Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԲԱՆԱԿ



«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ամփոփում է այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի բնորոշմամբ` բանակում տարվող դաստիարակչական աշխատանքը, որքան էլ արդյունավետ լինի, բավարար չէ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։

-Տիկին Մարգարիտա, որքան էլ զարմանալի թվա, վերջին տարիներին արձանագրվում է բանակում մահվան ելքով դեպքերի նվազում, սակայն ակնհայտ է, որ ժողովուրդը (զինվորի ծնողը) որոշակի մտավախություն ունի՝ պարտադիր զինվորական ծառայության հետ կապված։ Վերջին հայտնի դեպքերը իրենց բացասական ազդեցությունն ունեցան բանակ-հասարակություն փոխըմբռնման վրա…

-Ես բանակի հետ եմ արդեն 17 տարի։ Բանակը գիտեմ ներսից, բանակի յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր առաջընթաց ու յուրաքանչյուր դրական քայլ եղել է իմ աչքի առաջ։ Ու ես պիտի միանշանակ ասեմ, որ բանակը երբեք զարգացման այսպիսի տեմպեր չի արձանագրել, ու երբեք զինվորի վիճակը այսքան շահեկան չի եղել, որքան այսօր։ Այսօր զինվորի համար ստեղծված են անվտանգ, ապահով ու բարեկեցիկ ծառայության բոլոր պայմանները։

– Բայց այսօր էլ բանակում զինվոր է զոհվում… և ոչ թշնամու գնդակից…

– Ես քիչ հետո կանդրադառնամ դրան, բայց թույլ տվեք շարունակեմ միտքս։ Զինվորը ունի շատ լավ սնունդ, հագուստ, բարեկեցիկ կենցաղային պայմաններ։ Զինվորին տրվում են մասնագիտական բարձր գիտելիքներ, որպեսզի նա կարողանա առավելագույն արդյունավետությամբ պաշտպանել իրեն և հնարավորինս անվտանգ պաշտպանել հայրենիքը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` դեմքով դեպի զինվորը շրջվելու կոչը միայն բարի ցանկություն չէր, նախարարը հետևողականորեն ստեղծեց բոլոր նախադրյալները, որպեսզի, իրոք, մենք ունենանք «զինվորակենտրոն» բանակ, որպեսզի բանակի ամենամեծ արժեքը լինի զինվորը։ Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ զինվորին ապտակելու համար սպաներ են դատապարտվում ազատազրկման. նախարարը կանգնեց զինվորի կողքին, և սա կտրուկ փոխեց զորքերում ներքին փոխհարաբերությունների տրամաբանությունը։
Երբ բոլոր հնարավոր միջոցներով փակվեցին զինվորից փող կորզելու ճանապարհները, երբ ժամկետային զինծառայողներին արձակուրդների տրման կարգը փոխվեց, երբ հետզհետե նվազեցվեցին զինվորների հանդեպ տարբերակված մոտեցումների հնարավորությունները, այս գործընթացները իրականացան առանց դիմակայության, չունեցան որևէ բացասական դրսևորում։ Նույնը չես ասի սպա-զինվոր փոխհարաբերությունները օրինականության դաշտ տեղափոխելու և բացառապես կանոնադրային բարքեր հաստատելու նախաձեռնության մասին։ Որոշ սպաներ (սպաների մի մասը) պատրաստ չէին (ու պատրաստ չեն) այս փոփոխությանը։ Այն սպաները, որոնք նախկինում իրենց ղեկավարած զինվորական կառույցում կարգուկանոն են հաստատել ոչ թե կանոնագրքի կանոններով, այլ ֆիզիկական պատիժներով, այսօր դժվարանում են կիրառել ընդունված դաստիարակության մեթոդները և զինվորի ֆիզիկական անձեռնմխելիության պայմաններում հաստատել պատշաճ կարգուկանոն։ Խնդիրը մի քանի կողմ ունի՝ որոշ սպաների մանկավարժական-հոգեբանական պատրաստվածության ցածր մակարդակը, հնի իներցիան, բանակ եկող զինվորի բարոյահոգեբանական վիճակը… Անկեղծ ասած (ցավով եմ ասում), պատահում են դեպքեր, երբ զինվորը ուրիշ ոչ մի լեզու չի հասկանում, բացի ֆիզիկական պատժից։

– Մի դեպք հիշեցի… զինվորը հայհոյել էր սպային, երբ վերջինս հրամայել էր նրան շարք կանգնել։ Բոլորի ներկայությամբ, շարքի առաջ։

– Որովհետև զինվորը գիտի, որ սպան չի համարձակվի ձեռք բարձրացնել իր վրա նույնիսկ հայհոյանքի համար։

– Սպան, որը ազատամարտիկի զավակ է և ութ տարի սահման է պահում, ապտակել էր զինվորին, ու ահա քրեական գործ էին հարուցել ու ազատազրկման էին դատապարտում նրան…

-Սպայակազմը պիտի կարողանա պատվով հաղթահարել այս փորձությունը։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ մեր հասարակությունը պատրաստ չէ սպա-զինվոր փոխհարաբերությունների այս ձևին, որովհետև նույն մեր զինվորները գալիս են մի հասարակությունից, որտեղ, մեղմ ասած, բարքերը այնքան էլ քաղաքակիրթ չեն, որտեղ կա դաստիարակվածության, հանդուրժողականության պակաս, ագրեսիա, խնդիրները ուժի դիրքից լուծելու մտայնություն… Եվ շատ դժվար է նման հասարակությունից եկած զինվորների շրջանում կարգուկանոն հաստատել բացարձակապես կանոնադրային մեթոդներով։ Բայց հետընթացն անհնար է, ու մեր սպաները պիտի կարողանան ստեղծել մեր երազած օրինական ու բարի բանակը։

