ԱՏՈՄԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ. Ո՞ՒԺ, ԹԵ՞ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ…
Օգոստոսի 6-ը «Աշխարհի բժիշկները միջուկային պատերազմի կանխարգելման համար» միջազգային շարժման գործադիր կոմիտեի որոշմամբ նշվում է որպես «Աշխարհի բժիշկները խաղաղության համար» միջազգային օր: Ռմբահարումից 10 տարի անց՝ 1955թ. օգոստոսի 6-ին, Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի արգելման առաջին միջազգային կոնֆերանսը, իսկ 1985թ. Խաղաղ օվկիանոսի հարավային մասը հայտարարվեց ոչ միջուկային գոտի (Ռարոտոնգի պայմանագիր):
1945թ. օգոստոսի 6-ին ամերիկացիներն ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա, օգոստոսի 9-ին` Նագասակի քաղաքների վրա: Զոհվածների թիվը Հիրոսիմայում կազմել է 90-ից 166 հազար, իսկ Նագասակիում` 60-ից 80 հազար: Վիրավորվել և ռադիոակտիվ ճառագայթում է ստացել 160 հազար մարդ: Սա մարտական գործողությունների ժամանակ ատոմային զենք կիրառելու առաջին և միակ փաստն է: Հիրոսիմայի վրա գցված ռումբը ուրանային լիցքով էր, որի տրոտիլային համարժեքը կազմում էր մոտ 20 հազար տոննա, իսկ Նագասակիինը` պլուտոնիումի լիցքով` նույն հզորությամբ:
Օգոստոսի 6-ին՝ ռմբակոծումից մեկ ժամ առաջ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ Պոլ Տիբեթսի հրամանատարությամբ գործող B-29 «Էնոլա Գեյ» ինքնաթիռ-կրիչից առաջ օդ բարձրացան եղանակի հետախուզման երեք ինքնաթիռներ: Ինքնաթիռ-կրիչից 6-7 կմ հեռավորության վրա թռչում էր միջուկային պայթյունի պարամետրերը գրանցող սարքավորումներով ինքնաթիռը, իսկ նրանից 70 կմ-ի վրա գնում էր ռմբակոծիչը, որը պետք է լուսանկարեր պայթյունը: Ճապոնիայի հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերում է ռմբակոծիչները, սակայն հակազդման միջոցների սակավության պատճառով Հիրոսիմայում հայտարարված օդային տագնապը չեղյալ է հայտարարվում, ճապոնական կործանիչները և զենիթային հրետանին լռում են: Առավոտյան ժամը 8:15-ին 10 հազար մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա է նետվում «Little Boy» (փոքրիկ տղա) անվանակոչված ատոմային ռումբը, որը պայթում է 600 մ բարձրության վրա: Պայթյունի էպիկենտրոնից 4 կմ շառավղով ժամեր շարունակ մոլեգնում էին հրդեհները, 12 քառ.կմ մակերեսով շինությունները ամբողջությամբ ավերվում են, 90 հազար տներից ոչնչանում են 62 հազարը: Երեք օր անց B-29 «Bockscar» ռմբակոծիչը (հրամանատար և օդաչու Չարլզ Սուինի) Նագասակի քաղաքի վրա է նետվում «Fat Man» (չաղլիկ) ատոմային ռումբը:
Միայն ամերիկացիները չէ, որ ատոմային զենքի էին տիրապետում: Այն, որ Հիտլերը փորձում էր ատոմային զենք ստեղծել, նորություն չէ: Ուրանի հարստացման համար առաջին ցենտրիֆուգը կառուցվել է դեռեւս 1942թ. դոկտոր Էրիխ Բագգեի կողմից, իսկ ատոմային զենքի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 1944թ. աշնանը՝ Րյուգեն կղզում: Պատերազմի ավարտից երեք շաբաթ առաջ Հիտլերը մտադիր էր Փարիզում և Լոնդոնում միջուկային պայթյուններ իրականացնել օդաչու-կամիկաձեների միջոցով, ինչպես նաև այդ միջոցով կասեցնել խորհրդային զորքերի առաջխաղացումը Արևելյան ճակատում:
Մինչդեռ պատերազմի սկզբնական փուլում ֆյուրերը Ստալինի նման չէր հավատում ատոմային ռումբի ահռելի հնարավորություններին, ուստի «Հրաշք-զենքի» նախագծի ֆինանսավորումն ավելացնելու հրաման է տալիս միայն 1943-ի վերջին, երբ արդեն շատ ուշ էր, գիտնականներին ժամանակը չբավականացրեց ուրանի անհրաժեշտ քանակություն հարստացնելու համար: Տեսնելով գերմանական զորքի անհաջողությունները՝ Հիտլերն սկսում է շռայլորեն ֆինանսավորել նոր զենքեր ստեղծելու բազմաթիվ ծրագրերը, ինչի շնորհիվ արդեն պատերազմի վերջին հայտնվում են «Ֆաու-2» բալիստիկ հրթիռները և ռեակտիվ ինքնաթիռները:
Միջուկային ֆիզիկայի շատ մասնագետներ վկայում են, որ Հիտլերի գիտնականներին հաջողվել է ստեղծել ավելի շուտ «կեղտոտ ռումբ», քան լիարժեք ատոմային, որն ունակ էր սպանելու 500 մ շառավղում գտնվող բոլոր մարդկանց և ռադիացիայով էապես «կեղտոտել» շրջապատը, սակայն Հիրոսիմայի պայթյունի հզորությանը չէր հասնի:
Մինչ օրս սուր բանավեճեր են ծագում ատոմային ռմբակոծումների միջոցով Ճապոնիային կապիտուլյացիայի ենթարկելու՝ ամերիկյան կողմի բարոյական արդարացումների շուրջ:
Ճապոնիան իր կապիտուլյացիայի մասին հայտնում է 1945թ. օգոստոսի 15-ին, որի մասին ակտը ստորագրվում է 1945թ. սեպտեմբերի 2-ին, ինչով էլ պաշտոնապես ավարտվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ի դեպ, ատոմային զենք կիրառելու հարցը ամերիկացիներն ու անգլիացիներն արդեն քննարկում էին 1944թ., իսկ 1945թ. մայիսին Նպատակակետերի ընտրման կոմիտեն որպես թիրախ առաջարկեց Կիոտո, Հիրոսիմա, Յոկոհամա և Կոկուրու քաղաքները: Նպատակակետի ընտրության հարցում մեծ նշանակություն էր տրվում հոգեբանական գործոնին. Ճապոնիայի նկատմամբ հարկավոր էր առավելագույնս հոգեբանական ներգործության հասնել: Ատոմային ռումբ ստեղծած գիտնականները առաջարկեցին նախ ցուցադրել ատոմային ռումբը, այնուհետև նախազգուշացնել Ճապոնիային, և եթե ճապոնական կառավարությունը չդադարեցներ պատերազմը, նոր միայն քննարկվեր ռումբ կիրառելու հարցը, այն էլ` միայն բրնձի դաշտերի և ծովի մակերեւույթի վրա (վերջինը պնդում էին նաև ամերիկացի զինվորականները):
Ռազմական տեսակետից ատոմային ռումբերի կիրառումն անիմաստ դաժանություն էր: Ուսումնասիրելով ճապոնական երկու քաղաքների ռմբակոծությունների հետևանքները՝ ԱՄՆ ռազմավարական ավիացիայի հրամանատարությունն ստիպված էր ընդունել, որ Ճապոնիայի վրա սովորական օդային հարձակումներն ընդհանուր առմամբ արդեն իսկ իրենց նշանակությամբ երեք անգամ գերազանցել էին ատոմային ռումբին: Նշենք, որ Ճապոնիայի խաղաղ բնակչության ոչնչացումը ամերիկացիներն իրականացրել էին նաև ատոմային ռմբակոծություններից առաջ: Մինչև 1945թ. օգոստոսը լայնածավալ օդային գործողության արդյունքում ոչնչացվում է շուրջ 60 քաղաք՝ ներառյալ Տոկիո և Կոբե քաղաքների այրող ռումբերով զանգվածային հարվածները:
ԱՄՆ-ում հաստատվել է այն պաշտոնական տեսակետը, թե «ռմբակոծումները հոգեբանական ճնշում գործադրեցին ճապոնական կառավարության վրա և օգնեցին ավարտել պատերազմն ամիսներ առաջ` դրանով իսկ փրկելով բազմաթիվ կյանքեր»…
ԱՄՆ նպատակն աշխարհաքաղաքական էր, սրանով հոգեբանական ազդեցություն գործադրվեց ողջ աշխարհի և նախևառաջ Ստալինի վրա, որպեսզի Պոտսդամի կոնֆերանսից անմիջապես հետո ցույց տրվի, որ նա չէ գլխավոր «տղան», և որ պետք է ավելի զիջող լինի աշխարհը վերաձեւելու հետպատերազմյան իր պնդումներում:
Պատրաստեց
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