Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՔԱՐՔԱՐՈՏ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ…»



Լիճք գյուղի համայնքապետ, Արցախյան ազատամարտի մասնակից ԳՆԵԼ ԳԱՌՆԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ծնվել է Մարտունու շրջանի Լիճք գյուղում, 1959թ. հունիսի 26-ին: 1988թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Համագյուղացի Մայիս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ կազմավորել են գյուղի կամավորական ջոկատը:

Սկզբում Մարտունու կամավորական ջոկատի, այնուհետև նոր կազմավորված Հատուկ գնդի 5-րդ, ապա 4-րդ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը՝ Վարդենիս, Նոյեմբերյան, Կրասնի…, մասնակցել Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրական մարտերին:

1995թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ գնդի 4-րդ գումարտակի շտաբի պետ:

1997թ. զորացրվել է «կապիտանի» զինվորական կոչումով:

Պարգևատրվել է կառավարական և գերատեսչական մեդալներով:

Հայկական տոհմիկ դիմագծեր` պարզ ու լուսավոր: Անհանգիստ հայացքում` հուշի այրող կրակներ…

-Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները,- հարցնում եմ:

-Մեր` լիճքեցիներիս պապերը գաղթել են Ալաշկերտից: Պատվախնդիր, համառ, համարձակ են եղել. մայրական պապս՝ Պողոսի Սուքիասը, հայտնի զինագործ էր: 1828թ. եկել, հաստատվել են Սևանա ծովակի ափամերձ այս գեղեցիկ վայրում: Տեղի ճահճապատ լինելու պատճառով գյուղն սկզբում կոչվել է Գոլ: Նախնիներից ժառանգած համառության, ընդվզող խառնվածքի համար մերոնց կոչել են հոշարի գոլեցի, այսինքն` խենթ, հանդուգն:

Հատկանիշներ, որոնք ցայտուն դրսևորվեցին Արցախյան ազատամարտի տարիներին, առավելապես` Քարվաճառի, Օմարի համար մղվող մարտերի օրհասական պահերին:

-Տարիների հեռվից ի՞նչն է, որ հաճախ եք հիշում, ինչպիսի՞ն էր սկիզբը…

-Շարժումը երբ սկսվեց, գյուղով, շրջանով զգացինք՝ ինչ է կատարվում, և որ պետք է պատրաստ լինենք անկանխատեսելիին: Մարտունեցիները հիմնականում էրգրից գաղթածների շառավիղներն են, և նրանց հոգում վերստին արթնացավ վատթարագույնին դիմակայելու բնազդը: Մեր մտավախություններն անհիմն չէին: Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հեղվեց անմեղ հայերի արյունը՝ 1915թ. ցեղասպանության հայտնի ձեռագրով: Ալեկոծ այդ օրերին ոտքով հասանք Սևան, Երևան, կոչերով դիմեցինք հանրապետության ղեկավարությանը` կրեմլյան ատյաններից պահանջելու ամենաթողության դեմն առնելու կտրուկ միջոցներ: Հասկանալի էր, որ միայն արդար պահանջատիրության կոչերով, հանրահավաքներով հնարավոր չէ վերականգնել արդարությունը, լուծել բոլշևիկների կամքով նորաստեղծ Ադրբեջանին բռնակցված հայոց Արցախի հիմնախնդիրը: Համագյուղացի Մայիս Հովհաննիսյանի ղեկավարությամբ կազմավորվեց Լիճքի կամավորական ջոկատը: Ներգրավվեցինք Հայ դատի Մարտունու շրջանի մասնաճյուղի աշխատանքներում, որ 1989թ. ղեկավարում էր Թաթուլ Կարապետյանը:

-Կարծում եմ՝ տեղին է նշել նրանց անունները, ովքեր առաջինն ընդգրկվեցին ջոկատում:

