Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂԻ ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐԸ



Պետք է գոհունակությամբ նշել, որ չի լինում մի ամիս, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը չկազմակերպի որևէ հայրենասիրական միջոցառում` լինի այց սահմանամերձ զորամասեր, որտեղ վետերանները հերթափոխի են կանգնում զինվորների կողքին, թե այց սոցիալապես անապահով իրենց մարտական ընկերներին: Լինում են ամիսներ, երբ այդպիսի միջոցառումների թիվն անցնում է երեքից: Կազմակերպության նախագահ Յու.Միքայելյանն ու տեղակալ Ա.Մկրտչյանը ամբողջ պատերազմն իրենց ուսերին տարած մարտիկներ են և լավ գիտեն, թե ինչ ասել է ռազմահայրենասիրական դաստիարակություն և ոգևորություն, ոգեշունչ խոսք: Տեսնելով նրանց անաչառ ու հայրենաշունչ գործունեությունը` որոշ անհատ- ձեռներեցներ, կազմակերպության ղեկավարներ իրենց աջակցությունն են բերում Արցախյան պատերազմի վետերաններին:

Վերջերս էլ, երբ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանյան մասնաճյուղը (արտաքին կապերի ղեկավար Լուսինե Օհանյան) կազմակերպությանը տրամադրեց 200 զույգ ճտքավոր կոշիկ և 30 արկղ սննդամթերք, միության նախագահ Յուրա Միքայելյանն ու մյուս անդամները որոշեցին այն բաժանել սահմանամերձ գյուղերի դպրոցականներին: Մեկնեցին Տավուշի մարզի Մովսես և Տավուշ գյուղերը, որտեղ նրանց դիմավորեցին ազատամարտի իրենց ընկերները, մարզի ՂՊՎ միության կառույցի ղեկավար, պահեստազորի մայոր Արթուր Ադամյանը:

Դիմելով դպրոցականներին, հավաքված գյուղացիներին` Յուրա Միքայելյանն ասաց.

-Դուք իսկական հերոսներ եք, որ ապրում եք սահմանամերձ գյուղում, ամուր եք պահում մեր զինվորի թիկունքը, ավելի եք ամրացնում հայոց հողի սահմանները: Դուք իսկական ժառանգներն եք ձեր հերոս նախնիների:

Այնուհետև ելույթ ունեցան դպրոցականները, որոնք ասմունքով, երգ ու պարով մեծ ոգևորություն առաջ բերեցին ողջ համայնքով մեկ: Նրանք իրենց խոսքում հատկապես կարևորում էին այն փաստը, որ չպետք է մոռացվեն սահմանամերձ համայնքները:

Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանը, գյուղի` Պ. Ավալյանի անունը կրող միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը, Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արաքսյա Կլեկչյանը, դպրոցի զինղեկ Վարդան Մուրադյանը իրենց շնորհակալական խոսքից զատ, հիմնականում կարևորում էին սահման-թիկունք, բանակ-հասարակություն կապը, որը պետք է գործի հատկապես սահմանամերձ բնակավայրերի հետ: Միջոցառմանը մասնակցում էին զինկոմ Դերենիկ Պապյանը, գումարտակի հրամանատար Ռուբեն Պապյանը և Արցախյան պատերազմի մասնակից բազմաթիվ վետերան- հայորդիներ: Բնակիչներն, իրոք, ապրեցին ոգևորության, հուզմունքի պահեր:

-Հո չե՞ք վախենում թուրքից,- երեխաներին դիմեց ՂՊՎ միության նախագահ Յուրա Միքայելյանը:

-Թող նրանք վախենան, մենք հաղթել ենք, պետք լինի` էլի կհաղթենք,- եղավ պատասխանը:

Իսկ ուսուցիչները, բնակիչները պատմում էին, որ երբ կրակոց է հնչում, երեխաներն արդեն առանց սխալվելու որոշում են, թե ինչ զինատեսակից է այն արձակված:

Վերջում Ղարաբաղյան պատերազմի վետերանները եղան դիրքերում, որտեղ պայմանագրային ծառայություն էին տանում իրենց մարտական ընկերներն ու նրանց զավակները:

-Հողն ամուր է իր իսկական տերերի ոտքերի տակ, այսպես սերնդեսերունդ այս հողը մեզ են ավանդել մեր նախնիները, մենք էլ պարտավոր ենք նույնը անել,- հրաժեշտ տալիս ասացին տղաները:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն


15/08/2013