-«Բարի բանակ» արտահայտությունը երբեք չէի լսել։ Տիկին Մարգարիտա, ինչո՞վ է պայմանավորված հասարակության այդքան բուռն արձագանքը բանակում մահվան ելքով դեպքերի կապակցությամբ։

-Այն, որ կան, բանակի դեմ աշխատում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խմբեր ու մարդիկ, անհերքելի է։

-Ինչու՞ բանակի դեմ և ոչ` հանուն զինվորի։

-Ո՛չ։ Բանակի դեմ։ Ես շատ լավ տարբերակում եմ՝ ինչ ասել է` բանակի դեմ և ինչ ասել է` հանուն զինվորի։ Ակնհայտ է, որ նրանց գործողությունները ոչ մի դրական ակնկալիք չունեն, դրանք միտված են ստեղծելու խուճապային տրամադրություն հատկապես զորակոչերի շրջանում, բանակի համալրումը ձախողելու անթաքույց մտադրությամբ։ Դրանք նպատակ ունեն բանակ-հասարակություն անջրպետ ստեղծելու և թուլացնելու բանակը։ Այդ խմբերը կատարում են որոշակի պատվեր։ Սակայն այդ մասին չեմ ուզում երկարացնել։
Կա նաև մեկ ուրիշ պատճառ, որը պետք է նշեմ անպայման։ Փոխվել է հասարակության պահանջը բանակի հանդեպ։ Գիտեք, ժողովուրդը շատ նրբազգաց է այդ առումով և հասկանում է ժամանակի ճշգրիտ պահանջը։ Եթե որոշ թերությունների, ձախողումների հետ կարող էր հարմարվել հինգ տարի առաջ, այսօր շատ բուռն է արձագանքում։ Նախկինում սպանությունների, ինքնասպանությունների, ինքնախեղումների թիվը շատ ավելի մեծ էր, բայց, ի տարբերություն անցյալի, այսօր ժողովուրդը չի համակերպվում նման երևույթների հետ։ Նա ուզում է բանակը տեսնել առանց զոհերի։ Ու այս հասարակական պահանջը չես կարող չկատարել։

-Այս տարի Ձեր ղեկավարած կառույցը մասնակցել է նաև զորակոչին։

– Ընդգրկված ենք եղել բժշկական հանձնաժողովների կազմում, նաև զինվորների ու ծնողների հետ հանդիպումներ ենք ունեցել զինկոմիսարիատներում։
Զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքը, իրոք, գոհացրեց մեզ, որովհետև հանձնաժողովներում ընդգրկված էին բանիմաց մասնագետներ, որոնք ամենայն բարեխղճությամբ ու սրտացավորեն զննում էին զինակոչիկներին և ամենաչնչին կասկածի դեպքում լրացուցիչ բուժզննության հնարավորություն էին ընձեռում նրանց։ Շատ կարևոր է, որ հանձնաժողովը աշխատում էր հօգուտ զինակոչիկի։ Այս մտայնությունը արմատապես փոխում է աշխատանքի որակը։ Մենք հանդիպումներ ենք ունեցել նաև զինակոչիկների և նրանց ծնողների հետ։ Ես կարծում եմ, որ մինչ օրս մարդիկ բանակի մասին անաչառ տեղեկություններ ստանալու խնդիր ունեն և անկեղծ, սրտացավ խոսքի ու քաջալերանքի կարիք։

– Թերևս ամենամեծ քաջալերանքը կլինի այն, որ նորընծա զինվորները զորամասում արժանանան պատշաճ ընդունելության, հոգատար վերաբերմունքի, լինեն պաշտպանված և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես, ապրեն բարեկեցիկ կենցաղային պայմաններում, և երբեք չոտնահարվի նրանց մարդկային արժանապատվությունը։

– Մեր շրջայցերը պարզեցին, որ մի շարք զորամասերում առկա խնդիրները գրեթե հաղթահարված են։ Գնդապետներ Ասատրյանի, Ամիրխանյանի, Գրիգորյանի, Մախսուդյանի հրամանատարությամբ գործող և մի շարք այլ զորամասերում կանոնադրային հարաբերությունները վերածվում են բարոյական արժեհամակարգի և ավանդույթի։ Այսինքն` խնդիրը հաղթահարելի է։

– Ի՞նչն է խանգարում այն լիովին հաղթահարել բոլոր զորամասերում։

– Որքան էլ զարմանալի թվա, ես պիտի առաջին հերթին մատնանշեմ սպայի սոցիալական վիճակը։ Նրանք աշխատում են առավոտից իրիկուն, մեծ լարվածությամբ, գերբեռնվածությամբ ու պատասխանատվությամբ։ Ես մտածում եմ` սովորական մարդը չի կարող սպա դառնալ, սա նվիրյալի աշխատանք է։ Այդ նվիրումն ու տքնանքը պիտի հավուր պատշաճի գնահատվեն և՛ նյութապես, և՛ բարոյապես։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/08/2013