-Սկզբում Լիճքից ինը հոգով էինք՝ Մայիս Հովհաննիսյան, Հարություն Մկրտչյան, նրա եղբայրը՝ Համլետ Ավետիսյան, Սուքիաս Մնացականյան, Միշա Ալեքսանյան, Նվեր Հարությունյան (Չերչիլ), Նորիկ Փալիկյան (Չաուշ), Սահակ Սիրականյան (համեստորեն չհիշատակեց իր անունը): Նրանք հավասարակշռված, կայացած տղաներ էին, գիտեին՝ ինչ է նշանակում հին որսորդական հրացանով կանգնել խորհրդային զորքի աջակցությունը վայելող ադրբեջանական օմօն-ի դեմ: Ի դեպ, իմը՝ հորս հինգփամփշտանոց հրացանը, եղածների մեջ առանձնանում էր: 1992թ. միայն ստացանք առաջին ավտոմատները, որոնք մեր անբաժան ուղեկիցն էին մինչև հրադադարը:

1992թ. Մարտունի ավանում Հարություն Հարությունյանի գլխավորությամբ կազմավորվեց Մարտունու շրջանի կամավորական ջոկատը: Սկզբնական շրջանում պահում էինք Վարդենիսի սահմանագիծը, հետո Նոյեմբերյանում էինք: 1992թ. Կրասնիի (այժմ՝ Կարմիրի) տեղամասում էինք. մի քանի ամիս պահում էինք սահմանային դիրքերը: 1993թ. ամբողջ տարին Քարվաճառում էինք: Մասնակցել ենք Լաչինի (շեշտում է՝ Լաչինի գործողությանն անձամբ չեմ եղել, բայց մտերիմ մարտընկերներս են մասնակցել են) Մարտակերտի, Դրմբոնի համար մղվող մարտերին: Այդ ժամանակ Մարտունու գումարտակի հրամանատարը Գեղհովիտ գյուղից Կորյուն Ասատրյանն էր (այժմ բնակվում է Էջմիածնին մերձակա Արաքս գյուղում): Սկզբում մեր գումարտակը Վարդենիսի գնդի կազմում էր, հետո Հատուկ գնդի 5-րդ, այնուհետև 4-րդ գումարտակն էր: Մեր պաշտպանական դիրքերը հիմնականում Քարվաճառում էին, Օմարի լեռնանցքում. կարելի է ասել՝ պահում էինք այդ տարածքի ամբողջ սահմանագիծը:

-Ովքե՞ր էին լավագույն կռվողները:

-Ընդհանրապես, Մարտունու ջոկատը մի մարդու պես էր, բոլորն էլ գաղափարի նվիրյալ մարտիկներ էին` ամեն դժվարություն հաղթահարելու պատրաստ, վստահությամբ ու հավատով էին միմյանց վերաբերվում: Չէին երկնչի ընկերոջ համար կյանքը զոհել: Ինչ հանձնարարություն ստացել ենք, կատարել ենք պատվով: Լավագույն կռվողներ էին Մայիս Ավետիսյանը (Ալազան Մայիս, մահացավ 2012թ.), Վարազդատ Մաթոսյանը, Կամո Գասպարյանը, Գագիկ Մլամյանը, Սամվել Մկրտչյանը (ՈՒզբեկ), Լևոն Իվանյանը, Հռիփսիմե Աթոյանը, Ալբերտ Հարությունյանը (Գյուլաբ), Երանոսից՝ Ռաֆիկ Բարբառյանը (Դուշման Ռաֆո, 1994թ. զոհվեց ականի պայթյունից): Բոլորին չես թվարկի, ինչպես ասացի՝ բոլորն էլ նվիրյալներ էին: Նրանք, որ այսօր ապրում են, պատրաստ են հայրենիքի կանչով կրկին կանգնել առաջնագծում:

-Ազատամարտի թեժ կռիվներում հաղթանակած լիճքեցին այսօր ի՞նչ զգացումով է բանակ ճանապարհում զավակին, թոռանը:

-Բանակից խուսափելու հոգեբանությունը խորթ է լիճքեցուն, և զավակներին հայրենիքը պաշտպանելու է ճանապարհում հանդիսավորությամբ` իր կենսափորձով հաստատված խրատներով, օրինակ բերելով լիճքեցի մարտիկների խիզախությունը, նեղ պահին ընկերոջը զորավիգ լինելու մղումը:

-Որպես նախկին ազատամարտիկ և հայոց բանակի սպա` ի՞նչն եք կարևորում նորօրյա հայ զինվորի նկարագրում:

-Առաջինը՝ կարգապահությունն ու հայրենիքի հանդեպ սերը և իհարկե՝ զենքին կատարելապես տիրապետելը: Բոլոր ժամանակներում հայ ռազմիկին բնորոշ են եղել խիզախությունը, հավատարմությունը: Այդ մասին բազմաթիվ հիշատակություններ կան հայ և այլազգի պատմիչների գրվածքներում: Զինծառայությունը մարդու կյանքում ինքնահաստատման փորձաշրջան է: Ավագներն իրենց բանիմացությամբ, արհեստավարժությամբ պետք է ուղղորդեն երիտասարդներին, աջակցեն, որ ծառայությունն անցնի առանց բարդությունների, առավել ևս՝ անհեթեթ, անտեղի փորձանքների… Կարևորում եմ հրամանատարի վերաբերմունքը: Ավագ եղբոր հոգեբանությամբ պետք է վերաբերվել զինվորին: Ինչպես հմուտ հացթուխն է խմոր հունցում, շաղախում և անուշաբույր հաց թխում, այնպես էլ իսկական հրամանատարը կարող է ոչնչով աչքի չընկնող նորակոչիկի էության մեջ կամային այնպիսի որակներ արթնացնել, որ ծնողը զարմանա, հիանա ու շնորհակալ լինի: Երբ գումարտակի շտաբի պետ էի, զինվորներին վերաբերվում էի որպես հարազատի: Արել եմ հնարավորինը, որ նրանց ծառայությունն անցնի առանց դժվարությունների, որ ծառայեն արժանապատվորեն, նժդեհյան հայրենապաշտության մղումով և բացճակատ վերադառնան հայրենի տուն՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին:

-Այսօր ոմանք հեռանում են Հայրենիքից…

-Հասկացա ակնարկը: Մեր գյուղը մեծ է, շատ բնակչություն ունի: Արտագնա աշխատանքի մեկնողներ կան, աշխատում են, վերադառնում տուն: Հնարավորինն անում եմ, որ գյուղի կենցաղային պայմանները բարելավվեն: Վերջին տարիներին ասֆալտապատվել են գյուղամիջյան ճանապարհները, վերակառուցվել է 1950-60-ականներին անցկացված խմելու ջրագիծը: Համայնքի ուժերով կառուցվում է գյուղի եկեղեցին: Ընթացքի մեջ է համաբուժարանի (ամբուլատորիայի) շենքի շինարարությունը: Գումար չլինելու պատճառով դեռևս անավարտ է մշակույթի տան շինարարությունը, անհրաժեշտ ֆինանսներ հայթայթելու խնդիր կա: Դժվարությունները վկայակոչելով` հայրենիքից հեռանալը ելք չէ: Իմ հայրենիքի քարքարոտ արահետներն ավելի կանչող են աշխարհի ամենակուլ ճամփաներից:

-Զրույցի սկզբում ասացիք` դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ամուսնացել եք:

-Լուսաբերը մեր դասարանից էր, միասին էինք սովորում…Այժմ ունենք երկու զավակ, չորս հրաշալի թոռնիկ: Որդիս՝ Գարիկը, ծառայել է եւ մարտական առաջադրանքը կատարելիս վիրավորվել է:

-Չորս հրաշալի թոռնիկ: Նրանց հետ խաղալիս, գգվելիս ի՞նչ եք մտորում:

– Խաղաղություն լինի աշխարհում, Արցախի հիմնախնդիրը լուծում ստանա, ապրենք ստեղծագործ աշխատանքով:

-Մի վերջին հարց: Ազատամարտիկ Գագիկ Կրպեյանը գամված է հաշմանդամի շարժասայլակին…Երեխաներ ունի՞:

-Երեքը: Որպես մարտական ընկեր՝ հոգուս պարտքն է օգնել նրան: Միայն Գագիկը չէ, 42 տղաներ են հաշմանդամ դարձել ազատամարտի տարիներին:

-Կռված տղաների խոսքն է` մարտադաշտում ավելի հեշտ էր, քան խաղաղ կյանքում: Մաղթում եմ՝ բազմապատկվեն համայնքի ղեկավարի Ձեր հնարավորությունները, որպեսզի կարողանաք օգտակար լինել Ձեր մարտական ընկերներին և ամբողջ համայնքին:

Շնորհակալություն անմիջական զրույցի համար:

Զրույցը՝
ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն, Պատմության էջերից


15/08/2013