարդ, մշակութային երկիր, և այստեղ ապրել ու արարել են մեր նախնիները:
Միրիկի կիկլոպյան ամրոցը հայտնաբերելուց հետո մեզ սպասում էր մի նոր անակնկալ՝ Եզնագոմեր գյուղի մոտակա բլուր-ամրոցը: Եզնագոմեր գյուղը գտնվում է շրջանի հյուսիսային ամենաբարձր մասում՝ ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա՝ ալպիական գոտում: Բնակավայրի մասին հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն»-ում, ըստ որի՝ այս գյուղը գտնվում է Հակ և Սպիտակաջուր գյուղերի մեջտեղում և ներառված է Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում, որը վճարել է 6700 միավոր պտղահարկ: Հայաթափ լինելուց հետո Եզնագոմերն անվանվել է Ղարաքեշիշ, այսինքն՝ Սև տերտեր, իսկ խորհրդային շրջանում անվանակոչվել է Լենինքյանդ: Մինչև վերջերս գյուղի նախկին գյուղխորհրդի շենքի մոտ ընկած էր Լենինի արձանի գլուխը:
Գյուղում պահպանվել են 2 հնամյա տներ, որոնցից մեկն ունի 2 սենյակ, թաղակապ է, պատերն ունեն 1 մետր հաստություն, շարված են անտաշ քարով: Սենյակներն ունեն բուխարիկներ, դռների և պատուհանների անկյունաքարերը սրբատաշ են: Պատերը ներսի կողմում ունեն պահարան-խորշեր: Բռնազավթումից հետո շինությունն օգտագործվել է որպես բնակարանի օժանդակ մաս և կոչվել է «Ասլի-Քյարամ քիլիսա» այսինքն՝ Ասլիի և Քյարամի եկեղեցի: Սամվել Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում տեղեկացնում է, որ շինությունը 17-18-րդ դարերի կառույց է և քիլիսա-եկեղեցի է կոչվում, քանի որ, մինչև գյուղի հայաթափվելը, պատկանել է կա՛մ հայ տանուտիրոջը, կա՛մ տերտերի:
Վերջերս 2 անգամ եղանք Եզնագոմերում, գիշերեցինք դպրոցում: Հիշեցի պապիս՝ Գորգի Ալվանդյանին, որ լավ հեքիաթասաց էր և պատմում էր նաև «Ասլի և Քյարամ» ավանդապատումը՝ երբեմն կատարելով նաև երգեր: Ինչպես հայտնի է՝ Ասլին (Մարիամը), քրիստոնյա էր՝ տերտերի աղջիկ, իսկ Քյարամը մահմեդական էր: Նրանք սիրում էին իրար, սակայն կրոնական տարբերությունը պատճառ է դառնում նրանց կործանմանը: Մի երգում Քյարամը բողոքում է, որ Ասլին քրիստոնյա է՝ տերտերի աղջիկ, իսկ ինքը՝ ոչ, և չգիտի՝ ինչպես անի, որ հասնեն իրար: Ըստ սիրավեպի՝ հայ տերտերը տարբեր միջոցներով ու խարդավանքով չի թողնում, որ իր աղջիկն ամուսնանա մահմեդականի հետ:
Ի հիշատակ այս դժբախտ սիրո՝ մահմեդականները հայ տերտերին անվանել են Ղարա-սև քեշիշ-տերտեր, այսինքն՝ չար տերտեր: Գյուղն էլ հայաթափումից հետո տերտերի «պատվին» կոչել են Ղարաքեշիշ:
***
Սպիտակաջուր տանող ճանապարհի ձախ կողմում դաշտամիջյան արահետը ձգվում է դեպի բավականին մեծ տարածք գրավող ու հարևան բլուրների համեմատությամբ բարձր սարը: Ըստ Գագիկ Սարգսյանի՝ այստեղ նույնպես պետք է ամրոցի ավերակներ լինեն, որի հյուսիսարևելյան կողմում հսկայական քարերի ահագին քարակույտ է: Սարի գագաթին մեծ-մեծ քարերով կառուցված շինությունը հազարամյակների ընթացքում քանդվել է, բայց հատակագիծը պատկերավոր երևում է: Շուրջը դարձյալ ավերակ շինություններ են:
Հարավարևմտյան կողմով ձգվում է կիկլոպյան ամրոցի երբեմնի կանգուն ու անառիկ, այժմ տեղ-տեղ մինչև հիմքը քանդված, տեղ-տեղ կիսով չափ կանգուն մի քանի հարյուր մետր ձգվող պարիսպը՝ կառուցված անտաշ ու մինչև մի քանի տոննա կշռող քարերով: Հիմնական մուտքը հարավարևմտյան կողմում է: Կիկլոպյան պարիսպը՝ տեղ-տեղ մինչև 4-5 մետր բարձրությամբ, ձգվում է նաև այստեղով: Հարավարևելյան լանջին նկատվում են հինավուրց շինությունների ավերակները, իսկ դիմացի՝ ավելի ցածր բլրալանջերին դամբարաններ են:
Բերդաբլուրը ստորոտում շրջափակված է պարսպի հետքերով: Այստեղից երևում է, որ ամրոցն ունեցել է շատ կարևոր պաշտպանական նշանակություն, պարիսպները մի քանի տակ եզերել են միջնաբերդը: Հզոր միտք պետք է ունենալ, որպեսզի նման ամրոց կառուցելու համար: Ուրեմն հազարամյակներ առաջ այստեղ հզոր տիրակալներ են եղել, տիրել են մեծ հարստության և մարդկային ուժի, ամրոցներ են կառուցել, զորք ու բանակ պահել:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Հոգևոր-մշակութային